Ապաչիների պարերը` Երեւանի Կասկադում

30/05/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Երեւան է այցելել ամերիկյան բնիկների` ապաչի հնդկացիական ցեղի պարային խումբը: «Դեղին թռչուն» անվանումը կրող խումբը ելույթ կունենա Կասկադի բացօթյա բեմում (մայիսի 27-ին), Արարատ (մայիսի 26-ին) եւ Գյումրի (մայիսի 29-ին) քաղաքների հրապարակներում: Համերգների մուտքն ազատ է լինելու: Ապաչիների յուրահատուկ պարի ու երաժշտության ներկայացումը նպատակ ունի Անդրկովկասյան պետություններին ցույց տալ ամերիկյան մշակույթի բազմազանությունը: Ռեզերվացիաներում` արգելոցներում ապրող 50 հազար հնդկացիների համար հինավուրց ու գեղեցիկ ավանդույթների ու մայրենի լեզվի պահպանումը սեփական ինքնությունը չկորցնելու միակ միջոցներն են: «Դեղին թռչունի» ղեկավարը, զտարյուն ապաչի Քեննեթ Դունկանը հրավիրված ասուլիսում հայ լրագրողներին ողջունեց ապաչիների լեզվով ու պատմեց իրենց ավանդույթների մասին. «Մենք աշխատում ենք չկորցնել մեր նախնիների մշակույթը, մեր թոռներն իրենց պապերի պարերն են պարում եւ երգերը երգում»: «Դեղին թռչունն» ընտանեկան խումբ է. խմբում երգում, պարում եւ նվագում են Ք.Դունկանի կինը, յոթ որդիներն ու դուստրը: «Կյանքը տոն է, իսկ պարելը` հաճույք»,- սա խմբի մոտեցումն է: Նրանց ծիսական պարերն անմիջական կապ ունեն Մայր հողի եւ բնության հետ: Ապաչիական պարերը գովաբանում են ծիածանը, որից որպես օրհնանք անձրեւ է սպասվում, երկնքում սավառնող արծվին, որը հնդկացիներին թույլ է տալիս հագուստների վրա իր փետուրներն օգտագործել, վայրի ցուլին, որը ոգեշնչում է որսի պատրաստվող տղամարդկանց: Եվ որպես առասպելական հիմք` նրանք պարում են օղակով պարը, որը ողջ մարդկության կյանքն է խորհրդանշում, որտեղ սկիզբն ավարտ է դառնում, իսկ ավարտը` սկիզբ, մահը` ծնունդ, եւ հակառակը: Եվ այդ հաջորդականությունը հավերժ է: «Դեղին թռչունի» անդամները` զբոսնելով Երեւանում, շատ նմանություններ են գտել մեր մշակութային խորհրդանիշերի մեջ: Մեր կարպետների վրա նրանք իրենց ծանոթ կյանքի հավերժության նշաններն են տեսել: Իսկ ամենայուրահատուկը նրանց համար մեր սարերն էին: «Պարզապես տուրիստի նման տեսարժան վայրեր այցելելն ինձ համար հետաքրքիր չէ, ավելի կարեւոր է հասկանալ` թե ի՞նչ նշանակություն ունի այս լեռը, գետը կամ ծառը մարդու համար: Չէ՞ որ մենք պետք է հասկանանք նրանց ոգին: Ես համոզվեցի, որ հայկական սարերը հայերի համար գրեթե նույն նշանակությունն ունեն, ինչ մեր սարերը մեզ համար: Մենք բոլորս քաղաքներում ենք ապրում, սակայն ծեսեր կատարելու համար սարեր ենք գնում եւ հետեւում լուսնի հուշումներին»,- ասաց խմբի ղեկավարը: Իսկ նրա որդին ներկայացրեց եղեգնից պատրաստված հնդկացիական սրինգը, որն իր սիմվոլիկ նշանակությամբ շատ նման է մեր դուդուկին, եւ որի օգնությամբ հնդկացի երիտասարդներն աղջիկներին են սիրահետում: Եվ եթե աղջիկն ընդունում է սիրահետումը, գետի մեջ տերեւներ է նետում: Բնությունը ներկա է հնդկացիների յուրաքանչյուր ծիսակարգում: Եվ բնության խնամքը նրանց դարավոր պատմության ու մշակույթի ամենավեհ իմաստնությունն է: