Վերջը փոխեցին

26/05/2006

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ-ում ԱՄՆ նոր արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնին առաջարկել է Ռիչարդ Հոգլանդին: Եվ ԱՄՆ Սենատում նրա թեկնածությունը հաստատվելուց հետո, ամենայն հավանականությամբ, օգոստոս ամսին ԱՄՆ նոր դեսպանն արդեն կժամանի Հայաստան: Նշենք, որ Հոգլանդն ԱՄՆ-ի դեսպանն է Տաջիկստանում: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, Հոգլանդը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասնագետ է եւ 20 տարուց ավելի աշխատում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում: Մինչեւ Դուշանբեում դեսպան նշանակվելը Հոգլանդը Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենն էր: Ռուսաստանի՝ Աֆղանստանում վարած պատերազմի տարիներին նա աշխատում էր ռուսներին ընդդիմացող ուժերի հետ: Ինչ վերաբերում է ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Էվանսին, ապա, ամերիկահայ մամուլի պնդմամբ, այլեւս չի աշխատելու Պետդեպարտամենտում: