Մաքսային պետական կոմիտեն լրատվամիջոցներից մեկին պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել 2004-2005թթ. եւ 2006թ. առաջին 4 ամիսներին Հայաստան ներմուծված բջջային հեռախոսների քանակի մասին: Սակայն, այդ ցուցակն ավելի շուտ վկայում է այս ոլորտի ստվերայնության շատ բարձր մակարդակի մասին: Այսպիսով, 2004թ. պաշտոնապես Հայաստան է ներկրվել 272 բջջային հեռախոս, 2005թ.` 8439, իսկ 2006թ. առաջին 4 ամիսներին` 2467: Այսինքն, վերջին 3 տարիներին Հայաստանի բջջային հեռախոսների թիվը շատացել է ընդամենը 11.178-ով: Առավել ծիծաղելի թիվ դժվար է պատկերացնել: Չէ՞ որ հենց այս ժամանակահատվածում մեր երկրում սկսվեց «բջջային բումը»: Վերջերս Համաշխարհային բանկը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություն էր կատարել, որում նշվում է, որ «ԱրմենՏելն» արդեն ունի շարժական հեռախոսակապի 205.000 բաժանորդ: 2004թ.-ից բջջային կապի շուկա մուտք գործեց 2-րդ օպերատորը` «Ղ-Տելեկոմը»: Ինչպես տեղեկացանք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, 2006թ. մարտի 10-ի դրությամբ «Ղ-Տելեկոմը» շարժական կապի գլոբալ համակարգի ծառայություններով զբաղեցնում է բջջային կապի շուկայի 52,7%-ը, այսինքն` ավելի շատ, քան «ԱրմենՏելը»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը միայն 2005թ. ավելացել է 100 հազարներով: Իսկ պաշտոնապես ներմուծված 11.780 բջջային հեռախոսների մասին իր տեղեկատվությամբ Մաքսային պետական կոմիտեն հավանաբար կատակել է կամ էլ «ձեռ է առել» կոռուպցիայի դեմ պայքարողներին:
Հիշեցնենք, որ 3 օր առաջ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազ Համլետ Հովսեփյանն ազատվեց աշխատանքից այն պատճառով, որ իր որդին` Վարդան Հովսեփյանը «հանդգնել» էր մաքսանենգ ճանապարհով ավելի շատ բջջային հեռախոս ներմուծել, քան իրեն թույլատրված էր: Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով, պատժվել են նաեւ Մաքսային կոմիտեի մի քանի աշխատակիցներ: