Երկարատեւ փնտրտուքներից հետո իշխանություններին հաջողվել է գտնել մեկին, ով ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի` խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո կհամաձայնի զբաղեցնել նրա տեղը: Եվ ինչպես կռահում եք, այս անգամ եւս ՕԵԿ-ի` կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո ազատված պաշտոնը զբաղեցնել համաձայնել է Միավորված աշխատանքային կուսակցությունը: Մեր տեղեկություններով, ԱԺ փոխնախագահ է դառնալու ՄԱԿ կուսակցության փոխնախագահ Գրիգոր Ղոնջեյանը: Երբ այս տեղեկատվությունը պարզելու համար զանգահարեցինք Գ. Ղոնջեյանին, վերջինս խիստ բարկացավ, քանի որ մենք համարձակվել էինք «երեկոյան ուշ ժամի (ժամը 21-ի սահմաններում) մտնել նրա անձնական կյանքի մեջ ու խանգարել նրա հանգիստը»: Երեւի նրան թյուր ինֆորմացիա են տվել, որ ԱԺ փոխխոսնակներն անձնական կյանքի ու հանգստի համար ժամանակ չունեն, ու նա որոշել է հիմիկվանից պաշար հավաքել: