Եթե ԱԺ այս քառօրյայի առաջին նիստում Արթուր Բաղդասարյան-Արտաշես Գեղամյան հակամարտությունը ավելի շատ լաչառ լեզվակռիվ էր հիշեցնում, ապա նախօրեին, հայտարարությունների ժամին ԱՄ-ՕԵԿ փոխհրաձգությունը դուրս եկավ քաղաքակրթության շրջանակներից` վերածվելով փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների:
Ամենամեղմ արտահայտությունը, որ հնչեցրին հակամարտողները, դա «ծախված» կամ «ոչխար» բառերն էին: Այս ամենից հետո ՀՀ քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ԱԺ-ն որակելով որպես ախոռ, հայտարարեց, թե տեղի ունեցողը 2-3 հոգու կողմից կազմակերպված մի սցենար է, համաձայն որի` հրապարակային քաղաքական գործիչները պետք է ոչնչացնեն միմյանց: Ի՞նչ սցենարի մասին էր ակնարկում Հմայակ Հովհաննիսյանն, ու ովքե՞ր են այդ սցենարի հեղինակները: Մեզ հետ զրույցում, մանրամասնելով իր հայտարարությունը, Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքական դաշտում ընթացող գործընթացներն ուղղորդվում են «ավտորիտար ռեժիմի» կողմից: Իսկ արդյունքում ամենամեծ շահողը Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է, ում ժամանակին քաղաքագետը որակել էր որպես «Ֆուշե»:
«Իշխանական վերնախավում այսօր երկու հնարավոր սցենարներ են դիտարկվում. մեկը` պետք է ոչնչացնել վիրավորված գազանին, քանի որ նա շատ վտանգավոր կարող է լինել: Արթուր Բաղդասարյանը աբիժնիկ է, որը կորցրել է իշխանությունը: Եվ դրա համար նրա մեջ մեծ դառնություն ու մաղձ կա, որը նպաստավոր իրավիճակի դեպքում կարող է արտահայտել: Ուստի այդ պատճառով նրան պետք է քաղաքականապես հիմնահատակ ոչնչացնել: Իսկ երկրորդ սցենարը` Ա. Բաղդասարյանն ընդդիմադիր դաշտում այնպիսի մարտահրավերների է բախվել, այնպիսի վատ վերաբերմունքի է արժանացել, որ նրա աչքին իշխանությունների հետ կռիվ տալը չի երեւա: Եվ ստիպված լինելով պաշտպանվել, նա, իշխանության համար պրոբլեմ ստեղծելու փոխարեն, կփորձի թեժացնել ընդդիմադիր դաշտը,- ասում է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը եւ ավելի պատկերավոր ներկայացնելու համար համեմատություններ անում,- Արթուր Բաղդասարյանին գցել են որոշակի ակոսի մեջ, ինչպես սահնակային սպորտում, եւ սահնակն այդ ակոսով գահավիժում է դեպի վար: Նա չի կարող այդ ակոսից շեղվել ոչ աջ, ոչ էլ ձախ: Լավագույն դեպքում նա կարող է ազդել արագության վրա»: Սակայն, նրա խոսքերով, այս երկու սցենարների վերաբերյալ իշխանական դաշտում դեռեւս չկա միասնական պատկերացում: Եվ բոլորովին վերջերս իշխանության մեջ եղած Արթուր Բաղդասարյանը, ով եւս լավ գիտի այդ սցենարների մասին, մեծ պատրաստակամությամբ նետվել է Արտաշես Գեղամյանի դեմ պայքարի` իրեն քաղաքականապես ոչնչանալուց փրկելու համար: «Արթուր Բաղդասարյանն այդ ընդհարումով ազդանշան է ուղարկում Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին եւ հասկացնում, որ ընդդիմադիր դաշտում ինքը պատրաստ է կատարելու «Ազգային Միաբանության» հակակշռի դերը: Եվ այդ առումով կարող է օգտակար լինել նրանց` ԱՄԿ-ի կրակակետերը լռեցնելու հարցում: Մյուս կողմից՝ Արտաշես Գեղամյանն ընդգծված ձեւով ազդանշաններ է ուղարկում Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին` հասկացնելով, թե Բաղդասարյանին իմ դեմ հակակշիռ օգտագործելու դեպքում նետերը շատ, ավելի շեշտակի ուղղելու եմ ձեր կողմը: Իսկ այդ պարագայում Արթուր Բաղդասարյանը դառնալու է մեծ գլխացավանք. Արթուրին քլնգելով կքլնգեմ ձեզ, ավելին, Ա. Բաղդասարյանին այնպիսի իրավիճակի մեջ կդնեմ, երբ ինքը եւս ստիպված կլինի կրակահերթեր արձակել ձեր ուղղությամբ` ապացուցելու, որ իսկական ընդդիմադիր է»,- այսպես է հիմնավորում Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինիս կարծիքով, եթե այդ մենամարտում Արթուր Բաղդասարյանը կարողանա Գեղամյանին քաղաքական նոկաուտի ենթարկել, ապա իր հաղթանակով իշխանություններին կապացուցի, որ միանգամայն օգտակար է ընդդիմադիր դաշտում խաղալու համար, եւ նրան ձեռք չեն տա: «Թեեւ, համոզված եմ, որ այս երկու մենամարտողներից ոչ մեկին էլ հնարավորություն չեն տա միմյանց հանդեպ հաղթանակի հասնելու համար»: Փոխարենը, Հ. Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, իշխող կուսակցությունների մեջ եղած «բիզնես էլիտան», որ մինչ այդ միշտ եղել է երկրորդական դերում, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձելու է քաղաքական առաջնայնություն ստանալ: «Բիզնես էլիտան ամեն կերպ փորձում է դուրս մղել քաղաքական վերնախավին եւ ձերբազատվել հրապարակային քաղաքական գործիչներից: Արթուր Բաղդասարյանի հետ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է, երբ բիզնես էլիտան, դուրս գալով ՕԵԿ-ից, որոշեց ձեւավորել առանձին խորհրդարանական խումբ, այսինքն` քաղաքական միավոր: Այս ամենը իշխանությունների` ամբողջատիրական համակարգի մտածելակերպով առաջնորդվելու հետեւանք է, այն համակարգի, որի մասին խոսում էր Ջորջ Օրուելը` իր «Անասնաֆերմա» վիպակում»,- գտնում է Հ. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ ««Օրինաց երկրի» թերմացքը Միավորված աշխատանքային կուսակցությանը թողնելը» դրա վառ ապացույցն է:
Ապացուցելու համար, որ Արթուր Բաղդասարյանն այսօր խաղում է իշխանությունների հետ, Հմայակ Հովհաննիսյանը բերում է մեկ այլ օրինակ: Ըստ նրա, Ա. Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը չպետք է հրաժարվեին իրենց պաշտոններից: «Անձամբ ես ողջունում եմ Ա. Բաղդասարյանի ընդդիմադիր դառնալը: Բայց, չգիտես ինչու, նա չի ցանկանում, որ ընդդիմադիր դաշտն ուժեղանա, այսինքն` ժողովրդից ստացած իր օժիտն իր հետ ընդդիմադիր դաշտ չի բերում: Ընդդիմադիր դաշտ չի բերում ԱԺ նախագահի լծակը, ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների լծակը: Ինչո՞ւ է նա այդպիսով ծառայություն մատուցում Ռոբերտ Քոչարյանին ու լավություն անում մեր քաղաքական հակառակորդներին»,- հարցնում է Հ. Հովհաննիսյանը:
Ինչեւէ, մինչ նա ՕԵԿ-ից կստանա իր հարցերի պատասխանները, երեկ Հ. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե իր կանխատեսմամբ, այսքանից հետո, Արթուր Բաղդասարյանը կարո՞ղ է ՀՀ հաջորդ նախագահը դառնալու հույսեր փայփայել: «Դա բացառվում է, մոռացեք այդ մասին: Միջազգային քաղաքականության կենտրոնները ինչպես ողջ իշխանություններից, այնպես էլ նրանից են դժգոհ, քանի որ նա վստահելի գործընկեր չէ եւ ժամանակին բավական ուռճացված է ներկայացրել իր հնարավորություններն ու քաղաքական թիմը: Նա մտել էր թղթախաղի մեջ եւ փորձում էր բլեֆ անել, բայց այդ բլեֆը չհաջողվեց»,- ասում է Հ. Հովհաննիսյանը: Փոխարենը, նրա կանխատեսմամբ, Ռ. Քոչարյանի ամենահավանական իրավահաջորդը իր ակնարկած Ֆուշեն է` նույն ինքը` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Եթե այս իրավիճակը պահպանվի մինչեւ 2008 թվականը, իսկ սա կպահպանվի, եթե չլինեն արտառոց ֆորս-մաժորային հանգամանքներ, ապա ոչինչ չի խանգարի Սերժ Սարգսյանին դառնալու ՀՀ նախագահ: Մանավանդ, բոլոր հարցերը լուծվելու են ոչ թե 2008թ. ընտրություններով, այլ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իսկ այդ ընտրությունները, երբ արդեն օլիգարխիան է ներխուժել քաղաքական դաշտ, այդ իրավիճակում 2007թ. ընտրությունները դատապարտված են լինելու ապաքաղաքականացման: Եվ այդկերպ նրանք վերահաստատելու են Սերժ Սարգսյանի ձեռքերում այսօր արդեն կենտրոնացած իշխանությունը»: Այնպես որ՝ Հ. Հովհաննիսյանի խոսքերով, «քանի դեռ կա այս ավտորիտար համակարգը, եւ դրա գագաթում կանգնած կարծր, պատերազմի բովով անցած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ մի հեղափոխություն էլ այս երկրում չեն լինի»: