ԵՊՀ նոր ռեկտոր Արամ Սիմոնյանն արդեն հասցրել է նոր նշանակումներ կատարել համալսարանում: Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ շրջանավարտների միության նախկին նախագահ Արսեն Քարամյանը: Նա ծնվել է 1974թ., ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, այժմ սովորում է տնտեսագիտության ֆակուլտետում: «Դեռ գիտական կոչում չունեմ»,- մեր թղթակցի հետ զրույցում նշել է Ա. Քարամյանը: Փաստորեն, գիտական կոչումը պարտադիր չէ Հայաստանի Մայր բուհի պրոռեկտոր դառնալու համար: Նշենք, որ նորանշանակ մյուս պրոռեկտորներն այդ կոչումն ունեն: Ալեքսանդր Գրիգորյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, իսկ Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին դեկան Սամվել Հարությունյանը ֆիզիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է: Նկատենք, որ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքը նոր է ստեղծվել` հավանաբար, հատուկ Ա. Քարամյանի համար, որը, մեր տեղեկություններով, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի «սիրելիներից» է: «Ի դեպ, այս հաստիքի ստեղծման առաջարկը կատարվել է դեռ ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի կողմից: Իսկ այդ առաջարկն իր նախընտրական ծրագրում պաշտպանում էր ոչ միայն Արամ Սիմոնյանն, այլեւ ռեկտորի մյուս թեկնածուները»,- ասել է Ա. Քարամյանը:
Հիշեցնենք, որ նա 2003թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Արդարություն» կուսակցության ակտիվիստներից էր եւ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում Ա. Քարամյանը հերքել է, թե ինքը երբեւէ կուսակցական է եղել: «Ես կոմերիտական եղել եմ, պիոներ եղել եմ, բայց երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, ես երդվյալ անկուսակցական եմ»,- ասել է արդեն ԵՊՀ պրոռեկտոր դարձած Ա. Քարամյանը: