Ապրե՛ք երեխեք

26/05/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ժողովրդագրության նկատմամբ հասարակական հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է։ Պատճառը, հավանաբար, 2001թ. մարդահամարն էր։ Նախ` մարդահամարի տվյալները հրապարակվեցին բավական ուշ` 2003թ.։ Անցած ժամանակի պատճառով մարդահամարի ամփոփ տվյալների նկատմամբ սպասումն ու հետաքրքրությունը մարել էր։ Սրան գումարած` փորձագետներից ոմանք կասկածելի համարեցին երկրի բնակչության 3 մլն-անոց ցուցանիշը։ Եվ ահա վերջապես Վիճակագրության ազգային ծառայությունը ժողովրդագրության մասին նոր ժողովածու հրապարակեց։ Բնականաբար` նոր տվյալներով։ Ժողովածուի մեջ արձանագրված առաջին «բարի լուրն» այն է, որ այլեւս կանխվել է ՀՀ բնակչության կրճատումը։ Պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ 1992թ. սկսված գործընթացը 2002թ. ավարտվել է։ Եվ 2002-ից հետո երկրի բնակչության թիվն աճում է` դանդաղ, բայց կայուն։ Աճն արձանագրվում է ժողովրդագրական բոլոր ցուցանիշներով։ Օրինակ` 2002-ից նկատելի աճում է ծնունդների թիվը։ Ծնունդների ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2001թ.` 30 հազար 65 երեխա։ Ամփոփված հրապարակված վերջին ցուցանիշը 2004-ինն է` 37 հազար 520 երեխա։ Ժողովրդագիրներն ու այլ փորձագետներ առայժմ վստահ չեն պնդում, որ անկման միտումը վերջնականապես հաղթահարված է։ Հայտնի սոցիալ-տնտեսական պատճառներից զատ որոշակի այլ հասարակական գործընթացներ են սկսվել։ Դրանք դեռ երկար կպահեն իրենց բացասական ազդեցությունը բնակչության վերարտադրության ու ժողովրդագրական մյուս ցուցանիշների վրա։ Ժողովրդագրությունն արձանագրում է մոր միջին տարիքի ցուցանիշ։ Հայաստանում մոր միջին տարիքը վերջին տարիներին շարունակում է նվազել։ Նվազում է նաեւ 30 տարեկանից բարձր տարիք ունեցող մայրերի տեսակարար կշիռը։ Այստեղից ժողովրդագիրները եզրակացնում են, որ կտրուկ նվազել է բազմազավակ մայրերի թիվը։ Մեր պաշտոնական վիճակագրությունը բազմազավակ ընտանիքների հաշվառում չի կատարում։ Իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արձանագրում է միայն նպաստառու բազմազավակ ընտանիքների թիվը։ Հետեւաբար կարելի է ենթադրել, որ Հայաստանը բազմազավակ ընտանիքների խրախուսելու պետական լուրջ քաղաքականություն չի վարում։ Բազմազավակ ընտանիքների հանդեպ հասարակական վերաբերմունքն առօրյայում կարելի է նկատել միայն քաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտում։ Բոլոր ավտոբուսներում փակցված է նույն` առարկություն չենթադրող զգուշացումը. «Մինչեւ 6 տարեկան երեխայի երթեւեկությունն անվճար, իսկ 2 երեխայինը` մեկ տոմսի արժեքով»։ Այս հայտարարությունը կարելի է համարել բազմազավակ ընտանիքների հանդեպ թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքի հայելին։ Եվ այդ վերաբերմունքը հանգեցրել է նրան, որ Հայաստանում ժողովրդագրության առումով քաղաքային ու գյուղական ընտանիքների տարբերությունը վերացել է։ Քաղաքային ու գյուղական բնակավայրերում նույնացել է ծնելիության ընդհանուր գործակիցը։ Նախկինում գյուղական ընտանիքներն ավելի բազմազավակ էին (եթե կարելի է այդպես արտահայտվել)։ Դա ուներ իր բացատրությունը` ավելի ընդարձակ տուն, մանկահասակ երեխայի խնամքի ավելի հարմար պայմաններ, մեծ ընտանիքներով ապրելու կուլտուրա եւ այլն։ Հիմա այդ ու մյուս պայմանները իրենց տեղը զիջել են աղքատությանը։ Ժողովրդագիրները մոր միջին տարիքի աճին զուգահեռ ուշադրություն են դարձնում նաեւ այն փաստի վրա, որ վերջին տարիներին աճում է նաեւ առաջին երեխային ծննդաբերող մոր տարիքը։ Իհարկե, սա կարելի է համարել նաեւ քաղաքակրթության որոշակի մակարդակի հետեւանք։ Զարգացած երկրներում է հենց առաջնեկին ծննդաբերող մոր տարիքն ամենաբարձրը։ Որովհետեւ այդ երկրներում ընտանիք կազմում են հասարակական որոշակի դիրքի հասնելուց հետո միայն։ Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որովհետեւ մեզ մոտ ամուսնացող զույգերի տարիքն այդքան մեծ չէ, որքան զարգացած երկրներում։ Փոխարենը մենք էլ նրանց նման սկսել ենք քիչ երեխաներ ունենալ։ Հոդվածին կից աղյուսակում ներկայացված է ծնելիության ընդհանուր գործակիցը։ Այն հաշվառվում է 1000 բնակչի հաշվով։ Աղյուսակը խոսուն ցուցադրում է, թե ինչ փոփոխություններ է արձանագրում հայ ընտանիքն ու հայ մարդը նախորդ դարի ընթացքում։ Սովորաբար ընդունված է համարել, որ հայ ընտանիքի համար երեխան ամենաբարձր արժեքն է։ Այսօր հասարակական ու պետական վերաբերմունքն արձանագրելով կարելի է ասել, որ ավանդական այդ պատկերացումն այլեւս ժամանակավրեպ է։ Ժողովրդագրությունը սառնասրտորեն արձանագրում է, որ մեր` հայերիս թիվը XXդ. կտրուկ նվազելուց հետո, XXIդ. կտրուկ աճի միտում չի արձանագրում։

Որպես վերջաբան ընդգծեմ մի տվյալ։ ԽՍՀՄ կազմում մենք ամենամիատարր հանրապետությունն էինք։ ՀԽՍՀ-ի բնակիչների մոտ 93%-ը հայերն էին։ Հիմա մենք ՀՀ բնակչության 97,8%-ն ենք։