Թռչնագրիպի հիստերիան ավարտվե՞ց

26/05/2006

Թեեւ աշխարհում թռչնագրիպի տարածման վտանգը դեռեւս շարունակում է մարդկանց վախի մթնոլորտում պահել եւ տարբեր երկրներում այդ հարուցիչն իշխանությունների մշտական հսկողության տակ է, այդուհանդերձ, Հայաստանում թե՛ բնակչության, թե՛ համապատասխան գերատեսչությունների անհանգստությունը զգալի նվազել է: Օրեր առաջ Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում թռչնագրիպի պատճառով մարդ է մահացել, ավելին` 47 վայրի թռչուն սատկել է H5N1 վարակից: Ինդոնեզիայում եւս 2 մարդ է մահացել թռչնագրիպից: ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունից մեզ հայտնեցին, որ բնակչության մոտ առկա խուճապն էականորեն նվազել է եւ ահազանգերը զգալի կրճատվել են, մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում ընդամենը մի քանի ահազանգ է արձանագրվել: Հիշեցնենք, որ թռչունների չուն գրեթե ավարտվում է: Տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանն, այնուամենայնիվ, վստահեցրեց, որ քարոզչական աշխատանքները գրեթե բոլոր տեղերում անփոփոխ են: «Զվարթնոց» օդանավակայանի Արտակարգ իրավիճակների շտաբում Ստամբուլ-Երեւան, Երեւան-Ստամբուլ չվերթով մեկնող ուղեւորներին, որպես կանոն, բաժանվում են հուշաթերթիկներ, ինչպես նաեւ` նրանց կողմից քարտեր են լրացվում հնարավոր վիրուսից խուսափելու նպատակով: Այսինքն՝ քարոզչական աշխատանքները պատշաճ կերպով շարունակվում են, իսկ 4 սահմանային անցակետերում ախտահանման պրոցեդուրաները չեն դադարել: Թռչնագրիպի դեմ պայքարի քարոզարշավը շարունակվում է նաեւ գյուղերում, ուր նույնպես բնակչության շրջանում անհանգստությունը նվազել է: Ի դեպ, Կենդանաբանական այգում ներկայումս դադարեցվել են թռչնագրիպի դեմ պայքարող միջոցառումները, քանի որ համարում են, որ վտանգն իսպառ վերացել է: