Ագռավային անջատումնե՞ր

26/05/2006

Նրանք շատ դժգոհեցին, որ հոսանքազրկումներն իրենց համայնքում, արդեն մի քանի տարի է, խրոնիկ բնույթ են կրում: Էլեկտրացանցի՝ Դավիթաշենը սպասարկող Մաշտոցի տարածքային բաժնի ներկայացուցիչ Գագիկ Աղաջանյանը տեղեկացրեց, որ հոսանքագծի վրա ագռավ է ընկել, լարերը խառնվել են իրար, ու վթար է առաջացել: Երբ մենք փորձեցինք տեղեկանալ, թե նախորդ օրերի հոսանքազրկումները նո՞ւյնպես ագռավի պատճառով են եղել, պարոն Աղաջանյանը սաստիկ զայրացավ:

«Մենք հենց այնպես հոսանք չենք անջատում,- ասաց նա: -Ինչ-որ տեղ վթար է լինում, դրա համար էլ հոսանքազրկում ենք, որ վերանորոգենք»:

Իհարկե, դավիթաշենցիները շնորհակալ են, որ էլեկտրացանցն իրենց հոսանքը հենց այնպես չի անջատում: Բայց նաեւ խնդրում են հոսանքազրկելուց առաջ տեղեկացնել, թե չէ իրենց էլեկտրական սարքերը մեկումեջ փչանում են: Պարզ է, որ էլեկտրացանցը դրա համար փոխհատուցում չի տալիս, որովհետեւ ոչ ոք ի զորու չի ապացուցել, որ իր սառնարանը կամ հեռուստացույցը փչացել է հանկարծակի հոսանքազրկման պատճառով:

Այնուամենայնիվ, Դավիթաշեն համայնքի համար սովորական դարձած հոսանքազրկումներն արդեն նյարդայնացնում են բնակիչներին: Գարունը բացվելուն պես դրանք նոր թափ են ստանում: Մանավանդ, Աստված ոչ անի, եթե անձրեւ կամ ձյուն գա: Բնակիչները սովորել են եւ տեղումների ժամանակ թեկուզ 16-րդ հարկ ոտքով են բարձրանում, որովհետեւ գիտեն, որ հոսանքն անջատվելու է, եւ իրենք անհայտ ժամանակով մնալու են փակ վերելակի մեջ: Այդ համայնքի բնակիչները նաեւ հումորով պատմում են, որ հոսանքազրկման պահին ամբողջ թաղամասով մեկ վայնասուն է բարձրանում. վերելակների մեջ մնացած մարդիկ օգնություն են կանչում: Վիճակն արդեն ինքներդ էլ պատկերացնում եք:

Դավթաշենցիները չեն հասկանում այն տրամաբանությունը, երբ հոսանքի վարձը անգամ մեկ օր ուշացնելու դեպքում լույսի մարդն առանց զգուշացնելու հոսանքազրկում է բնակարանը: Իսկ որ հիմնականում բարեխիղճ վճարում են իրենց վարձերը, համապատասխան որակի ծառայություն չեն ստանում: Այնուամենայնիվ, փորձեցինք տեղեկանալ, թե ո՞րն է պատճառը, որ այդ համայնքում հաճախակի են վթարի պատճառով հոսանքազրկման դեպքերը: Միգուցե վերանորոգումը հիմնովին չի՞ արվում, դրա համար էլ անընդհատ խնդիրներ են առաջանում:

«Այս աշխարհում ոչ մի բան հիմնովին չի լինում,- հարցին փիլիսոփայական մոտեցում ցուցաբերեց էլեկտրացանցի աշխատակիցը: -Եթե հիմնովին լիներ, կլիներ հավերժական շարժիչ»:

Ա.Ա.