Մինչ Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը դպրոցների տնօրեններին եւ դպրոցականներին հորդորում էր Վերջին զանգի եւ ավարտական երեկոյի տոնակատարությունը պարահանդեսի չվերածել, եւ մինչ ԿԳ ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանը ամպագոռգոռ հայտարարություններ չի ցանկանում անել կրթական համակարգի կոռուպցիան վերացնելու վերաբերյալ՝ դպրոցականների ծնողները կրկին հայտնվել են անելանելի վիճակում:
Օրեցօր մոտեցող վերջին զանգի եւ ավարտական երեկոյի միջոցառումների ծախսերը դպրոցականների ընտանիքներում անգամ վիճաբանությունների առիթ են դառնում, քանի որ գումարների «հավաքումը» գնալով զավեշտալի բնույթ է կրում: Սոցիալական անապահով խավի երեխաները հիմիկվանից սթրեսային տրամադրությունների մեջ են, եւ մասնավորապես կասկածելի է, թե նման հոգեվիճակում նրանք կարող են պատշաճ կերպով նախապատրաստվել քննություններին: Արզումանյան Կարինեի 3 երեխաներից 2 աղջիկներն այս տարի ավարտում են միջնակարգ դպրոցը: Աղջիկները քննությունների համար պարապելու հոգեբանական դժվարություններ ունեն, քանի որ առավոտից իրիկուն մոր հետ գումարներ հայթայթելու ուղիներ են փնտրում: Բնականաբար, յուրաքանչյուր աշակերտի համար Վերջին զանգն ու ավարտական երեկոն յուրահատուկ խորհուրդ ունի, որը զգալու, ընկալելու եւ հիշողությունների մեջ պահելու համար փող է պետք, ընդ որում՝ շատ փող: Քույրերից Քրիստինեն պատմում է. «35.000 դրամ քննությունների համար ենք հավաքում՝ սեղանի, դասատուների նվերների, տնօրենի ծաղկեփնջերի համար ա, հետո քեֆի գումար ա, իսկ ավարտական երեկոյի համար 15 դոլար ա, մեկ էլ շորերի համար՝ 20.000 դրամ ա պետք, որ միանման պատվիրենք»: Կարինեն պատմում է, որ, երբ ասում է` հնարավորություն չունի այդքան գումար տալու՝ դպրոցում նրան ասում են. «Դե՛, պիտի ստեղծես, մի տեղից պարտք անես: Էդ մի օրն ա, հետո կաշխատես կփակես: Պետք ա մասնակցեք»: Եթե պահանջվող գումարները չտան, ուրեմն՝ կարելի է ենթադրել, որ քննությունների գնահատականներն էլ դժվարությամբ կնշանակվեն: Ամենահետաքրքիրն այն է, որ ներկայումս ուսուցիչներին ծաղկեփնջեր նվիրելն այնքան էլ հարգի չէ, որովհետեւ աշակերտները հակված են հիմնականում ոսկյա զարդեր գնել: Լիանան եւ Քրիստինեն մորը խնդրել են, որ պահանջվող գումարը չտալու դեպքում այդ օրերին Կարինեն իրենց ինչ-որ տեղ տանի, որովհետեւ ամաչում են դասարանցիներից, իսկ տանից բացակայելու դեպքում ինչ-որ կերպ կպատճառաբանեն խնջույքներին չմասնակցելը: «Ասում են` էդ օրերին արի մի տեղ գնանք, տանը չմնանք: Իրանք գիտեն, որ ես սրտանց ուզում եմ մի բան ստեղծեմ, բայց հասկանում են, որ անելանելի վիճակ ա: Եթե ես հիմա պարտք անեմ, բա հետո իրանց ինչո՞վ կերակրեմ»,- նեղսրտում է դպրոցականների մայրը, ում որդին էլ Գորիսում զինվորական ծառայությունն է անցկացնում եւ 1 տարվա ծառայության ընթացքում նրան ոչ ոք չի այցելել:
1990-ից Կարինեն ամուսնու հետ Շամշադինից եկել է Երեւան, որպեսզի կոմունալ ծառայությունում աշխատող ամուսնուն խոստացած բնակարանով ապահովեն: Մինչ օրս ապրում են նախկին «Սան-սեկտոր»-ի հանրակացարանում, որտեղից արդեն ցանկացած պահի կարող են վռնդել: 2 ամիս առաջ ամուսինը թոքերի ուռուցքից մահացել է, եւ հիմա, փաստորեն, նրանք հանրակացարանում ապրելու իրավունք չունեն, քանի որ այն նախատեսված է կոմունալ ծառայության աշխատակիցների համար: Ամուսնուն կորցրած Կարինեն կանգնել է անդունդի եզրին, քանի որ աշխատանք չի գտնում, որով կկարողանա երեխաների հոգսերը հոգալ: 5000 դրամ վճարելով` դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն, սակայն դեռեւս անարդյունք: «Մենք բնակարան ստանալու նպատակով եկանք Երեւան, որովհետեւ էն տարիներին այդպես էր, ամուսինս օր ու գիշեր աշխատում էր, որ երեխաների համար 4 պատ ստեղծի, ինքը շատ աշխատող էր ու տանը համարյա չէր մնում, աշխատում էր, որովհետեւ պիտի բնակարան տային»,- պատմում է Կարինեն: Ապրում են միակողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող 12.000 դրամ նպաստով, իսկ բնակարան ստանալու հույսերն ամուսնու մահից հետո վերացան, որովհետեւ հիմա նրանք անօրինական կերպով են հանրակացարանում մնում: «Հիմա շատ վատ վիճակում ենք, գնում եմ հարուստների լվացքն եմ անում, տուն եմ մաքրում, որ օրվա հացի փող ունենանք»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ 2 աղջիկների դպրոցի ծախսերն իրեն է՛լ ավելի են խեղճացնում: Կարինեն որպես կին վիրավորված է թե՛ ամուսնուց, որն ամբողջ կյանքը նվիրել է իր աշխատանքին, թե՛ առավել եւս մեր իշխանություններից: Ասում է՝ «Գիտե՞ք, մեր իշխանություններից ինչի եմ վիրավորված. նրա համար, որ իմ ամուսինն էս քաղաքի մաքրության համար 15 տարի նվիրումով աշխատել ա: Ինքը նպաստել ա, որ մեր քաղաքը մաքուր լինի, նույնիսկ որպես օրինակելի աշխատող պատվոգրի ա արժանացել»,- հպարտությամբ ցույց է տալիս ամուսնու պատվոգիրն ու ափսոսում, որ այդքան կարգապահությամբ աշխատելով` ոչնչի չհասավ 3 երեխաների հայրը: Կարինեն, ով անկախ ամեն ինչից մտածում էր երեխաներին ուսման տալ, կրթել մասնագիտություն ձեռք բերելու համար՝ այսօր արդեն վախեցած է, որովհետեւ Վերջին զանգի եւ ավարտական երեկոյի «գնացուցակին» ծանոթանալուց հետո հասկանում է, որ իր երեխաները կրթության ոլորտում տեղ չունեն: