Վեց տարեկան երեխան պետք է խաղա, ոչ թե սովորի

26/05/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախնական հաշվարկներով, նոր ուս. տարում 1-ին դասարանցիների թիվը կավելանա մոտ 30%-ով, քանի որ դպրոց կհաճախեն 2 խմբի 1-ին դասարանցիներ` կրտսեր (ում 6 տարին լրանում է մինչեւ 2006-ի դեկտեմբերի 31-ը) եւ ավագ (ում 6,5 տարին է լրանում մինչեւ 2006-ի դեկտեմբերի 31-ը)։ Միեւնույն ժամանակաշրջանում դպրոցում կսովորեն եւ այն կավարտեն նաեւ 3 տիպի` 10-ամյա, 11-ամյա եւ 12-ամյա կրթությամբ աշակերտներ։ ԿԳ նախարարի փոփոխությունը կրթական բարեփոխումների այս «խայտաբղետ» գործընթացում, ներկա դրությամբ, որեւէ նոր քաղաքականություն չի ենթադրում։ ՀԲ-ի կողմից երկարաժամկետ վարկային միջոցներով ֆինանսավորվող կրթական ծրագրերն ուղղված են մեր կրթակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն։ Պաշտոնական տեսակետի համաձայն` «6 տարեկանում դպրոց ընդունելը եւ բարեփոխված ուսումնական պլաններով ու ծրագրերով 12-ամյա ուսուցում իրականացնելը կատարվում է ի շահ դպրոցականների եւ նրանց ծնողների»։ Ծնող Գոհար Գեւորգյանի դստեր վեցամյակը բոլորելու է այս տարվա նոյեմբերի 10-ին։ «Ես շատ դեմ եմ, բայց ստիպված եմ նրան սեպտեմբերի 1-ին ուղեկցել դպրոց։ Երեխան ֆիզիկապես եւ հոգեբանորեն դեռ պատրաստ չէ. մանկապարտեզի նախադպրոցական խմբի նստարանին նստելիս էլ ոտքերն օդում են մնում։ Այնտեղի բոլոր ծնողները երկմտանքի առջեւ են կանգնել եւ շատ վրդովված են այս օրենքից, որը, հնարավոր է, որոշ ժամանակ անց չեղյալ համարվի։ Դպրոցում աշխատող իմ մտերիմները երաշխավորում են, որ չկա համակարգված ծրագիր, որեւէ նոր ձեռնարկ, դասագրքեր, նոր մասնագետներ, չնայած նոր ուսումնական տարուն մնացել է ընդամենը 4 ամիս։ Այս ամենը կարող է երեխաների ուսուցման ընթացքը խաթարել, ուսման հանդեպ հակակրանք առաջացնել` մի ամբողջ սերունդ գիտելիքների առումով դարձնել «հաշմանդամ»։ Երեխան դեռ խաղալ է ուզում եւ ամեն պահի ուսուցչին կարող է ասել` «Կուզեմ` կգրեմ, կուզեմ` չեմ գրի»։ Արդյոք նրանց կառավարելու համար մեր մանկավարժները կցուցաբերե՞ն համբերություն։ Եվ, ամենակարեւորը, 6 տարին չբոլորածների համար դպրոցներում չկան խաղասենյակներ, միջավայրին հարմարեցնելու պայմաններ։ 12 տարին շատ ձգձգված է` առանց այդ էլ կրթական համակարգը փլուզված է։ Այստեղ են ասել` «Մրից ելանք, ընկանք մրջուրը»,- մտահոգված նշում է ծնող Գեւորգյանը։

Արաբկիր մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ-իմունոլոգ Բրիջիդա Սիմոնյանի հավաստմամբ, մինչեւ 7 տարեկան երեխաների դպրոց հաճախելը սխալ է, քանի որ նրանք ֆիզիկապես եւ հոգեբանորեն թերզարգացած են, դպրոցի համար ոչ հասուն։ Նա ասում է, որ երեխաների մեծ մասը միայն 7 տարեկանում են փոխում իրենց կաթնատամները, եւ փորձագիտական թեստերի միջոցով ապացուցված է դրանց սանիտարահիգիենիկ եւ ֆիզիոլոգիական նշանակությունը։ Բայցի այդ, 6 տարեկանում երեխաները բազմաթիվ պատվաստումներ են ստանում եւ հընթացս օրգանիզմում կատարվում են իմունոլոգիական տեղաշարժեր։ Այդ ընթացքում անգամ չի թույլատրվում կազմակերպված մանկապարտեզ հաճախել։ Երեխաներն այդ ժամանակաշրջանում ունենում են նաեւ լեզվական բարդույթներ, որից նրանք կարող են ընկճվել եւ ճնշվել։ «Ի վերջո, չմոռանանք երեխաների խաղի մասին, դեռ 10 տարեկանն էլ սիրում է խաղալ։ Առավելեւս մինչեւ 7 տարեկան երեխաներն ավելի շատ ուզում են խաղալ, քան նստել ու կարդալ։ Քանի որ որեւէ մոդել չի նախանշվում, եւ մենք նման փորձ չունենք, ապա դժվար է ծրագրի դրական եւ բացասական կողմերը միաժամանակ ընդգծել»,- նշում է իմունոլոգը։ Մանկական ակնաբույժի գնահատականով, մինչեւ 7 տարեկան երեխաների տեսողությունը նույնպես դեռեւս կարգավորված չէ, որի պատճառով նրանք չեն կարող արագ կողմնորոշվել։ Նրանց մեծ մասն ունենում են հեռատեսություն, եւ այս փաստից երեխաները կարող են խուճապի մատնվել, իսկ հոգեբույժի դիտարկմամբ, յուրայինների հետ համեմատվելիս եւ սեփական անկարողությունը գիտակցելիս երեխաների մոտ կարող են առաջանալ նեւրոզներ։ Թիվ 1 մանկական հիվանդանոցի օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյանի կարծիքով, խորհրդային տարիների նստարանները հաշվարկված չեն 5-6 տարեկանների համար։ Երեխաների ոտքերը գետնին չեն կարող հասնել, եւ ձգվելով` կծանրաբեռնվի նրանց ողնաշարը, որով կհանգեցնի կեցվածքի շեղումների։ «15-20 րոպեից ավելի չի կարելի երեխաներին նստած պահել, բացի ողնաշարից, նրանց այլ օրգան համակարգերն էլ կվնասվեն։ Օրգանիզմի ընդհանուր զարգացածության համար պետք է կազմակերպել ֆիզդասեր։ Վերջիվերջո պետք է երեխաների մասին մտածել, ոչ թե նախարարությունը զարմացնի, թե ինչպիսի նորամուծություններով է զբաղվում։ Դրսից մեխանիկորեն փոխադրված համակարգերը մեզ մոտ չեն կարող գործել»,- հավաստիացնում է Ռ. Պետրոսյանը։ ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դասախոս, դոցենտ, «Երեխաների զարգացման կենտրոնի» տնօրեն Սվետլանա Հարությունյանի դիրքորոշումը մինչեւ 7 տարեկան երեխաների դպրոց հաճախելու փաստին առավել քան մերժողական է։ «Այսօր մենք հանդիպում ենք ծնողների, որոնք հոգեբաններին հարց են ուղղում, թե ինչպե՞ս անեն, որ իրենց երեխաներն առավել պատրաստ լինեն դպրոցին։ Նրանք պատկերացում չունեն, որ դպրոցին պատրաստ լինելն ամենեւին տառաճանաչությունն ու հաշվել իմանալը չէ, այլ նրանց հոգեբանական պատրաստակամությունն է, որն իր մեջ կրում է ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական կամ անձնային բաղադրիչներ»,- ասում է տարիքային մասնագետը։ Հոգեբանների կատարած ընտանիքային հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որ դպրոց են գնում որոշակի գիտելիքների պաշարով, սակայն փոքր (6 տարեկան) հասակում, դեռեւս ուսումնառության 1-ին տարում ցուցաբերում են առաջադիմության ցածր ցուցանիշներ։ Ըստ Ս. Հարությունյանի, դրանք չակերտավոր գիտելիքներ են, քանի որ երեխան պատրաստ չէ սոցիալական նոր միջավայրին, միջանձնային շփումներին եւ համակարգված ուսուցմանը։ Այդ տարիքում երեխայի համար առաջատար հոգեկան գործընթացն ուսումը չէ, այլ` խաղը, միայն 7 տարեկանում է այն առաջատար դառնում` որն ունի իր օրինաչափությունները` կապված հոգեկան զարգացումների, երեխայի ներքին բարոյական պատասխանատվության եւ նոր սոցիալական դիրքի ձեւավորման հետ։ 5-7 տարիքային ժամանակաշրջանն առանցքային նշանակություն ունի երեխայի համար, քանի որ նա իր ողջ կյանքի ինֆորմացիայի 70%-ն այդ ընթացքում է ընկալում, եւ ըստ հոգեբանի` այդ ինֆորմացիան երեխային պետք է մատուցել ազատ ոճով։ Չձեւավորված պատասխանատվության զգացման բացակայության պատճառով երեխաներից չի կարելի դասակատարում եւ անընդմեջ ուշադրության կենտրոնացում պահանջել։ Այդ տարիքի երեխաների համար պարտադիր պայման է նաեւ ռեժիմով քունը, որը դժվար թե ապահովեն հանրակրթական դպրոցները։ «Ես ոչ մի դեպքում իմ երեխային այդ տարիքում դպրոց չէի տանի` չխոչընդոտելու նրա ապագան։ 6 տարեկան երեխան չի կարող ենթարկվել կարգուկանոնի։ Երեխայի ձեռքը չի կարելի գրիչ դնել. այլ միայն սահուն մատիտ։ Տարիքի իջեցումը դեռ չի նշանակում կրթության որակի բարելավում։ Մեթոդները պետք է փոխել, ուսումը դարձնել ինտերակտիվ։ Օտար գաղափարախոսությամբ ծրագրերը մեզ մոտ չեն տեղայնացվում, քանի որ հաշվի չեն առնվում էթնիկ առանձնահատկությունները։ Սա ազգային խնդիր է։ Մեր ծնողները միշտ էլ շտապել են իրենց երեխաներին դպրոց ուղարկելիս, քանի որ սկզբից հետեւանքները տեսանելի չեն լինում»,- ասում է Ս. Հարությունյանը։ Նրա բնորոշմամբ, դպրոցականների համար նախատեսված շեմային 7 տարեկան հասկացությունը ոչ թե խորհրդային տարիներից մնացած ժառանգություն է, այլ երեխայի հոգեկան զարգացման հիմքերից եւ հոգեբանական ճգնաժամերից ընդհանրացված տարիքային սահմանում է, եւ ինչպես նկատում է` «անգամ Հին Սպարտայում երեխաները 7 տարեկանում էին բաժանվում իրենց ծնողներից»։ Պարզունակ հոգեբանական թեստի միջոցով (որը հիմնված է նուրբ մատորիկայի` ձեռքերի մատների հաջորդական շարժումների սկզբունքի վրա) կարելի է ախտորոշել երեխաների հոգեկան թերզարգացությունը եւ նրանց արգելել դպրոց հաճախել։ «Կապված թե երեխան ինչպես է կառավարում իր մատները, դրանով էլ որոշվում է նրա հոգեկան պատրաստվածության ցուցանիշը։ Այսօրվա երեխաները շատ ինտելեկտուալ են, սակայն թույլ զարգացած երեւակայություն ունեն։ Նրանք հեքիաթներ հորինել չգիտեն, սակայն համակարգչին տիրապետել գիտեն, որն ավելորդ ինֆորմացիայով ճնշում է նրանց։ Մենք թերաճ ռոբոտներ ենք պատրաստում` ոտնահարելով մարդկային գործոնը»,- պնդում է կենտրոնի տնօրենը։

Կրթական բարեփոխումների ծրագիրն իրականացվում է Կրթության ազգային ինստիտուտի եւ «ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) կողմից։ ԾԻԳ-ի ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանի ասելով` «լրացուցիչ հետազոտությունների կարիք չկա, քանի որ կրթական բարեփոխումների ընդհանուր ծրագրում տրված են հոգեբանության ասոցիացիայի նախագահ, հոգեբան Սերգեյ Աղուզումցյանի փորձագիտական եզրակացությունները, եւ առկա է աշխարհի փորձը։ Նա հավաստիացնում է նաեւ, որ 12-ամյա կրթության համար դպրոցներն արդեն իսկ պատրաստ են ծրագրերի, ուսումնական նյութերի առումով, միայն պետք է «աշխուժացնել ֆիզիկական միջավայրը` ձեռք բերելով գույք եւ կահույք, որը դպրոցների եւ մարզային կառույցների իրավասության եւ ենթակայության տակ է»։ «Հիմքում ավագ խմբի նախադպրոցական տարիքի ծրագիրն է, որտեղ առաջնահերթությունը երեխաների տառուսուցման ժամանակը ձգձգելն է մինչեւ տարեվերջ։ Ծրագիրը նախատեսում է ուսուցում խաղերի եւ նկարելու միջոցով եւ շարժական խաղերի` ֆիզդասերի ներդրում։ 12-ամյա կրթության նպատակն ուսման մուտքի մեջ է, այլ ոչ թե ելքի»,- ասում է Կ. Մելքոնյանը։ Իսկ ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի կարծիքով, հանրակրթության տեւողության ավելացումը միտված է առաջին հերթին համաշխարհային տնտեսության մեջ մրցունակ դառնալուն. 12-ամյա կրթության ներդրումը տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրների լուծման եւ ուսումնական պլանների գերծանրաբեռնվածության թոթափման հրամայականն է։ «Նոր առակաների ներդրման (20-25% հավելում) եւ գերծանրաբեռվածությունը թոթափելու (23 ժամը դարձել է 20 ժամ) համար մեզ տարածք է անհրաժեշտ։ Դա հասարակության պահանջն է։ Այսպես թե այնպես, արդեն 10 տարի է, 6 տարեկանները մտնում են դպրոց։ Սեպտեմբերի 1-ից երեխաներս կունենան նոր թեթեւացված այբբենարաններ։ Երեխաները դպրոց կհաճախեն 3 ժամով, եւ նոր մեթոդական ձեռնարկները հնարավորություն կընձեռեն 45 րոպեի ընթացքում նրանց համար ազատ վարժություններ եւ խաղեր կազմակերպել։ Շուրջ 2300 դասվարներ վերապատրաստում կանցնեն մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Դպրոցի տնօրենների առջեւ խնդիր է դրվել դասարանները գորգերով կառուցապատել` մանկական ջերմ ու գեղեցիկ մթնոլորտ ստեղծելու համար։ Ծրագիրը կա, մթնոլորտը կա, դասվարը կա, պիտի հաղթահարեք։ Ես այսօր մեծ ընդվզում չեմ տեսնում»,- տեղեկացնում եւ հավաստիացնում է վարչության պետը։