Այսօր Ղարաբաղի բոլոր դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Իսկ դրա համար պետք է ինչ-որ միջոցառումներ անցկացնել, որոնց համար հաճախ ծնողները շատ թանկ են վճարում:
Ղարաբաղում ավարտական միջոցառումների անցկացման համար ծնողները մեծ գումարներ են հավաքում, եւ գնալով դրանց ծավալները մեծանում են: Եթե մի քանի տարի առաջ ծնողները գումարները հիմնականում ծախսում էին իրենց երեխաների հագուստների համար, ապա այսօր առավել մեծ գումարներ են հավաքում նաեւ ավարտական երեկոյի կազմակերպման համար: Իսկ ի՞նչ գումարներ են պահանջվում ընդհանուր առմամբ: Հարցի պատասխանը ստանալու նպատակով փոքրիկ հարցումներ անցկացրինք, որոնց արդյունքում պարզվեց, որ յուրաքանչյուր ծնողից միջին հաշվով 30-45 հազար դրամ է պահանջվում` Վերջին զանգի, ավարտական քննությունների, ավարտական երեկոյի կազմակերպման համար: Ասում են, 10.000-ական դրամ հավաքում են միայն ավարտական երեկոյի նկարահանման համար:
Միջին հաշվով, շրջանավարտի հագուստեղենի հետ մեկտեղ ծնողից պահանջվում է ավելի քան 100 հազար դրամ, ինչը շատ մեծ գումար է միջին խավի համար: Ավարտական միջոցառումների հետ կապված խնդիրներն է քննարկվել մայիսի 23-ին ղարաբաղյան «Բաց հասարակություն» հասարակական եւ «Միասնություն» երիտասարդական կազմակերպությունների կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, որին ներկա էին ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության, կրթության քաղաքային բաժնի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, շրջանավարտներ եւ լրագրողներ:
ԼՂՀ ԿՄՍ նախարարության ներկայացուցիչ Արկադի Թովմասյանը փաստեց, որ դեռեւս ապրիլի 21-ին նախարարը հրաման է արձակել, ըստ որի, արգելվում է ավարտական քննությունների եւ նվերների համար շրջանավարտներից գումարներ հավաքելը: Խստիվ արգելվում է նաեւ այդ կապակցությամբ դպրոցում որեւէ ճաշկերույթի կազմակերպումը, ինչպես նաեւ` դպրոցից դուրս կազմակերպվող ավարտական միջոցառումներին չի թույլատրվում մասնակցել դպրոցի տնօրեններին եւ ուսուցիչներին: Ա. Թովմասյանի խոսքերով, այն ուսուցիչները կամ տնօրենները, որոնք կխախտեն հրամանի պայմանները, կազատվեն աշխատանքից: Իսկ թե ինչպես կիմանան կրթության ոլորտում, թե որ ուսուցիչը մասնակցեց երեկոյին, Կրթության քաղաքային բաժնի պետ Կառլեն Մարգարյանը նախընտրեց չասել, ընդգծելով, որ քաղաքը շատ փոքր է, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ վերահսկել այդ ամենը: Կ.Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ ավարտական քննություններից հետո նրանք պատրաստ են շրջանավարտների ցանկությամբ միջոցառումներ կազմակերպել դպրոցի շենքում, որին կմասնակցեն հենց շրջանավարտները, մի քանի ուսուցիչներ եւ ծնողներ: Այս միջոցառումները կլինեն ավելի համեստ ու բովանդակալից եւ ինչ-որ չափով կթեթեւացնեն ծնողների հոգսերը, հավաստիացրել է կրթության բաժնի պետը: Չնայած այս ամենին, մայրաքաղաքի համարյա բոլոր սրճարանները զբաղեցված են`ավարտական երեկոների կազմակերպման համար, սակայն ուսուցիչները չեն պատրաստվում մասնակցել դրանց: