Եվրոպական շրջագայություններ

26/05/2006 Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հռոմից ես մեկնեցի նույն օրը, երբ Բենեդիկտոս 16-րդ Պապը Վատիկանի իր աթոռանիստ ապարանքում ընդունում էր հայկական պատվիրակություն, նույնիսկ, գրեթե նույն ժամին:

Սկզբնապես երբ տեղեկացա, թե նման ընդունելություն է լինելու, բնականաբար հայտնեցի, թե որքան կուզեի ինքս էլ մասնակցել: Եթե ցանկանում եմ` ի՞նչ խնդիր… Քույր Արմինեն հանձնարարեց ընդունելության մասնակիցների ցուցակում ինձ նույնպես ընդգրկել: Նույնիսկ հետաքրքրվեցի` ոչի՞նչ, եթե կաթոլիկ չեմ: Բացատրեցին` որեւէ նշանակություն չունի, Պապն ընդունում է հայկական պատվիրակություն, ոչ թե կաթոլիկ հայերի: Ավելորդ է ասել, թե որքան սփյուռքահայեր էին գտնվել, ովքեր իրենց արժանի էին համարել Պապի մոտ հայ ժողովրդին ներկայացնելու եւ ընդունելությանը նախորդող 2-3 օրերին ժամանել էին Հռոմ:

Թեեւ միանգամայն հնարավոր է` շատերը ոչ թե հատկապես իրենց էին արժանի համարել, այլ` քանի որ Հռոմի Սրբազան քահանայապետը հազվադեպ է ազգային պատվիրակություններ ընդունում, ուղղակի բացառիկ, պատմական իրադարձության մասնակից լինելու մարդկային թուլությանն էին տուրք տվել: Ամեն դեպքում Պապի հետ հանդիպմանը մասնակցած պատվիրակության կազմում շուրջ 250 հոգի են եղել: Հանդիպմանը մասնակցելու էին նաեւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոսը: Ինչպես հետո արդեն քույր Արմինեից տեղեկացա` ջերմ եւ հուզիչ հանդիպում էր կայացել:

Ինչո՞ւ չմնացի հանդիպմանը: Առաջինը, որովհետեւ հաջորդ օրը կեսօրին Բրատիսլավայում հարցազրույց էի վերցնելու Սլովակիայի նախագահից, հետեւաբար, չէի կարող Հռոմից մեկնումս հետաձգել: Իսկ հարցազրույցը հետաձգել, ինչի հույսն ունեի նախապես, նույնպես հնարավոր չեղավ. եւս մեկ օր հետո Բրատիսլավա էր ժամանում Լեհաստանի նախագահը, այդքանով էլ հարցազրույցը հետաձգել հաջորդ օրվան անհնար էր:

Երկրորդը` բարոյական խնդիր է. եթե հանդիպում է հոգեւոր առաջնորդի հետ, եւ ինքդ որեւէ ծառայություն կամ գործ չես կատարել, որի համար անձնապես արժանանայիր նման ընդունելության, ճիշտ է ասպարեզը թողնել նրանց, ովքեր նույն դավանանքի հետեւորդ են, կամ գոնե առհասարակ աստվածապաշտ են: Մինչդեռ ես որքան էլ խոր հարգանք, հետաքրքրություն եւ մեծարանք տածեմ կրոնների հանդեպ` իբրեւ բարոյա-էթիկական կոդեքսների, աթեիստի չափ հեռու եմ աստվածներ պաշտելուց: Վազգեն Առաջին Վեհափառը գրել է. «Եթե մերժենք խոնարհվել Աստծո առջեւ, կմնա խոնարհվել մարդու առջեւ»: Մեծագույն ճշմարտություն է, գիտակցում եմ, բայց… նախընտրում եմ երկրորդը:

Վերջապես մի երրորդ հանգամանք էլ կար. Վատիկանի dress-code-ը: Քանի որ Վատիկանը նույնպիսի թեոկրատական պետություն է, ինչպես Իրանը, այստեղ էլ կան հագուստի սահմանափակումներ: Կինը, ով սովորաբար տաբատ է կրում, երկու երկրում էլ խնդիր չի ունենա, Իրանում հարկավոր է միայն վարսերն էլ ծածկել: Մինչդեռ ինքս զգեստապահարանում ոչ տաբատ ունեմ, ոչ էլ երկարափեշ զգեստ, հետեւաբար երկու երկրներում էլ հագուստը դարձել էր պատմություն, հարկադրված էի ամենեւին ոչ իմ ճաշակով հագնվել: Իսկ հնարավո՞ր է հանդիպման գնալ հագուստով, որը քեզ դուր չի գալիս. անշուշտ` ոչ:

Այնպես որ՝ Պապի հետ հանդիպման համար մնաց, թե ապագան նման մի առիթ ընծայի, այն էլ` արդյոք կլինի՞ նույն Պապը… Թեեւ կյանքում ոչինչ չարժե բացառել: Մանավանդ, երբ Մոնսինյորին գանգատվում էի, թե ինչպես Սլովակիա մեկնելու պատճառով չէի կարողացել Պապի մոտ ընդունելությանը մասնակցել (հասկանալիորեն մյուս պատճառների մասին լռում էի) եւ որքան եմ այդ առթիվ ափսոսում, Մոնսինյորը կեսկատակ-կեսլուրջ մխիթարեց. «Դու ամենեւին մի մտահոգվիր, երբ Պապը ստեղծված ֆիլմը տեսնի, քեզ անձամբ կընդունի…»: Ծիծաղեցի` անշուշտ վատ չի լինի… Ինչեւէ, ամեն դեպքում հաջորդ անգամ Հռոմ մեկնելիս հետս Վատիկանի համար զգեստ եմ վերցնելու, ով գիտե, մեկ էլ տեսար` դարձյալ ճիշտ ժամանակ ճիշտ տեղում հայտնված եղա:

Հայ քույրերի միաբանությունը

Մինչեւ Հռոմի մասին նոթերն ավարտելը, անշուշտ, որոշ տեղեկություններ էլ Հայ քույրերի միաբանության մասին, ում պատկանող հյուրատանը մնում էի Հռոմում: Արդեն հաղորդել եմ, որ սա միակ կանացի հոգեւոր օրդենն է հայ իրականությունում: Օրդենը հիմնադրվել է 1848-ին՝ Պոլիսում, Հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս, հետագայում կաթողիկոս Անտոն Հասունյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ: Իսկ իր հոգու ողջ ուժով, նվիրվածությամբ եւ սիրով այդ օրդենը կայացրել է Օր. Սրբուհի Հաճե Անտոնյանը (1803-1887), ով եղել է օրդենի առաջին Մեծամայրը (ղեկավարը):

Հայ միանձնուհիների օրդեն հիմնադրելը կրոնական ձեռնարկում էր, որը սակայն հավասարապես կամ նույնիսկ ավելի ծառայել է կրթալուսավորչական նպատակների: Նախանցյալ դարի կեսերին նույնիսկ Իզմիրում եւ Պոլիսում Հայ օրիորդաց վարժարաններ հաճախում էին ունեւոր ծնողների դուստրերը, մինչդեռ բոլոր մնացյալ աղջնակները մնում էին թերուս, եթե ոչ` ընդհանրապես առանց ուսման: Ինքնին հասկանալի է, Արեւմտյան Հայաստանի վիլայեթներում աղքատության եւ կարիքի պատճառով կրթություն չստանալն արդեն համատարած երեւույթ էր:

Ահա Անտոն արք. Հասունյանը, ով իր կրթությունը եւ աստվածաբանական խորագիտությունը ստացել էր Արեւմտյան Եվրոպայում, ծառայություն անցնելով Թուրքիո վիճակում` «խավարն անիծելու փոխարեն մոմ վառելու» լայնախոհությամբ հիմնադրում է Հայ քույրերի միաբանությունը: Այս կառույցը պետք է ապաստան ու սնունդ տար այն փոքրիկ աղջնակների հոգիներին ու մարմիններին, որոնք գալիս էին հայկական վիլայեթներից: Ուսումնառությունն ավարտելուց հետո սաներն իրենք էին որոշում` կատարել «Ողջախոհության, Աղքատության եւ Հնազանդության» հոգեւոր ուխտ եւ դառնալ միանձնուհի՞, թե՞ վերադառնալ աշխարհիկ կյանքի: Միանձնուհիները շարունակում էին ուխտի առաքելությունը նոր հիմնադրվող դպրանոցներում:

Մեծ Եղեռի նախօրեին օրդենն արդեն ուներ մեծաթիվ անդամներ, կրթարաններ, ու սաներ` աշխարհագրականորեն ընդարձակ տարածքում, սակայն արհավիրքի օրերին նյութեղեն ամենայն ինչ մատնվում է կորստյան, լինում են եւ ցավալի զոհեր: Վերապրածները, ովքեր կարողանում են հասնել Լիբանան, միայն ուխտի ավանդույթները եւ իրենց հոգեկան ուժն ունեին ապավեն` վերստին ոչնչից հառնելու համար: Վերստին հիմնադրվում են դպրոցներ, հավաքվում են սաներ, ուսուցչական սեղանի մոտ են կանգնում միանձնուհիներ Լիբանանում, Սիրիայում, Պոլիսում, Իրանում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում:

Իբրեւ աջակցություն Քույրերին` Հռոմի պապի միջնորդությամբ եւ խնդրանքով 1920-ական թվականներին, Մալթայի ասպետական օրդենը բոլորովին խորհրդանշական մի գումարով հայ միանձնուհիներին է վաճառում իրեն պատկանող ընդարձակ մի հողակտոր Հռոմի Տրաստեւերե թաղամասում: Հենց 20-ական թվականներին Մալթյան ասպետների նվիրաբերած այդ հողակտորի վրա էլ կառուցված են Հայ քույրերի միաբանության մայրավանքը, եւ վերջինիս հարեւանությամբ` «Villino Suore Armenie» հյուրատունը, որտեղ մնում էի Հռոմում գտնվելու օրերիս:

Ի դեպ, օրդենն այսօր էլ գործում է, ամբողջական անվանումն է «Անարատ հղիության հայ քույրերի միաբանություն»: Ներկա Մեծամայրը, ում ինքս դիմում էի Քույր Արմինե, իր բարեկրթությամբ, ինտելեկտով եւ կրոնական կերպարով հիրավի հարգանք է ներշնչում: Իսկ Հայաստանում, Գյումրիում գործում է «Տիրամայր Հայաստան» հաստատությունը, որը Հայ քույրերի միաբանության կրթօջախներից է:

Look. This is your Motherland

Հռոմից մեկնեցի Վիեննա: Վիեննայում ընդհանրապես եղա երկու անգամ, մի քանի ժամով` Բրատիսլավա մեկնելիս եւ Հայաստան վերադառնալիս: Այստեղ նախատեսված հանդիպումներ չկային, գործեր նույնպես… Այնպես որ, ուղղակի զբոսաշրջիկ էի, հիանում էի աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի ճարտարապետությամբ: Իհարկե, նաեւ փոքր-ինչ ափսոսեցի, որ այդքան մոտ գտնվելով` Վիեննայի Մխիթարյան միաբանությանն այցելել եւ տեսնել չի հաջողվում: Ընդհանրապես այս ողջ ուղեւորության ընթացքում, բացառությամբ Հռոմի հյուրատան, հայկական միջավայրում չեմ եղել: Միայն երկու անգամ, բոլորովին պատահաբար եմ հայի հանդիպել, բայց այնքան հաճելի հիշողություններ են, որ արժե դրանց մասին գրել:

Բրատիսլավայում պատահական մի կնոջ տրամվայի ուղերթ հարցրեցի: Պարզվեց` տեղացի չէ, Բուդապեշտից է, ուղերթը չգիտեր: Բայց խոսում էր անգլերեն եւ հետաքրքրվեց` արդյոք հյուր չե՞մ, որտեղի՞ց եմ: Պատասխանեցի, որ լրագրող եմ, Հայաստանից եմ: Ժպտաց` թե գիտե՞ք իմ մեջ հայկական արյուն կա, մայրս հայ է. «Ես այնքան էլ նման չեմ, բայց եթե քրոջս, մայրիկիս տեսնեք, նրանք ձեզ նման են, հայի նման»: Իհարկե ասացի, որ կարեւորը արտաքինը չէ, այլ ազգային ինքնագիտակցումը: «Ավելի ճիշտ` մայրիկիս ընտանիքն է Հայաստանից»: «Հավանաբար արեւմտահայե՞ր են, 1915թ. գաղթած»: «Հաստատ չգիտեմ, բայց գուցե»: Պարզվեց` ամուսինն ամերիկյան դիվանագետ է, եւ ծառայության հերթական ժամկետը Սլովակիայում ավարտվում էր. «Ով գիտե, գուցե հաջորդ նշանակումը լինի Երեւանում, այնպե՜ս եմ ցանկանում»: Ասացի, որ Երեւանը սքանչելի քաղաք է, անհնար է այն չսիրել: Եվ որպեսզի ասածս ապացուցեմ` Երեւանի մի բացիկ էր մոտս, նվիրեցի իրեն: Տվեց փոքրիկին, որ իր տղան էր, երեւի 5-6-ամյա, եւ ասաց` «Take it. Look. This is your Motherland» («Վերցրու, նայիր. սա քո հայրենիքն է»):

Երկրորդ հայը, ում նույնպես դիպվածով հանդիպեցի, արդեն նախկին երեւանցի էր, թեեւ… երեւանցին էություն է, այն նախկին չի լինում: Վահրամ Ճուղուրյան` STV-ի (Սլովակիայի նախկին պետական, այժմ հանրային հեռուստաընկերություն) առաջատար միջազգային լրագրող, գործուղումներն Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներ տրվում են հենց Վահրամին: Նրա մասին տեղեկացա Սլովակիայում նախագահի մամլո քարտուղարից: Նույնիսկ հեռախոսահամարը պրն Տրուբաչը տվեց, բայց Վահրամն այդ օրը Մինսկում էր: Հանդիպեցինք մի քանի օր անց, անսպասելի, երբ ես մեկ այլ հանդիպման համար գնացել էի STV:

Վահրամը Երեւանից մեկնել է 10 թե 15 տարի առաջ. վերջին անգամ Երեւանում եղել էր 98-ին կամ 99-ին: Ճիշտ է, երկուսս էլ շտապում էինք, այնուամենայնիվ STV-ով շրջելու ընթացքում Հայաստանի երեւի բոլոր քաղաքական տեղաշարժերը քննարկեցինք, Սլովակիայի իմ հանդիպումները` նույնպես: Ասացի, որ ամենախոր տպավորությունը ստացել եմ նրանից, թե ինչ դյուրին է մուտքը նախագահական պալատ: Բաց դարպասի մոտ ընդհանրապես ոչ ոք չկար, շքամուտքի առջեւ` երկու պատվո պահակ, ներսում` միայն քարտուղարուհի, ով գրանցում է այցելուներին, եւ քաղաքացիական հագուստով, Թոմ Կրուզից չտարբերվող մի աշխատակից, որ ժպտադեմ խնդրում է մետաղորսիչ սարքով անցնել: Ընդամենը եւ վերջ: Վահրամի արձագանքը տարակուսանքն էր. «Էհ, չգիտեի՞ր. ամեն տեղ էլ այդպես է, բացի ԱՊՀ-ից: Մի քանի օր առաջ Մինսկում նախագահական պալատի առջեւից ռեպորտաժ եմ ուզում վարել: Մինչեւ միկրոֆոնը կհանեի` երեք հոգի մոտեցան…»:

Բայց դե, երբ Եվրոպայում ես, ի՞նչ ԱՊՀ… Կորչեն ԱՊՀ-ն էլ, դրա նախագահներն էլ, մանավանդ Հայաստանինը: Ի սրտե ուրախ էի Վահրամի համար. հրաշալի տղա էր, Սլովակիայի լավագույն լրագրողներից մեկը եւ մեր հայրենակիցը: Իսկ երբ հարցրեցի` Երեւանը չի՞ կարոտում, պատասխանեց. «Այ, այդ մասին աշխատում եմ չմտածել»:

Ինխեբա

Վիեննայից եկող մայրուղով Բրատիսլավա մուտք գործելիս, գրեթե առաջինը, ինչ տեսնում եք` Դանուբի ափին վեր խոյացող Ինխեբա Թաուերն է:

Ինխեբան Բրատիսլավայի գլխավոր էքսպո-կենտրոնն է, զբաղեցնում է 40 հա տարածք: Այն օրը, երբ ինքս այցելեցի էքսպո-կենտրոն, ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների ցուցահանդես-վաճառք էր: Ցուցադրվում էին դրանք մի քանի հարկում, ինչ-որ անվերջ ձգվող տարածության մեջ, որքան էլ քայլեիր, տեսադաշտում միայն մեքենաներ էին: Մինչ այդ զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդես էր եղել, հաջորդ շաբաթ նախատեսվում էր ռազմական արդյունաբերության ցուցադրություն, եւ այդպես շարունակ:

Ինխեբան բացառիկ կազմակերպություն է, որ հիմնադրված լինելով Չեխիայի հեգեմոն դերի եւ կոմունիզմի ժամանակներում, ոչ թե Պրահայի մասնաճյուղ է եղել, այլ ինքն է մասնաճյուղ ունեցել Պրահայում, այժմ` նաեւ Բուդապեշտում: Երբ Վահրամին ասացի, որ Ինխեբա եմ գնալու պրն Ռոզինի հետ հանդիպման, իմիջիայլոց ճշտեց. «Գիտես, չէ՞, Սլովակիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է»: Ինքնաբերաբար հարցրի. «Ինչ է, Սլովակիայո՞ւմ էլ հարուստներ կան»: Հասկանալի է, նրանց համեմատությամբ, ում Հայաստանում են օլիգարխ համարում, Սլովակիայում Մորգաններ ու Ռոտշիլդներ կան, բայց հարեւան Ավստրիայի, կամ էլ, ո՜ւր մնաց, Գերմանիայի համեմատությամբ… Այնպես որ՝ լրացուցիչ տեղեկությունն առանձնապես տպավորություն չգործեց:

Տպավորություն գործեց պրն Ռոզինն ինքը: Այդ մարդու հանգստությունից, ինքնավստահությունից ու բարյացակամությունից անհնար էր չտպավորվել:

Շարունակելի