«Խորհրդարանն ազնվական օրիորդների հավաքածու չէ»

24/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Իսկ մինչ այդ, պատգամավորների գրանցումից հետո, ինչպես եւ սպասվում էր, հրաժարական ներկայացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ում ղեկավարած «Օրինաց երկիրը» բոլորովին վերջերս դուրս եկավ կոալիցիայի կազմից: Դրանից հետո իրենց ղեկավարին հետեւեցին նաեւ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ` Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների ՕԵԿ-ական նախագահներ Մհեր Շահգելդյանն ու Գագիկ Մխեյանը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո պնդում է իր հրաժարականի դիմումը, ապա այն համարվում է ընդունված: Հակառակ դեպքում` առ ոչինչ: Սակայն այդ հնգօրյա ժամկետը լրանում է մայիսի 27-ին` շաբաթ օրը, որն աշխատանքային օր չէ: Եվ, ինչպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, Ա. Բաղդասարյանն իր հրաժարականի դիմումը պետք է պնդի մայիսի 29-ին: Իհարկե, այս օրենսդրական սողանցքը լավ հնարավորություն է տալիս Արթուր Բաղդասարյանին` մտափոխվելու դեպքում հետ կանգնել իր հրաժարականից, քանի որ ԱԺ կանոնակարգը հստակ սահմանում է` «հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո»: Հաշվի առնելով Ա. Բաղդասարյանի «լողացող» քաղաքականությունը, երբ նա ՀՀ ապագան մի օր տեսնում է ՆԱՏՕ-ում եւ եվրոպական ընտանիքում, մի օր էլ՝ հայտարարում է, թե ինքը եղել է եւ կլինի հայ-ռուսական համագործակցության զարգացման հուսալի կողմնակից, ապա նրա որեւէ ասածի այլեւս չպետք է միանշանակ վերաբերվել: Այնպես որ՝ բացառված չէ, որ հենց շաբաթ օրը որոշի, որ չպետք է հրաժարական տա: Ինչը, սակայն, ՕԵԿ-ում բացառում են։

Իսկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժեշտի խոսքից տպավորություն ստեղծվեց, որ ինքը բավական վախեցած է եւ այդ հրաժարականը ներկայացրել է նույն վախի արդյունքում: «Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը վախեցած են: Այո, մենք պայքարելու ենք վախի հասարակության դեմ՝ ազատ հասարակության համար: Մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունն ու ազատությունը եւ ոչ թե վախի հասարակությունը, պետք է լինեն ՀՀ քաղաքական ապագան»,- վախի դեմ պայքարելու կոչ արեց Ա. Բաղդասարյանը: Երեկ նա մի կերպ հաղթահարելով իր վախը` հիշեց, որ այս տարիների ընթացքում ժողովրդի շահերին հակասող մի շարք օրինագծեր են բերվել ԱԺ: «Ժողովրդի շահերին հակասող յուրաքանչյուր օրենքի նախագծի դեպքում, իսկ դրանք եղել են բազմաթիվ, մենք փորձել ենք հանդես գալ, բերել մեր մոտեցումները, մեր դիրքորոշումները՝ Հայաստանի զարգացման շուրջ մեր պատկերացումները»,- ասաց նա: Եվ այլեւս իրեն ընդդիմադիր հռչակած Ա. Բաղդասարյանը «ցավով» արձանագրեց, որ «կոռուպցիայի եւ կլանային տնտեսության դեմ պայքարը պետք է հռչակվի քաղաքական առաջնահերթություն»: «Ամեն ինչ չափի մեջ կարելի է հասկանալ, բայց այն, ինչ արվել է չափից, խելքից, տրամաբանությունից ու սահմանից դուրս, մենք չենք կարող պաշտպանել»,- որպես ԱԺ նախագահ իր վերջին ելույթում հոխորտաց Բաղդասարյանը` կանխագուշակելով, որ եթե ՀՀ-ում ծնելիության ու մահացության մակարդակն այսպես շարունակվի, ապա «2050 թվականին Հայաստանում կմնա 500 հազար մարդ, այն էլ, եթե որեւէ մեկը խոպան չգնա»: Իր ելույթում Ա. Բաղդասարյանը երեկ փորձեց ցրել այն մտավախությունը, թե իր ընդդիմադիր դառնալը համաձայնեցված է իշխանությունների հետ: Ավելին, նա վստահեցրեց, որ իրենք լինելու են արմատական ընդդիմություն: «Քննադատելու ենք ամենաարմատական դիրքերից, ցանկացած բացթողում եւ սխալ քայլ, ում կողմից էլ որ այն ուզում է արված լինի՝ հանրապետության նախագահի, կառավարության, ցանկացած քաղաքական ուժի ու կառույցի կողմից»,- մատ թափ տալով նախազգուշացրեց Բաղդասարյանը: Բայց եթե իշխանությունները կամ ընդդիմությունը «որեւէ լավ, ազնիվ բան անեն հայրենիքի համար», ապա ՕԵԿ-ը կանգնելու է նրանց կողքին: Այսքանից հետո, երբ արդեն քվեարկության էր դրվելու ԱԺ օրակարգը հաստատելու նախագիծը, այլեւս հրաժարական ներկայացրած Ա. Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանն ու Գագիկ Մխեյանը միանգամից լքեցին դահլիճը: Վայրկյաններ անց նրանց հետեւեցին դեռեւս ՕԵԿ խմբակցության կազմում մնացած պատգամավորները, ովքեր եւս չմասնակցեցին օրակարգի հաստատման քվեարկությանը:

Ա. Բաղդասարյանի` ՀՀ-ում առկա վախի մթնոլորտի մասին հայտարարությունները բավական ակտիվացրին ընդդիմությանը: Օրինակ, «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանն առաջարկեց քննարկել ԱԺ նախագահի հրաժարականը: Բայց քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքով նման բան նախատեսված չէր, ԱԺ նիստի վարման կարգի, ինչպես նաեւ` ԱԺ նիստը նախագահողին օրակարգի վերաբերյալ հարցեր տալու իրավունքն ընդդիմությունն օգտագործեց` Արթուր Բաղդասարյանի հրաժարականի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար, թեեւ` այդ ժամանակ արդեն պարոն Բաղդասարյանը լքել էր նիստերի դահլիճը: Ա. Բաղդասարյանի հրաժարականը երեկ ամենաշատը հուզել էր Արտաշես Գեղամյանին ու Հմայակ Հովհաննիսյանին: «Պարոն Բաղդասարյանը շատ արդարացի ասաց, որ հակաժողովրդական բազմաթիվ օրինագծեր են բերվել, եւ իրենք ընդվզել են դրանց դեմ: Գաղտնիք չէ, որ այդ օրինագծերը ներկայացրել է ոչ «Արդարություն» դաշինքը կամ «Ազգային Միաբանությունը», այլ կոալիցիան: Եվ ես շնորհավորում եմ Տիգրան Սուրենովիչին. ձեր մեծահոգությունը` հակաժողովրդականության մեջ մեղադրվելու հետ մեկտեղ, այնքան վսեմություն ունեք, որ շնորհակալություն հայտնեցիք Ա. Բաղդասարյանին»,- իրեն յուրահատուկ պաթետիկ ոճով՝ դիմելով Տ. Թորոսյանին, ասաց Արտաշես Մամիկոնիչը: ԱՄ առաջնորդը Ա. Բաղդասարյանին մեղադրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները չտալու ու քննադատության պահերին նրանց շրջանցելու համար: «Ասել կուզի, որ համաներում է շնորհել համատեղ աշխատանքի ընթացքում պարոն Քոչարյանի ղեկավարությամբ թույլ տված բոլոր այդ հակաօրինական գործողությունների համար, ինչի համար շնորհավորում եմ պարոն Քոչարյանին նույնպես,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը եւ զգուշացրեց Ռ. Քոչարյանին,- ուշադիր եղեք, հիմա աչալուրջ կլինի «Օրինաց երկիրը»: Եվ վերջապես, երկրի երկրորդ դեմք եք փոխում, ի՞նչ է նշանակում` դիմումը հարգել կամ չհարգել, երբ լրջագույն մեղադրանքներ են հնչեցվել նույն Ա. Բաղդասարյանի կողմից: Ի պատիվ իրեն եմ ասում, եկեք տեսնենք, եթե ճիշտ է, ապա ասենք` հալալ ա քեզ, եթե խաղեր եք խաղում` ապա բավական է: Բավական է, ժողովուրդը հոգնել է ձեզանից»: Գեղամյանին լրացնելու եկավ նաեւ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ում կարծիքով, իր վստահության հարցը դնելու փոխարեն հրաժարական տալը հենց Ա. Բաղդասարյանի ակնարկած վախի մթնոլորտի հետեւանք է: «Ընտրովի ղեկավարը խուսափում է իր վստահության հարցի արծարծման միջոցով թողնել իր պաշտոնը, այլ գերադասում է հրաժարական տալ դիմումով, ինչպես ինչ-որ մի «ժէկ»-ի պետ: Եվ ավելացնում է, թե երկրում տիրում է համատարած վախի մթնոլորտ` վկայակոչելով սոցիալական հարցումները: Իր հրաժարականի ընտրված ձեւը նույնպես վախի հետեւանք է: Մյուս կողմից՝ մենք այսօր մտել ենք մի սարսափելի հակասությունների դաշտ, որը պարտավոր ենք քննարկել, քանի որ խորհրդարանն ազնվական օրիորդների հավաքածու չէ,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը` ավելացնելով,- իրար մահացու մեղքերի մեջ են մեղադրում, հետո էլ շնորհակալություն հայտնում միմյանց: Մարդը հայտարարում է, որ 70 տոկոսը վախի մթնոլորտում է ապրում, իսկ դուք շնորհակալություն եք հայտնում. էս ի՞նչ փարիսեցիություն եք անում»: Երեկ ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն իզուր էր փորձում հանդարտեցնել կրքերը եւ պատգամավորներին բացատրել, որ իրենց ելույթները կապ չունեն օրակարգի հետ: Ա. Բաղդասարյանի թասիբին կանգնելու առաքելությունը դարձյալ ստանձնել էր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով իր կուսակցության ղեկավարի հասցեին հնչեցված արտահայտություններին պատասխանելու համար Ա. Բաղդասարյանի աշխատասենյակից անմիջապես իջավ դահլիճ եւ ընդդիմությանը մեղադրեց հակաժողովրդական օրենքների քննարկման ժամանակ նիստերին մասնակցելուց հրաժարվելու մեջ: «Իսկ մեր վախը վաղուց են բռնել եւ դատապարտել են ազատազրկման: Մենք ունենք մեր քաղաքական գիծը, որն ասել ենք եւ ազնիվ ու հստակ արտահայտել ենք մեր տեսակետները,- ասաց Հ. Մարգարյանը` ավելացնելով,- շատ հաճախ սատանաները, չգիտես ինչու, խոսում են սրբերից»: