Մայիսի 19-ին ժամը 10:30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր` Էդվարդ Ավետիսյան) կայացավ դատական նիստ` ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի` ընդդեմ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավարության:
Հիշեցնենք, որ 2006թ. մարտի 4-ին թատրոնի տնտեսական գծով աշխատակազմն՝ առանց վարձակալող կողմին՝ «Ժառանգություն» կուսակցությանը տեղյակ պահելու, ապօրինաբար նոր կողպեք էր տեղադրել 1994թ.-ից ի վեր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Վազգեն Սարգսյան 7 հասցեում վարձակալված գրասենյակի շքամուտքի դռան վրա: Նույն օրն իսկ թատրոնի տնօրինությունը ստանձնել էր արարքի պատասխանատվությունը` «կոծկելով անօրինականության իրական պատվիրատուներին»: Մինչ օրս կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակային ու անձնական իրերը գտնվում են թատրոնի ղեկավարության տնօրինության տակ: Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր՝ պարզաբանելով, թե թատրոնի տնօրինության ու Հովհաննիսյանի միջեւ ծագած վեճը քաղաքացիաիրավական դաշտում է եւ գտնվում է դատարանի իրավասության ներքո:
Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության` ըստ որի` պահանջվում էր վերացնել գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքի խախտումները: Նույն օրը թատրոնի ղեկավարության կողմից իր տնօրինության տակ հայտնված գույքի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելն արգելելու նկատառումով հայցվորի կողմից միջնորդություն էր ներկայացվել` իբրեւ հայցի կատարման միջոց վերացնել Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգություն» կուսակցության գույքի նկատմամբ դրված արգելքը: Այն դատարանի որոշմամբ բավարարվել եւ ուղարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայություն: Սակայն վերջինս ինչ-ինչ պատճառաբանությամբ ետ էր վերադարձրել դատարանի այդ որոշումն ու կատարողական թերթը: Դատարանը մայիսի 19-ին նույն որոշումը երկրորդ անգամ ուղարկեց ԴԱՀԿ:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատական նիստը նշանակել էր մայիսի 19-ին, որի մասին պատշաճ կարգով ծանուցվել էին կողմերը: Դատական նիստը բացվեց պատասխանողի բացակայությամբ, որը միաժամանակ միջնորդություն չէր ներկայացրել նիստն իր բացակայությամբ շարունակելու վերաբերյալ: Սակայն պատասխանողը վաղօրոք գրավոր տեղեկացրել էր իր «դիրքորոշման ու պահանջի» մասին. թատրոնի տնօրինության ու վարձակալի միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը նոտարական կարգով վավերացված չէ, հետեւաբար առ ոչինչ է, իսկ հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման: Թատրոնի այս «առարկությունը» հիմք դարձավ, որպեսզի Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչը` փաստաբան Վահագն Գրիգորյանը, հանդես գա հայցային պահանջներն ավելացնելու մասին միջնորդությամբ` այդ կապակցությամբ ներկայացնելով համապատասխան ապացույցներ: Ավելացված հայցապահանջներով պահանջվում է կիրառել առ ոչինչ գործարքների անվավերության հետեւանքները: Այս ամենի հիման վրա դատարանը որոշում կայացրեց` գործի քննությունը հետաձգել եւ նոր դատական նիստը նշանակել արդեն հունիսի 1-ին:
Սեփ.լր.