«Հիմա էդ խաղը ձեր գլխին գա»

24/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Երեկ ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականը վերածվեց մեր խորհրդարանի համար սովորական դարձած գռեհիկ լեզվակռվի ու փոխադարձ մեղադրանքների: Իսկ հակամարտող կողմերն այս անգամ «ԱՄ»-ն ու ՕԵԿ-ն էին: «Եթե երկու քաղաքական գործիչ իրար հետ վիճում են եւ միմյանց մեղադրում են կոռուպցիայի ու վատ կառավարելու մեջ, ապա սա միակ դեպքն է, երբ երկուսն էլ ճիշտ են»,- ՕԵԿ-ԱՄԿ բանավեճն այսպես բնութագրեց ԱԺ պատգամավորներից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը:

Իսկ այն, որ ՕԵԿ-ն ու «ԱՄ»-ն պետք է այդպիսի լեզվակռվի բռնվեին` սպասելի էր: Երեկվա նիստին Ա. Գեղամյանը եկել էր բավական զայրացած, քանի որ նախօրեին Ա. Բաղդասարյանն «Ազատություն» ռ/-ին տված հարցազրույցում Գեղամյանին մեղադրել էր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մեջ: Իսկ ԱԺ դահլիճում ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ԱՄ» խմբակցության ղեկավար Ա. Գեղամյանն Ա. Բաղդասարյանին մեղադրեց իշխանությունների հասցեին քննադատելիս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները չտալու եւ նրանց շրջանցելու համար, ինչը, Մամիկոնիչի կարծիքով, խոսում է ԱԺ նախագահի մատնանշած վախի մթնոլորտի մասին: Գեղամյանը կասկած հայտնեց, թե ՕԵԿ շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձություններն ընդամենը խաղեր են: «Գիտենք` ով եւ ում հետ է խաղում, ով է իր գործընկերներին «քցում», շատ ճարպիկ լինելով` շատ էժան վաճառվում: Ինքներդ ձեզ ճանաչելով, ինքներդ ձեր վարկանիշն իմանալով` փորձեք դա չտարածել մեկ ուրիշի վրա»,- Գեղամյանին պատասխանեց ՕԵԿ անդամ Հ. Մարգարյանը: «Մարգարյան Հովհաննես, դու պառաշոկի գործից խոսիր, կաթի պառաշոկի մասին եմ ասում: Ես հասկանում եմ նաեւ Վռամ Գյուլզադյանին: Մի երկիր, որտեղ դատախազը ծառատունկով է զբաղված, քաղաքականությունն իրականացնելու են կարտոֆիլագործները: Սա է մեր այսօրվա իրականությունը»,- տեղից նկատեց Ա. Մամիկոնովիչը: Նիստը նախագահող Տիգրան Թորոսյանը բազմիցս փորձում էր բանավեճը տեղափոխել քաղաքակիրթ դաշտ, այնուհետեւ վերադառնալ ԱԺ օրակարգի քննարկմանը, որն այդպես էլ չէր սկսվել արդեն 1 ժամ ընթացող նիստում: Բայց Տ. Թորոսյանի բոլոր փորձերն անցան ապարդյուն:

Քիչ անց ՕԵԿ-ԱՄ փոխհրաձգությունը նոր թափ ստացավ: Ա. Բաղդասարյանը, որ հրաժարականի դիմումը հրապարակելուց հետո բարձրացել էր իր աշխատասենյակ, վերադարձավ նիստերի դահլիճ: Եվ պարզաբանումների համար մոտենալով ամբիոնին` դիմեց Ա. Գեղամյանին. «Շատ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի մասին: Այո, 2003 թվականի նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը շիտակ, տղամարդու պես պաշտպանել է Քոչարյանի թեկնածությունը` եւ առաջին փուլում, եւ երկրորդ փուլում: Ի տարբերություն որոշ առաջնորդների, որոնք առաջին փուլից հետո լքեցին ընդդիմադիր ճամբարը, որովհետեւ եթե նրանք չլքեին ընդդիմադիր ճամբարը, Հայաստանում այսօր բոլորովին այլ քաղաքական իրավիճակ էր լինելու: Ինչո՞ւ լքեցին: Դրա մասին գրել են, դրա մասին խոսում է ժողովուրդը: Խոսում եք պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից: Բայց նույն պաշտպանության նախարար Ս. Սարգսյանից ֆինանսական աջակցություն եք ստանում` ստվերային խողովակներով: Ասել ենք փաստերով, հիմա էլ ենք ասում»,- հայտարարեց ԱԺ նախագահը: «Փաստ ունես՝ դատի տուր. Ս. Սարգսյանին` կաշառք տալու, ինձ էլ` վերցնելու համար, թե չէ հիմա Սերժի զակազն ես կատարում»,- տեղից արձագանքեց Ա. Գեղամյանը: «Սերժի զակազը դուք եք կատարողը` նրան ապրանքներ մատակարարելով: Պատգամավորներից մեկը հարց է տվել, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ ձեր խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանն այսօր կատարում է պաշտպանության նախարարության պատվերներն ու բանակի համար համազգեստներ է կարում իր ֆաբրիկայում: Արդյոք առանց առաջին դեմքերի հետ լուրջ կապերի հնարավո՞ր է նման բան: Ա. Գեղամյանը խոսում է Սերժ Սարգսյանի դեմ, իսկ նրա խմբակցության անդամն ապրանք է մատակարարում Պաշտպանության նախարարությանը»,- շարունակեց Ա. Բաղդասարյանը: Երբ Ա. Գեղամյանն ու Գ. Կոստանդյանը փորձեցին արձագանքել տեղից, Ա. Բաղդասարյանը ձայնի տեմբրը բարձրացնելով ասաց. «Մի րոպե հանգիստ, երիտասարդ, ես խնդրում եմ` լռություն: Ես կսպասեմ, ես ձեր նման հոգեվարքի մեջ չեմ, ես համբերություն ունեմ: Երբ որ այս դահլիճում խոսվում էր նույն սեփականաշնորհման մասին, դուք չկայիք, ընկերներ: Երբ որ այս դահլիճում խոսվում էր հեռախոսները գաղտնալսելու մասին, դուք էլի չկայիք: Երբ որ խոսվում էր 1500 մանկապարտեզից 1300-ը վաճառելու մասին, դուք կայիք, բայց անձնավորված, թիրախավորված քննադատություններ հնչեցնելով հրապարակային, կողքից ուրիշ բանով զբաղվելով»:

Օգտվելով արտահերթ ելույթի իր հնարավորությունից, Ա. Բաղդասարյանը շարունակեց, բայց այս անգամ արդեն անեծքների մակարդակով. «Տեղի ունեցածն ինձ համար մարդկային մեծ ողբերգություն էր: Հիմա եթե դա որոշ մարդկանց համար խաղ է, ապա պատասխանը մեկն է` հիմա էդ խաղը ձեր գլխին գա, թող էդ խաղը ձեր մերձավորների գլխին գա: Շահարկում եք, թե ինչո՞ւ հրաժարականիս հարցը չդրեցի քվեարկության: Դնեի քվեարկության, որ հետո շահարկեիք, թե` պայմանավորված է, դրել է քվեարկության, որ պաշտոնին մնա»: Թեժացած այս լեզվակռվի ընթացքում Ա. Գեղամյանն Ա. Բաղդասարյանին առաջարկեց այն շարունակել հեռուստաեթերում` բանավեճի տեսքով: «Եթե որեւէ հեռուստաընկերություն մեզ կհրավիրի բանավեճի, ես հաճույքով պատրաստ եմ բանավիճել»,- մարտահրավերն ընդունեց Ա. Բաղդասարյանը: «Երկիր Մեդիան» պատրաստ է հրավիրել, այնտեղ ձեզ սպասում են»,- առաջարկեց Վահան Հովհաննիսյանը: Նիստից հետո Վ. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` «Երկիր Մեդիայում» որպես ի՞նչ է աշխատում, որ նրանց անունից հայտարարում է եթեր տրամադրելու պատրաստակամության մասին: «Ես այդ հեռուստաընկերության գլխավոր տնօրենի ընկերն եմ: Եվ ես կբարեխոսեմ, որ եթեր տրամադրի: Եթե չտրամադրեց, ուրեմն նրան այդ բանավեճը հետաքրքիր չէ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը, ում կարծիքով այդ բանավեճը թեեւ «կրքոտ» էր, բայց բավական քաղաքակիրթ: Ինչեւէ, այդ բանավեճից հետո, ինչպես մեզ հետ զրույցում ասաց դեռեւս կոալիցիայի մաս կազմող պատգամավորներից մեկը, Ա. Գեղամյանի եւ Ա. Բաղդասարյանի պայքարն իրականում Ս. Սարգսյանի փողերի համար է: «2-ն էլ սնվում են նույն աղբյուրից: Եվ հիմա, երբ ընդդիմադիր դառնալու հայտ է ներկայացրել նաեւ ՕԵԿ-ը, Գեղամյանը վախենում է, որ ՕԵԿ-ը ոչ միայն ընդդիմադիր դաշտում իր տեղը կզբաղեցնի, այլեւ` Ս. Սարգսյանն այսուհետ ավելի շատ կսկսի ֆինանսավորել ոչ թե ԱՄ-ին, այլ Բաղդասարյանին»: