«Պահը կգա, երբ մեր մոնոպոլ կարգավիճակից կբողոքեն»

24/05/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Մայիսի 22-ին «Տնտեսական լրագրողների ակումբի» կազմակերպած կլոր սեղանի հյուրն էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Տրամաբանական է, որ «Բնական գազի ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցը պետք է լիներ հենց մոնոպոլիստ ընկերության ղեկավարը:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդի» հիմնադիրները ՀՀ կառավարությունը (45%), ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն (45%) եւ «Իտերա» Միջազգային էներգետիկ կորպորացիան են (10%): Ընկերությունն ամենամեծ կանոնադրական կապիտալը (280 մլն դոլար) ունի Հայաստանում եւ 3-րդ խոշոր հարկատուն է:

Կ. Կարապետյանի հավաստմամբ, «ՀայՌուսգազարդը» վերջին 3-4 տարիներին «աննախադեպ գազիֆիկացում» է ապահովել: «Որեւէ այլ երկիր նման ցուցանիշ (3 տարվա ընթացքում 70-80%-անոց սպառման աճ) չի արձանագրել: 3 տարում 60 մլն դոլարի ներդրում ենք կատարել: Ընդ որում, որեւէ երկիր չկա, որտեղ գազիֆիկացումը գազի ընկերության խնդիրը լինի: Հիմնականում դա տեղական, նահանգային, դաշնային իշխանությունների ձեռքին է»,- համեմատում է ընկերության ղեկավարը: Նրա խոսքերով, մինչեւ 2002թ. ընկերությունը վնասով է աշխատել: «Բիզնեսը լավացնելու համար 2 տարբերակ կար` բարձրացնել սակագները կամ ընդլայնել շուկան: Ընդ որում, այդ տարբերակներն իրար չեն հերքում, եւ մենք գնացինք` շեշտը դնելով ավելի շատ երկրորդ տարբերակի վրա, քանզի սակագների բարձրացումը կարող էր հանգեցնել շուկայի անընդհատ նեղացմանը»,- վստահեցնում է Կ. Կարապետյանը: Ի՞նչ է անում «ՀայՌուսգազարդն» այս ուղղությամբ: Բաժանորդների համար նախատեսված 40.000 դրամ կանխավճարի պայմանն, ըստ ընկերության ղեկավարի, մինչեւ օգոստոսի 1-ը չի գործելու: Իսկ դրա բացատրությունը հետեւյալն է. հոկտեմբեր-դեկտեմբերին գազից օգտվել ցանկացողների թիվը մեծանալու է, իսկ «ՀայՌուսգազարդը» չի հասցնելու նրանց բավարարել, ուստի աշխատանքի ռիթմը կարգավորելու համար նման «զեղչեր» է կիրառում: «Բացի այդ, երկու բանկի հետ պայմանավորվել ենք, որպեսզի վարկի տեսքով տրամադրվեն ներտնային համակարգի այն միանվագ վճարները, որոնց պատճառով պոտենցիալ բաժանորդը չէր դառնում ռեալ բաժանորդ»,- ասում է Կ. Կարապետյանը: Նա նաեւ վստահեցնում է, որ հունիս-հուլիսին գազիֆիկացվելու են Երեւանի Դավիթաշեն, Նոր Նորք եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքները:

Ընկերության ստորգետնյա պահեստավորումն այսօր 95 մլն խմ գազ կարող է տանել, այն դեպքում, երբ 2 տարի առաջ իր տարողունակությունը 70 մլն էր: Կ. Կարապետյանի խոսքերով, ստորգետնյա պահեստավորման իրենց հայեցակարգը փոխվել է: «Եթե նախկինում ասում էինք, որ 27-30 մլն դոլար է մեզ պետք, որպեսզի հասնենք 250-270 խմ գազ տարողության, ապա այժմ որոշել ենք այդ ծրագիրն իրականացնել 5 մլն դոլարով, հասնել մինչեւ 150 մլն խմ: Ունենալով Հայաստան-Իրան այլընտրանքային գազամուղը` 27-30 մլն դոլար ներդրումը համարում ենք անարդյունավետ: Մենք այդ ներդրումը կանենք միայն այն ժամանակ, երբ ստորգետնյա պահեստավորումը ռեգիոնալ նշանակություն ունենա»,- նշում է «ՀայՌուսգազարդի» տնօրենը:

Նա դժգոհում է այն փաստից, որ անցյալ տարվա նոյեմբերի 1-ից ներտնային համակարգի սպասարկման «բեռը» դրվել է ընկերության վրա: «Ըստ իս, դա անտրամաբանական եւ ժամանակավոր լուծում է: Ներտնային համակարգի սպասարկման մեջ պետք է առավելագույնս թողնել լիբերալ դաշտը, իսկ վերջինս կարգավորելու համար կային համապատասխան ատյաններ, որոնք պետք է վերահսկեին լիցենզիան, որակի կատարումը եւ այլն: Ընդ որում, զարմանալին այն է, որ ցանկացողները հենց սպառողներն էին: Ես հայտարարել եւ հայտարարում եմ, որ պահը կգա, երբ մեր մոնոպոլ կարգավիճակից կբողոքեն»,- ասում է Կ. Կարապետյանը:

Այդ «պահն» անցած ձմեռ եկավ, երբ ներտնային համակարգի անսարքությունների պատճառով հանրապետությունում, հատկապես` Շիրակի մարզում, բազմաթիվ մարդկային զոհեր եղան: «Պրոբլեմն ամբողջ գազասարքերի վերազինումն է, որը 1 օրում հնարավոր չէ իրականացնել: Օրինակ, Արարատի մարզում մեր ստուգայցերը ցույց էին տվել, որ 10 տնից 8-ում կա գազի օգտագործման խախտում: Եվ այդ 8 տներին մենք չենք կարող ասել. «Դուք պարտավոր եք գազի սարքերը փոխել»: Դա մեծ սոցիալական լարվածություն կառաջացնի»,- ասում է «ՀայՌուսգազարդի» ղեկավարը: Նա բողոքում է նաեւ ընկերության մյուս բիզնեսից` ջերմամատակարարումից: «Մեր պատկերացմամբ, այսօրվա սակագներն այնպիսին են, որ ջերմամատակարարման մեջ գումար ներդնելն անտրամաբանական է: Այսօր ջերմամատակարարման բիզնեսն իր ծառայությունը վաճառում է 1կվտ/ժամի համար մոտ 14-15 դրամով: Շահույթ ապահովելու համար պետք է դա լինի 20 դրամ: Իսկ վերջինիս դեպքում իր բիզնեսի կարիքը չկա, որովհետեւ 20 դրամն էլեկտրաէներգիայի միջինացված սակագինն է: Պետության խնդիրն այստեղ ճիշտ խաղի կանոնների սահմանումն է: Լուծումներից մեկն այն է, որ ջերմամատակարարման համար գազի հատուկ սակագին սահմանվի: Կամ պետությունը դոտացիա է տրամադրում, կամ էլ սակագինը սահմանելու համար վերադասավորում է լինում. ուրիշ բաժանորդների համար դա բարձրանում է»,- իր դժգոհությունն այսպես է հիմնավորում Կ. Կարապետյանը:

Իսկ «ՀայՌուսգազարդի» բիզնեսի ձեւերն այսքանով չեն սահմանափակվում: Ընկերությունն էլեկտրաէներգիա է արտահանում. այս տարի մոտ 5 մլն դոլարի էլեկտրաէներգիա է մատակարարել Վրաստանին: Իրան-Հայաստան գազատարի շինարարության ենթակապալառուն է եւ գազամուղի 22,5 կմ-անոց հատվածի հողային աշխատանքներն ինքը պետք է իրականացնի: Ավելին, ըստ Կ. Կարապետյանի, Հայաստանն ավելցուկային էներգետիկ հզորություններ ունի, եւ «ՀայՌուսգազարդը» մտածում է այլ երկրներում էներգետիկայի ոլորտի բիզնեսներին մասնակցել:

Ու թեեւ 2003 թվականից ընկերությունը շահույթով է աշխատում, այնուամենայնիվ, Կ. Կարապետյանը հավաստիացնում է, որ «ՀայՌուսգազարդի» շահույթը կոնսոլիդացված է: Այսինքն չի երեւում, թե որ մասն է ստացվել գազի վաճառքից, որը` գործունեության այլ տեսակներից: Ընկերության ղեկավարը չմոռացավ նաեւ նշել, որ «ընկերության շնորհիվ բնակչությունը տնտեսում է»: Նրա հաշվարկների համար հիմք են հանդիսացել փայտի, դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի գները: