Բանկերը մասնավոր տրանսֆերտներին չեն վստահում

24/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիներից շատերի եկամուտների չափն ու մեծ մասը թաքնված է: Իսկ մեր բանկերը ոչ բոլոր կողմնակի եկամուտներն են հաշվի առնում: «Կողմնակի եկամուտ» ասելով` այս անգամ եկեք նկատի չունենանք կաշառքները կամ այլ «լեւի» գումարները: Մեր հայրենակիցներից շատերը երկար տարիներ կայուն ու մեծ եկամուտներ են ստանում նաեւ արտասահմանում գտնվող իրենց հարազատներից: Նույնիսկ ավելին, դրսից եկող մեր եկամուտներն ավելի շատ են, քան այն մասը, որ ձեռք ենք բերում հայրենիքում: Չէ՞ որ, փորձագետների կարծիքով, 2005թ. Հայաստանը ստացել է ավելի քան 1 մլրդ դոլարի տրանսֆերտ, ավելին, քան մեր բյուջեն է: Տնտեսագետների կարծիքով, այս համամասնությունը կպահպանվի նաեւ առաջիկա տարիներին: Եվ այս «կողմնակի եկամուտները» թեեւ բանկային համակարգով են հասնում Հայաստան, բայց նույն բանկերը հիփոթեքային վարկեր տրամադրելու դեպքում դրանց գոյությունը հաշվի չեն առնում: Եվ ՀՀ քաղաքացիներից շատերը, որոնք արտասահմանից երբեմն ավելի շատ եւ կայուն գումար ունեն, քան այստեղ մշտական գործ ունեցողները, իրենց եկամուտներով չեն կարողանում վարկ վերցնել եւ բնակարան գնել: Մեր առեւտրային բանկերն այս գումարի վրա հույս դնելը չափից դուրս ռիսկային են համարում: Նույնիսկ մի քանի տարի անընդմեջ ստացած գումարների կտրոնները նրանց հույս չեն ներշնչում, որ դրսի եկամուտը կշարունակվի նաեւ ապագայում:

«Մենք չենք կարող հույս ունենալ, որ դրսից կայուն եւ մեծ գումարներ ունեցողի գործերը միշտ լավ կլինեն,- ասում է «Հայէկոնոմբանկի» փոխտնօրեն Դավիթ Սուքիասյանը: -Վարկը ստանալուց հետո միգուցե նրա բիզնեսը կկանգնի, կամ էլ ինչ-որ դժբախտություն կպատահի, ու նա ձեռնունայն կվերադառնա Հայաստան: Մենք ինչո՞վ համոզված լինենք, որ նախորդ մի քանի տարիների եկամուտը կպահպանվի նաեւ հաջորդ 6-7 տարիներին»:

Գրեթե նույն պատասխանը տվեցին նաեւ «Կոնվերսբանկից» ու մյուս առեւտրային բանկերից: Միայն գերմանական KFW բանկից տեղեկացրին, թե որոշել են իրենց հիփոթեքային վարկի փաթեթում ներառել նաեւ բարեկամական կապերով դրսից եկող մասնավոր գումարները: Հայաստանում այդ բանկի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանի կարծիքով` ճկուն մեխանիզմ ստեղծելու դեպքում մեր բյուջեն գերազանցող տրանսֆերտների մի մասը հնարավոր է ներքաշել հիփոթեքային շրջապտույտի մեջ: Ինչպես գիտենք, Գերմանական KFW բանկն այս տարի ՀՀ բանկերին կտրամադրի 12 մլն եվրո կամ մոտ 15 մլն դոլար, որպեսզի վարկավորեն հիփոթեքային շուկան:

Տրանսֆերտներից բացի, փաստաթղթերով հնարավոր չէ ապացուցել նաեւ Հայաստանում ստացած եկամուտների մեծ մասը, որովհետեւ մեր գործատուները` հիմնականում մասնավոր հատվածը, աշխատավարձ վճարում է ծրարով: Աշխատավարձերի մատյաններում գրանցում են մի սիմվոլիկ գումար, որպեսզի քիչ վճարեն սոցիալական ապահովագրության վճարները եւ եկամտահարկերը: Որովհետեւ այդ հարկերի չափը հաշվարկվում է ֆիքսված աշխատավարձի չափից: Հնարավոր է, որ մասնավոր հատվածում աշխատողը ստանա ամսական 300-500 դոլար աշխատավարձ, բայց աշխատավարձի ցուցակներում նշված լինի ընդամենը 30.000 դրամ, եւ մնացած մասը ստանա ստվերային եղանակով: Պարզ է, որ այդ գործատուն բանկ ներկայացնելու համար իր աշխատողին կտա ընդամենը 30.000 դրամ աշխատավարձի ստացական: Եվ մեր իրականության մեջ կան այնպիսի ընտանիքներ, որոնք ունեն նման պայմաններում աշխատող երկու-երեք անդամներ: Այս դեպքում նրանց ամսական եկամուտը կգերազանցի նույնիսկ 1000 դոլարը, բայց նրանք բոլորը միասին փաստաթղթերով կկարողանան ապացուցել իրենց ստացած եկամուտներից ընդամենը 200-300 դոլարը, ինչը շատ փոքր թիվ է վարկ ստանալու համար: Բերենք մեկ այլ օրինակ. մեր ուսուցիչների կամ դասախոսների մեծ մասը տնային դասընթացների ընթացքում տարեկան զգալի եկամուտներ են ստանում, ինչը փաստացի չեն կարող ապացուցել: Կողմնակի եկամուտներ ունեն բժիշկները եւ շատ այլ մասնագետներ: Եվ որքան էլ որ տարօրինակ է` հիփոթեքային վարկեր տրամադրելիս մեր բանկերը, տրանսֆերտներից բացի, հաշվի են առնում մնացած բոլոր «կողմնակի եկամուտները»: Իսկ վերը թվարկած «կողմնակի եկամուտներից» օրինական է միայն տրանսֆերտը, մնացածը համարվում է «լեւի» եկամուտ:

Մեր բանկիրներն այս թաքուն եկամուտները պեղելու եւ իրենց շրջանառության մեջ ներգրավելու ձեւերը գտել են:

«Մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ մեր գործատուները հարկային դաշտից թաքցնում են վճարվելիք աշխատավարձի իրական չափը,- ասում է «Կոնվերսբանկի» վարկային վարչության պետ Արմեն Հակոբյանը: -Դրա համար մենք ուսումնասիրել եւ պարզել ենք, թե տվյալ մասնագիտության համար մեր աշխատանքային շուկայում իրականում որքան են վճարում: Բացի այդ, մեր մասնագետներն ուսումնասիրում են վարկառուի կենցաղային պայմանները` պարզելու համար, թե ինչքան կարող են լինել նրա եկամուտները եւ ինչ որակի կենցաղ են ապահովում իրենց համար»:

Ոլորտի մասնագետները հավատացնում են, որ բանկային աշխատողներն իրենց վարկառուի կենցաղային պայմաններն ուսումնասիրելիս այնքան են խորանում, որ նույնիսկ հաշվի են առնում, թե ի՞նչ որակի թուղթ կամ օդամաքրող բուրավետ հեղուկ է օգտագործում նա իր զուգարանում: Չէ՞ որ նաեւ դրանից կարելի է պարզել, թե դիմողը ճի՞շտ է ներկայացրել իր հնարավորությունների չափը, թե՞ ոչ:

Մեր պետական ապարատի ցանկացած ոլորտում կան միջին կամ ցածր դասի բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք կողմնակի այնքան եկամուտներ ունեն, որ կբավարարեր վարկերի համար բանկերի ներկայացրած պահանջարկը: Օրինակ, պետավտոտեսուչը, հարկային կամ մաքսային տեսուչը չեն կարող ասել, թե իրենց «հաճախորդներից» վերցրած կաշառքն ամսական որքան գումար է կազմում: Բայց նրանք իրենց կենցաղային պայմաններով բանկերի մասնագետներին կարող են ապացուցել, որ իրենց եկամուտները լրիվ բավարարում են տրվող վարկի պահանջներին: Բանկերն այս եկամուտները պարզում են ու նկատի ունենում:

Եվ ստացվում է, որ կաշառքից սկսած ու մնացած բոլոր «լեւի-պռավի» եկամուտները հաշվի են առնվում, բայց տրանսֆերտային օրինական գումարները հիփոթեքային վարկ ստանալու համար հիմք չեն կարող հանդիսանալ: Իսկ փորձագետների հավաստմամբ` արտասահմանյան տարբեր երկրներից եկող մասնավոր եկամուտներն ավելի մեծ գումար են կազմում, քան մնացած բոլոր «կողմնակի եկամուտները» միասին վերցրած: Նույն փորձագետների հավաստմամբ, հենց այս հանգամանքն են նկատի ունեցել մեր իշխանությունները, որ այս երկու տարիների ընթացքում դոլարն արժեզրկել են երեսուն տոկոսով: Չէ՞ որ Հայաստան մուտք գործող 1 մլրդ եւ ավելի մասնավոր գումարների 30 տոկոսը կազմում է բավականին մեծ թիվ՝ 300.000 եւ ավելի դոլարներ: