Ճոխ թվեր

24/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քաղաքապետարանում կայացած երեկվա ճեպազրույցում Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ Երեւան-Սոչի ավիավթարի հետեւանքով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին քաղաքապետարանի կողմից տրամադրվել է 223.500 դրամ:

Ա. Սողոյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ ավիավթարի առաջին իսկ օրվանից աշխատանք է սկսվել «Հոգեբանների եւ հոգեբույժների ասոցիացիայի» հետ, որոնք զոհվածների ընտանիքի անդամների հետ կաշխատեն եւս 3-4 ամիս, որպեսզի կարողանան կանխել հոգեկան բարդությունների առաջացումը:

Ա. Սողոյանն անդրադարձավ անվճար բուժօգնության վերաբերյալ կատարված ամսական մոնիտորինգի արդյունքներին: Հարկ է նշել, որ Երեւան քաղաքի բնակիչների 81,3%-ը սպասարկվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակա առողջապահական կազմակերպությունների կողմից, իսկ մնացածն իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից: Նրա հավաստմամբ՝ 2006 թվականին ընկերությունների եկամուտը 18%-ով ավելացել է 2005 թվականի համեմատ: Աշխատանքների ծավալն ամբողջովին դարձել է անվճար՝ ասել է թե՝ պետությունը գումարն ավելացրել է 18%-ով եւ հանձնարարել է բնակչությանը սպասարկել անվճար: Ըստ նրա, աշխատավարձերի ֆոնդն ավելացել է 31,2%-ով: Նախորդ տարվա 4 ամիսների համեմատ այս տարվա 4 ամիսների ընթացքում 28,5%-ով տեղամասային թերապեւտների մոտ հաճախումներն աճել են, 14%-ով` մանկաբույժների մոտ, 61%-ով` նեղ մասնագետների մոտ: «Այսինքն՝ աշխատանքային ծավալը բավականին աճել է»,- վստահեցրեց Ա. Սողոյանը:

Գործիքային հետազոտությունների համեմատությունն այս տարվա 4 ամիսների ընթացքում աճել է 65,3%-ով, իսկ լաբորատոր հետազոտությունները նախորդ տարվա հետ համեմատած՝ 44%-ով: Անվճար եւ արտոնյալ կերպով հատկացված դեղորայքը շարունակվում է տրամադրվել բնակչությանը, հետեւաբար գումարը, որը հատկացվել է այս ծառայությունների համար, նախորդ տարվա համեմատ աճել է 16,9%-ով, իսկ հաճախումները եւ տրամադրված անվճար դեղորայքն ավելացել են 25%-ով: «Մենք նկատում ենք, որ կա բավական մեծ ակտիվություն քաղաքացիների կողմից: Այն որոշումները, որոնք բնակչությանը դեպի առաջնային օղակը ներգրավելու համար էին, իր նպատակին ծառայեց, եւ բնակիչները մեծ ոգեւորությամբ օգտվում են անվճար բուժօգնությունից եւ դեղորայք ստանալու իրավունքից»,- նշեց քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջնային բուժօգնության անվճար ծառայություններում հիմնականում խոշոր խախտումներ չեն արձանագրվել, սակայն, ըստ Սողոյանի, այնուամենայնիվ, որոշ թերություններ կան, որոնք վերաբերում են մեծամասամբ ամբուլատոր քարտերին: Սակայն, այդուհանդերձ, չհամաձայնելով Ա. Սողոյանի ներկայացրած թվերին՝ նշենք, որ բնակչությունն` օգտվելով անվճար պոլիկլինիկ ծառայությունից, հիմնականում դժգոհում է մասնագետների «գլխառադ» անելու վերաբերմունքից եւ անտարբերությունից: Անշուշտ, մասնագետները դեռեւս չեն մարսել անվճար սպասարկելու իրենց տրված հրահանգը, որի հետեւանքով մեր իրականության մեջ կաշառքն անխուսափելի է, ինչի մասին շատ քաղաքացիներ անընդհատ դժգոհում են: Կարծում ենք, այդ մասին քաղաքապետարանում եւ Առողջապահության նախարարությունում էլ գիտեն: Նաեւ Ա. Սողոյանը, որը մեծ խանդավառությամբ գովաբանում էր այն: