Մայիսի 26-ին Վրաստանը նշելու է անկախության հերթական տարեդարձը: Այդ օրը տեղի կունենա ամենախոշորամասշտաբ զինվորական շքերթը: Դրան կմասնակցեն մոտ 18.000 զինվորականներ, 6 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, զրահատեխնիկա: Զրահատեխնիկան միայն անվավոր է: Նախատեսվում էր շքերթի դուրս բերել նաեւ թրթուրավոր զրահատեխնիկա, սակայն հետո որոշեցին չփչացնել Թբիլիսիի գխավոր փողոցների ասֆալտն ու մյուս ծածկույթները: Շքերթի գլխավոր «շիկը» ֆրանսիական զինվորական նվագախումբն է, որ նվագելու է վրացականի հետ միասին: Ահա այսպիսի ռազմա-երաժշտական «սեյշն»: Շքերթին մասնակցելու են ուժային կառույցների ներկայացուցիչներ, հոգեւորականությունը, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, արտասահմանցի հյուրեր:
Ի տարբերություն մյուս տարիների` դեռեւս չի խոսվում միջոցների մասին, որ ծախսվելու են անկախության տոնի վրա: Երեւի այն պատճառով, որ միջոցներն այս անգամ այնքան էլ շատ չեն: Թեեւ իշխանություններն այդ մասին չեն խոսում: Ավելի ճիշտ` նրանք խոսում են հակառակի մասին. թե բյուջեի մուտքերն ավելացել են: Սակայն իրականությունը մի փոքր այլ է: Նվազել են արտերկրից երկիր մտնող միջոցները: Տնտեսության մեջ մեծ հաջողություններ չգրանցվեցին: Իսկ Ռուսաստանն այնպիսի հարված հասցրեց իր բեռնարգելքով, որ արդեն իսկ զգացվող հետեւանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան: Իբր այսքանը քիչ էր, մի կողմից էլ աղետներն են վրա տվել. կարկուտը ոչնչացրել է ապագա բերքի մեծ մասը` թե՛ խաղողի, թե՛ մյուս մրգերի: Սակայն տոնի ժամանակ տխուր բաներից չխոսենք: Չեմ ուզում խոսել պատժիչ ջոկատների մասին, որ ստեղծվում են ՆԳՆ-ի ներսում, եւ որոնք հանցավորության դեմ պայքարի բոլոր միջոցներից գերադասում են հանցագործին տեղում ոչնչացնելը: Չենք ուզում խոսել նաեւ կորցրած տարածքների մասին, որոնց շուտափույթ վերադարձից խոսում են վրացական առաջնորդները, եւ ինչը կտրականապես ժխտում են անջատողական տարածքների առաջնորդները: Բոլորովին չենք ուզում մտածել, թե ինչ տեղի կունենա, եթե Կրեմլն ամբողջ թափով սկսի Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու` «Հրաբուխ» ծածկագրով օպերացիան: Չխոսենք նաեւ երկրի տարբեր շրջաններում վախեցնող արագությամբ բացվող անվճար ճաշարանների մասին, ինչով սխալմամբ հպարտանում են իշխանությունները` չցանկանալով հասկանալ իրավիճակի երկիմաստությունը: Չենք ցանկանում ներկայացնել մոտ ապագայում սկսվող սառցե պալատի շինարարությունը, որտեղ գեղասահորդներ են «աճեցնելու»: Եվ այն մասին, որ սպորտի ավանդական մարզաձեւերը կաթվածահար վիճակում են, նույնպես չենք ուզում խոսել: Նաեւ այն մասին, որ մինչեւ տոնը չեն հասցնում մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղադրել ոչ անհայտ Զուրաբ Ծերեթելու հեղինակած Գեորգի Անհաղթի հսկայական հուշարձանը: Ուրախալի չէ նաեւ մետրոյի`լայնորեն գովազդված նորացումը` Պրահայի մետրոյի նմանությամբ, որ իրականում սովորական կոսմետիկ վերանորոգում էր. մետրոյի հատակն ու պատերը ծածկեցին գույնզգույն պլաստիկով:
Տոն է, եւ կցանկանայինք տոնական բաների մասին խոսել:
Օրինակ` բանակի, որը բանակին հատուկ ուրվագծեր է ստացել: Վրացական առաջնորդներն այն անվանում են լավագույնը տարածաշրջանում: Սակայն այստեղ էլ ամեն ինչ փայլուն չէ: Ընդդիմախոսները չարախոսում են, որ եթե երկիրը մտադիր չէ որեւէ մեկի հետ պատերազմելու, ինչո՞ւ է պետք բանակին այդքան հսկայական միջոցներ տրամադրել. ավելի լավ է` մի գործարան կառուցեին այդ գումարներով: Իսկ մայիսի 26-ի շքերթի մասին նույնպես չարախոսում են, իբր ո՞ւմ եք ուզում վախեցնել դրանով: Չեն հասկանում, որ տոնը հենց դրա համար է տոն, որ շքերթ լինի, հրավառություն, համերգներ: Եվ այս ամենը` բյուջեի հաշվին: Տարին մի անգամ կարելի է: Առավել եւս, որ Անկախության օրն է: Եվ պետք չէ հարցնել, թե որքան գումար է ծախսվելու դրա վրա: Պահպանենք բարեկրթության կանոնները: Հետո կպարզվի, ինքն իրեն: Կամ էլ իշխանությունները լեզվից կթռցնեն: Կամ էլ ընդդիմությունը մի տեղից կքչփորի: