Մեր ժամանակների շպիոն Օնոն

22/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Գնալով ՀՀ-ում այլեւս անիմաստ է դառնում Ոստիկանության, Ազգային անվտանգության եւ այլ նմանատիպ կառույցների գոյությունը, քանի որ այդ հսկայական պետական հիմնարկների գործն Արամ Կարապետյանը կարող է իրականացնել միայնակ: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարեց, որ ինքն ունի իր սեփական գործակալական ցանցը, որի միջոցով կարողանում է այս կամ այն ինֆորմացիան ստանալ: Իսկ վերջին օրերին Ա. Կարապետյանի գործակալական ցանցն այնքան է ընդարձակվել, որ կարողանում է ինֆորմացիա ստանալ նաեւ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներից:

Երեկ ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ Ա. Կարապետյանը հայտարարեց, թե իր տրամադրության տակ է ՀՀ-ում աշխատող դեսպաններից մեկի՝ իրենց երկրի հատուկ ծառայություններին ուղարկած զեկուցագիրը, որում Հայաստանը որակվում է «երրորդական երկիր»: Ըստ Ա. Կարապետյանի, դեսպանն իր ղեկավարներին տեղեկացրել է, որ ՀՀ-ում ընդունված չէ այն, ինչ ընդունված է աշխարհի շատ երկրներում. «Հայաստանում աշխատելու համար ոչ թե դու պետք է փող տաս, այլ իրենցից պիտի փողը վերցնես, որ իրենք վստահ լինեն, որ դու իրենց ընկերն ես»: Թե կոնկրետ որտեղից իրեն այդ տեղեկատվությունը, Ա. Կարապետյանը չմանրամասնեց` ասելով միայն, թե այն ձեռք է բերել ընկերների ու իր գործակալական ցանցի միջոցով:

Իսկ այդ ամենից հետո Ա. Կարապետյանն անցավ ՀՀ ներքաղաքական եւ գեոպոլիտիկ թեմաներով իր վերլուծություններին: Այսպիսով, ՀՀ ներքաղաքական կյանքում վերջին օրերին տեղի ունեցած թիվ մեկ իրադարձության՝ ՕԵԿ շուրջ ծավալված ներքաղաքական սկանդալի մեջ, ըստ Ա. Կարապետյանի, անմասն չեն նաեւ գեոքաղաքական ուժերը, մասնավորապես, ֆրանսիական կողմը: Նրա կարծիքով, ՕԵԿ-ի շուրջ ընթացած գործողություններն իշխանությունների կողմից ծրագրված եւ լայնորեն վերահսկվող քաղաքական ճգնաժամ է, որը կապված է «գեոքաղաքական դաշտում սպասվելիք գործողությունների հետ»: «Իշխանությունները պետք է ժամանակ շահեն՝ ղարաբաղյան խնդրի հարցում: Ուստի, կառավարելի ճգնաժամի պարագայում Քոչարյանը կարող է յուրաքանչյուր պահի ցրել խորհրդարանը, նոր ընտրություններ նշանակել: Եվ ասելով, որ երկրում ճգնաժամային իրավիճակ է, կարող է ԼՂՀ խնդրում ժամանակ շահել»,- գտնում է Ա. Կարապետյանը: Ուստի, այդ ամենից ելնելով, «ՆԺ» նախագահն ասում է, որ ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները համաձայնեցված են եւ ղեկավարվում են իշխանությունների կողմից: «Ի վերջո, Արթուր Բաղդասարյանը չի մոռացել, որ երեք տարի ինքը ԱԺ նախագահի պաշտոնում աշխատեց Ռ. Քոչարյանի ջանքերի շնորհիվ»: Ինչ վերաբերում է Ա. Կարապետյանի մատնանշած «ֆրանսիական գեոպոլիտիկ ասպեկտներին», ապա տեսակետը հիմնավորելու համար նա հիշեցնում է, որ Ա. Բաղդասարյանն ընդգծված ընդդիմադիր կեցվածք ցուցաբերեց Եվրոպա կատարած իր այցերից հետո: Եվ «ՆԺ» առաջնորդը կարծում է, թե Եվրոպայում Ա. Բաղդասարյանին հստակ հասկացրել են, որ «այս իշխանությունների հետ ապագա չկա»: Բայց Ա. Կարապետյանը թերահավատորեն է վերաբերվում Ա. Բաղդասարյանի ընդդիմադիր դառնալուն: «Ես չեմ կարծում, թե Արթուր Բաղդասարյանն այնքան ընդդիմադիր է, որ կարող է ինչ-որ գործողություններ անել: Ընդդիմադիր դաշտում ընդդիմադիր գործելակերպ է պետք»,- ասում է Կարապետյանը: Վերջինիս համոզմամբ, Ա. Բաղդասարյանը լա՜վ էլ համագործակցում է իշխանությունների հետ: «Արտաշես Թումանյանի հետ պրոբլեմով են բաժանվել (նկատի ունի իշխանություններին.-Ա.Գ.), իսկ Ա. Բաղդասարյանի հետ` ոչ, որովհետեւ ոչ մի քրեական գործի մասին խոսք չկա, իսկ այն մարդն, ով ընդդիմության մեջ է կամ փորձում է ընդդիմություն դառնալ, անպայման մի բան սարքում են»,- հիմնավորեց նա: Ավելին, ըստ նրա, ՕԵԿ-ն «իշխանությունների ստեղծած պրոյեկտն» է: Այսինքն՝ նրա մեկնաբանմամբ, իշխանությունները ՕԵԿ-ին ստեղծեցին որոշակի խնդիրներ լուծելու համար: «ՕԵԿ-ը պրոյեկտ էր, ոչ թե կուսակցություն, իսկ ցանկացած պրոյեկտ մի օր սկսվում եւ մի օր վերջանում է»,- ասաց նա: Իսկ ՕԵԿ-ով լուծված խնդիրը, Ա. Կարապետյանի կարծիքով, ՀՀ-ի Եվրոինտեգրումն էր: «Եվրոինտեգրում ներկայացնելու համար պետք էր ուժ, որի համար հարկավոր էր երիտասարդ, պոպուլիստ մեկը»,- պարզաբանեց նա: Բայց եթե այսքանից հետո ՕԵԿ-ում մարդիկ մնան ու ապացուցեն, որ իրենք գաղափարակիրներ են, այդ ժամանակ նոր ՕԵԿ-ը պրոյեկտից կդառնա կուսակցություն: Կարապետյանի կարծիքով, ՕԵԿ-ի համար ամենացավալին Սերգո Երիցյանն է, ով լքեց կուսակցությունը եւ առաջիկայում դառնալու է Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը: Ա. Կարապետյանի խոսքերով` «նոմենկլատուրայի տեղը նոմենկլատուրան է: Ստացվեց, որ պաշտոնն ավելի կարեւոր է, քան կուսակցական ամբողջ գաղափարախոսությունը, ընկերությունը, աղուհացը: Տհաճ երեւույթ է: Բայց մարդագողությունը Հայաստանում ընդունված է»:

ՕԵԿ հետ կատարվածը վերլուծելուց հետո Ա. Կարապետյանն անցավ իր սիրած «գեոքաղաքական» դաշտում Հայաստանի «ֆորսմաժորային» իրավիճակի վերլուծություններին: Եվ, ինչպես միշտ, նա հայտարարեց, թե այդ գեոքաղաքական խաղերում ՀՀ-ն պետք է ՌԴ-ի հետ ունենա ամենասերտ հարաբերությունները, բնականաբար, իր կապը չկտրելով նաեւ ԱՄՆ-ից: Իսկ դրա համար էլ, ՀՀ ամենառուսամետ քաղաքական գործիչը հորդորում է ՌԴ-ի հետ պետությունների համադաշնություն կազմել: «ՀՀ-ի պրոբլեմները ՀՀ իշխանությունների մեջ է եւ ոչ թե արտաքին աշխարհում: ՀՀ իշխանությունները հրաշալի վաշխառուական ծագում ունեն. ամեն պարագայում գտնում են ձեւը՝ ում ինչ տալ, որպեսզի բավարարեն: Եթե ՌԴ-ն սկսել է վատ աչքով նրանց նայել, հարց չկա, անմիջապես 5-րդ բլոկն են տալիս: Վաղը մի քիչ ավելի վատ նայի` պատրաստ են Էջմիածինը տալ: Իշխանության մի հատված կա, ինչ ուզում են, տալիս է, որ փողին ու այլ ռեսուրսներին չկպնեն: ԱՊՀ տարածքում այդպիսի որեւէ այլ երկիր չկա»,- հայտարարեց նա: Այս պարագայում, Ա. Կարապետյանի կարծիքով, առանց գեոքաղաքական ուժերի հնարավոր է պայքարել, հեղափոխական ալիք բարձրացնել, բայց արդյունքի հասնելը խիստ կասկածելի է: Ի դեպ, ՆԺԿ նախագահը, ով սիրում է վերլուծությունների հետ նաեւ կանխատեսումներ անել, 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դժվարանում է այսօր որեւէ կանխատեսում անել: «2007-ին կարող է այնպես ֆորսմաժորային կերպով զարգանան իրադարձությունները, որ այսօրվա բոլոր ֆավորիտները դառնան բացարձակապես ոչինչ եւ ընդհակառակը: Դրա համար էլ ոչ մի կանխատեսում չեմ ուզում անել: Անկանխատեսելի իրավիճակ է: Հիմա ինչ կոնֆիգուրացիաներ էլ որ գծվեն, հիմնական պատկերը կերեւա կամ արտահերթ նախագահական ընտրություններից հետո, կամ էլ 2007թ. սկզբին»: Թեեւ, եթե երկրում որեւէ բան չփոխվի, ապա Ա. Կարապետյանն անիմաստ է համարում այլեւս ընտրություններին մասնակցելը: