Գյումրիում նորից կրակոցներ են եղել

22/05/2006

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր մերձավոր շրջապատի սանձարձակ պահվածքի պատճառով հերթական անգամ հայտնվել է տհաճ իրավիճակում: Չորեքշաբթի երեկոյան Գյումրիի Շախմատի տան մոտակայքում գտնվող «Քիքըն» սրճարանում կրակոցներ է արձակել Գյումրիի քաղաքապետարանի Բնակկոմունալ վարչության պետ Հովհաննես Գրքիկյանի որդին` Հովսեփ Գրքիկյանը։ (Նշենք, որ Հ. Գրքիկյանը համարվում է Վ. Ղուկասյանի ամենամոտ անձնավորությունն ու աջ ձեռքը): Ի դեպ, հետաքրքիր է, որ նա միջադեպից ընդամենը րոպեներ առաջ է ազատ արձակվել ոստիկանության բաժնից, ուր նրան բերման էին ենթարկել վիճաբանության ժամանակ ատրճանակից օդ կրակելու համար: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, Գրքիկյանին ազատ են արձակել ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Գրիգոր Եպիսկոպոսյանի զանգից հետո: Ավելին, ազատ արձակելուց հետո ոստիկանները նրանից ներողություն են խնդրել ու ետ վերադարձրել ատրճանակը: Ըստ շրջանառվող ասեկոսեների, Գրքիկյանը սրճարանի մոտ արձակած կրակոցով վիրավորել էր պատահական անցորդներից մեկին: Ընդհանրապես, Վ. Ղուկասյանն իր շրջապատով իսկական պատուհաս է դարձել գյումրեցիների համար, եւ անպատժելիության ու անօրինականության մթնոլորտը հանրապետության երկրորդ քաղաքում գնալով ավելի ու ավելի է ընդարձակվում: Այս անձնավորությունների դեմ անզոր են եւ ոստիկանապետը, եւ դատախազը, եւ ԱԱԾ պետը, ովքեր դարձել են քաղաքապետի ձեռքի խաղալիքը: Իսկ Վ. Ղուկասյանից, ըստ մեր աղբյուրների, նրանք այդքան վախենում են, քանի որ քաղաքապետի թիկունքին կանգնած է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Եթե մարզի իրավապահներն, այնուամենայնիվ, համարձակվեն նրանց դեմ որեւէ քրեական գործ հարուցել, ապա այն տեղափոխվում է Երեւան եւ անմիջապես կարճվում: Իսկ մինչ այդ, ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել` ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Գ. Եպիսկոպոսյանի նկատմամբ: