Երեկ «Հայելի» ակումբում նա ձայնասկավառակից զատ իրեն հատուկ ինքնատիպ ոճով անդրադարձավ մի շարք խնդիրների: Նա ընդվզեց լրագրողի դեմ, ով իրեն անվանեց հեղինակային երգիչ՝ ասելով, որ դա նույնն է, ինչ Ջիվանու նման երգչին ասեն` հեղինակային երգիչ: Նա առաջարկեց հեղինակային երգիչ անվանել «բնությանն անհայտ մի կենդանու», իսկ իրեն պարզապես ասել` Ռուբեն: Երգիչը վստահ է, որ այնպիսի փոքրիկ թագավորություններն, ինչպիսին մերն է, պետք է ունենան հստակ մշակութային քաղաքականություն, Մշակույթի նախարարություն եւ մշակույթի իսկական նախարար: «Ես հույս ունեմ, որ էս վերջինն ինչ-որ տեղաշարժ կանի: Կարծում եմ, որ նույնիսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը նրա հետ պիտի համաձայնեցնի իր նախագծերը, եւ մշակույթի նախարարն այնքան հզոր պետք է լինի, որքան եւ կաթողիկոսը: Հիմա բլատնոյով ասում են` «ավտարիտետ», հեղինակավոր մեկը պետք ա լինի»: Մշակույթի ներկայիս նախարարին նա համարում է պարկեշտ մարդ, որը կարծես թե «լափող» չէ: Համենայն դեպս, նա ուզում է դրան հավատալ: «Մենք էնքան զզված ենք էս ամեն ինչից: Ես մինչեւ վերջերս հակահամայնավար էի, բայց հիմա շատ ավելի համայնավար, սոցիալիստական մտածողություն ա մեջս մտել: Եթե հզոր հարկային դաշտի տակ չկոխեն օլիգարխներին, կարծեմ հեքիաթներն էլ գեղեցիկ ավարտ չեն ունենա: Happy end-ի թող չսպասեն: Ֆրանսիայի օլիգարխները հիմնականում հին կոշիկներ են հագնում, հին մեքենաներ են քշում, որ շատ աչքի չընկնեն, ու այսպիսի անճոռնի, լայնաքամակ մեքենաներով չեն ֆռֆռում»,- նկատում է նա: Ինչեւէ, ըստ նրա, կոմունիստական ժամանակաշրջանում շատ ավելի խելացի տղերք, կառավարիչներ կային, որովհետեւ կինոյի եւ երգարվեստի միջոցով կարողացան Սովետի մեջ ճանաչում ձեռք բերել, իսկ մշակույթը կարող է անել այն, ինչը չի կարող անել զենքը: Այդուհանդերձ, Ռուբեն Հախվերդյանի կարծիքով՝ մենք Եվրոպա չենք դառնա, որովհետեւ՝ «Ո՞ւմ հետ մտնես Եվրոպա, Արամ Ասատրյանի՞ ու անապատի արեւի տա՞կ, կամ Արմենչիկի՞»: Ինչ վերաբերում է ներկայիս երգարվեստի վերաբերյալ Ռուբեն Հախվերդյանի գնահատականին, ապա վերջինիս տպավորությամբ, մենք այսօր շատ լավ երգչուհիներ, մի 2 հատ էլ լավ երգիչ ունենք: Ռ. Հախվերդյան երգչին, օրինակ, դուր են գալիս քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները, Աիդա Սարգսյանը, ով հավակնոտ չէ եւ իրեն սուպերաստղ չի համարում, եւ Շուշան Պետրոսյանը, ում նա համարում է առանձին երեւույթ: Հավանում է նաեւ Արմեն Մովսիսյանին, Դավիթ Ամալյանին, Էդուարդ Զորիկյանին, թեեւ, ըստ նրա, Զորիկյանը վատ է կատարում իր երգերը, ինչի համար սպառնաց վերցնել նրա երգերն ու անձամբ կատարել: Աիդա Սարգսյանի երգարվեստը նրան դուր է գալիս նաեւ այն պատճառով, որ երգչուհին Սայաթ-Նովա չի երգում. «Ես միշտ դեմ եմ եղել, երբ Սայաթ-Նովա կնիկարմատն ա երգում. կնանիք չպըտի երգեն: Իսկ որ երեխաներն են երգում՝ էդ արդեն դագաղագործություն ա, մանկապղծություն ա»: «Երեկ մի երգչի մասին ռուս հաղորդավարն ասեց՝ «Կվ Չ ւՏՐՏՔպռ ՒՏՐՎպ»: Տենց կարանք բաքսյորի, ակրոբատի մասին խոսել: Փոխվում են հասկացողությունները: Տարօրինակ ա, ինչքան շատ փող ա խաղում` էնքան փչանում ա, ոնց որ մարդը՝ տենց էլ արվեստը»,- նշեց նա: «Եվրատեսիլի» մրցույթում Հայաստանը ներկայացնող Անդրեի երգի տեսակը Ռ. Հախվերդյանը չի ընդունում, քանի որ ինքը սիրում է ինտելեկտուալ, բանաստեղծական երգեր: Որքան էլ զարմանալի է` ինտելեկտուալ երգեր սիրող Ռ. Հախվերդյանը Տիգրան Կարապետովիչի աստղեր ձուլելու առաքելությանը լավ է վերաբերվում, մասնավորապես համարելով, որ թեեւ շատերը հեգնանքով են վերաբերվում նրա ստեղծած հեռուստաընկերությանը, քանի որ «ահագին ծիծաղելու բաներ կան», բայց այդ «աստղերի» 20-ից մեկը հրաշք է: «Որովհետեւ ինքը հղկված չի Երգի թատրոնում: Ա՛յ, հենց որ հղկվի Երգի թատրոնում՝ կսկսի վատ երգել: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Կարապետիչից նրա համար, որ էս մարդը… Մենք մոռանում ենք ազգային փոքրամասնությունների մասին: Էդ եզդիները վերջապես մի կանալով պիտի երգե՞ն, թե՞ չէ: Կարապետիչը կարգին գործ ա անում»,- նկատեց նա: «Հայ սուպերսթար» մրցույթի հանձնաժողովը Ռ. Հախվերդյանին ամենեւին դուր չի գալիս, որովհետեւ նրանք ծաղրում են մասնակիցներին: Նա առաջարկում է հանձնաժողովի անդամներին «տկլորացնել», «քցել» բեմ ու տեսնել, թե իրենք ինչպես են երգում: Հանձնաժողովի անդամների գռեհկությունը նա համեմատեց սեքս-շոփերի հետ. «Գռեհկություն ա երեխայի հետ խոսել էդ ոճով: Ցույց տալ քո խելքը, ինտելեկտը, որ դու իբր թե ավելի շատ բան գիտես, քան էդ երեխեն: Դա բեսպրեդել ա»,- ասաց նա՝ միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ իրեն չի հրապուրում այդ մրցույթը, որովհետեւ հանձնաժողովը նյարդայնացնում է: Մասնակիցների երգելու ունակությունների մասին նա իր ուրույն կարծիքն ունի՝ «Երգ ա, էլի: Սուպերսթարս ո՞րն ա»: Հայ երգչի ասուլիսում անուշադրության չմատնվեց նաեւ Ֆիլե Գագոն, որին համարում է թաղի տղա: Եթե Կարապետիչը տղերքով «հելնում-պարում է», ուրեմն՝ Ֆիլե Գագոն էլ իրավունք ունի տղերքով հավաքվել ու երգել: Ինչ վերաբերում է անձամբ իրեն՝ Ռուբեն Հախվերդյանին, ապա երգարվեստում իր պասիվությունը նա այսպես մեկնաբանեց՝ «Պըռավել եմ, մատաղ, չկա առաջվա էնտուզիազմը»: