Օտար երկրներից պարբերաբար տրվող դրամաշնորհները հանգեցնում են տվյալ երկրում կոռուպցիայի աճին: Այսինքն, մարդիկ իրենք չեն աշխատում, ընտելանում են պատրաստի փողերին, ծուլանում են, ձեւավորվում է կախվածության հոգեբանություն, եւ ստեղծվում են կոռուպցիոն տրամադրություններ: Այս մասին առավել հանգամանորեն կարող են պատմել նախագահական նստավայրից կոռուպցիայի դեմ պայքարող կառույցները: Նույն տրամաբանությունը կարող է աշխատել նաեւ քաղաքական ուժերին, նրանց գործողությունները օտար երկրներից հովանավորելու դեպքում: Մեր երկրում սպասվող ընտրություններն արդեն որոշ վերադասավորումների են բերել, եւ կանխատեսումների ընթացքում փորձ է արվում որպես նախադեպ դիտարկել հարեւան երկրներում տեղի ունեցած համանման գործընթացներն ու ընդհանուր եզրեր գտնել: Ասենք, թե ո՞ր երկրից ուղարկված փողերով կփորձի իրեն քաղաքականության մեջ իրացնել Արթուր Բաղդասարյանը: Ընտրություններին ո՞ւմ կօժանդակի (հայաստանյան պատկերացմամբ՝ սա նշանակում է՝ ում փող կտա) Արա Աբրահամյանը (կամ՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանին, որին, ի դեպ, հինգշաբթի, ժամը 17-ի սահմաններում երջանկություն ունեցանք տեսնել նախկին Կիրովի անվան զբոսայգում՝ ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի ընկերակցությամբ, ընտրություններից հետո չեն օգտագործի որպես քավության նոխազի): Փողի գործոնն ընտրությունների ժամանակ, որպես կանոն, ժխտում են հենց նրանք, ովքեր ընտրությունների խաղասեղանին պատրաստ են դնել ոչ օրինական ճանապարհով վաստակած իրենց ողջ կապիտալը: Սակայն, պարզվում է, որ դա լրիվ տեղավորվում է ժողովրդավարության շրջանակներում: Օրինակ՝ ԵՊՀ տեսական տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, միջազգայնագետ Լեւոն Ղազարյանի գնահատականով՝ ժողովրդավարությունը փողից անքակտելի բան է: Կարելի է անգամ ասել, որ ժողովրդավարության եւ փողի բնորոշումները համընկնում են: Այսինքն՝ մարդկանց եւ փողի՝ իբրեւ ունիվերսալ միավորի, նմանությունը դա է փաստում: Ըստ նրա՝ ժողովրդավարությունն անպատճառ պետք է ուղեկցվի ընտրություններին խոշոր փողային միջամտությամբ. «Դա տեսական օրինաչափություն է եւ ոչ թե ինչ-ինչ ապակայունացնող կամ խառնակիչ ուժերի գործողություն: Ընտրությունների պրոցեսին փողի ակտիվ միջամտությունը մտնում է ժողովրդավարության մոդելի մեջ: Օրինակ՝ քաղաքագիտության մեջ կա դեմոկրատական պետության մոդելի պարադոքս՝ դեմոկրատական պետությունը չունի հիմնավորված սահմաններ, այսինքն՝ հնարավոր չէ բացատրել, թե դեմոկրատական աշխարհում որոնք պետք է լինեն երկրների սահմանները: Ցանկացած սահման ոչնչով լավը կամ վատը չէ մեկ այլ սահմանից, եւ ոչ մի տարբերություն չկա, թե որտեղ են գտնվում մարդիկ»: Այսինքն, սահմանների անորոշությունը նշանակում է, որ եւ՛ մարդկանց, եւ՛ փողային հոսքերը դեմոկրատիայի օրոք պետք է լինեն անվերահսկելի: Դա էլ նշանակում է փողի միջամտություն: Իսկ թե որքանով այդ միջամտությունը կլինի արտաքին, արդեն կախված է այն բանից, թե վարչակարգերի կամ հասարակությունների գլոբալ ինտեգրման ներքին ձգտումները որքանով ընդունելի կլինեն դրսի աշխարհում: Ընտրություններին դրսի փողային միջամտությունը բնականոն կլինի այն պարագայում, եթե, իրո՛ք, դրսի ուժերն իրենց գլոբալ պատկերացումներում, դիցուք, Հայաստանն ընկալեն իբրեւ դեմոկրատիայի տիրույթ. «Սրա հետ, ի դեպ,- կարծում է միջազգայնագետը,- կապված է դեմոկրատիայի ֆիկտիվ լինելը: Այսինքն՝ փողն այն պատճառով է ընտրություններում որոշիչ, որ, ինչպես հիմնավորված է նոբելյան մրցանակակիր, մաթեմատիկոս Էրոուի մոդելով, չի՛ կարող լինել դեմոկրատական ոչ հակասական ընտրություն: Այս թեորեմը խելքին շատ մոտ է. դեմոկրատական քվեարկությունը բնութագրող չափանիշները պահպանելու դեպքում, ըստ Էրոուի, իրականում կա մի՛ որոշող անձ, որն այդ մոդելում կոչվում է դիրիժոր: Նույն հաջողությամբ նա կարող է կոչվել բռնակալ կամ արքա: Այսպիսով, իրականում որոշումներ ընդունող անձը մնում է քողարկված, իսկ մնացած հարցերը լուծվում են փողով: Դարձյալ հանգում ենք այն եզրակացությանը, որ ժողովրդավարական ընտրություններից փողն անպակաս է»: Պարոն Ղազարյանը խորհուրդ տվեց հիշել թեկուզ այն, թե ինչպես են բաշխվում տեղերը պառլամենտում: Ասում են՝ այսինչ աթոռն այսքան արժե, «եւ սա պատահական չէ»: Պետք է մարդիկ սթափ դատեն՝ եթե իրենք դավանում են ժողովրդավարությանը, ապա փողային միջամտություն այդտեղ պետք է լինի: Նշված թեզից բխում է, որ ընտրություններին միջամտելու ձեւը կախված է պարզապես փողի տիպից: Ինչպես Լեւոն Ղազարյանը ներկայացրեց, որպես ֆինանսական լծակ` նույն դոլարն ունի տարբերակումներ՝ նարկոդոլար, նավթադոլար, եվրոդոլար: Սրանք փոխկապված են: Դրանց տարբերակում է միայն ֆինանսական գործողությունների շղթան: Դոլարի այս իմաստավորումները կարող են խաղարկվել եւ դրվել երկրների ժողովրդավարացման կամ ընտրությունների կազմակերպման սցենարների հիմքում: Օրինակ՝ Աֆղանստանում ժողովրդավարություն հաստատելու համար աշխատեցրել են նարկոդոլարի իմաստավորումը, Իրաքում՝ նավթադոլարի, Ուկրաինայում՝ եվրոդոլարի: Այս փողերի իմաստավորումն էլ, ըստ Լեւոն Ղազարյանի, դառնում է սյուժեների կորիզը: Աֆղանստանում դեմոկրատիայից հետո նարկոբիզնեսը մի քանի անգամ աճեց:
«Դիտարկենք Իրաքն ու հիշենք, թե որտեղ ամերիկացիները «հայտնաբերեցին» Սադամ Հուսեյնին. մի հորում: Իմ կարծիքով, դա տիպաբանորեն նման է այն հորերին, ուր նավթ են հայտնաբերում: Իրականում, նրան այնտեղ չէ, որ հայտնաբերել են: Հետո՛ պարզվեց, որ այդ հորում պարզապես նկարահանումն է արվել: Սրանք սյուժետային երեւույթներ են, որոնք, իմ կարծիքով, կապված են փողի որոշակի իմաստավորման հետ: Ամերիկացիների համար միեւնույն է՝ որտեղից կհայտնաբերեն Սադամին, սակայն ընտրված է որոշակի սյուժետային փաթեթավորում, որն ապացուցում է փող-դեմոկրատիա կապը»: Թե Հայաստանում հնարավորության դեպքում փողի ո՛ր դրսեւորումը կկիրառվի, պարոն Ղազարյանը դժվարանում է պատասխանել. «Հայաստանում դրամական համակարգն ամրացել է եւ լիակատար անկախ է վալյուտային շարժերից, հայկական դրամը ցույց է տվել համաշխարհային ֆինանսական գործող համակարգից իր անկախությունը: Սակայն հարց է՝ դրսի ուժերը Հայաստանից իրո՞ք ժողովրդավարություն են ակնկալում եւ ոչ, ասենք, ռազմական վիճակ»: Ըստ այդմ էլ կընտրվեն եւ կծախսվեն փողերը:
Իսկ իրականում, կարծում է մասնագետը, ժողովրդավարություն լինել չի կարող։ Դա պարզապես թատրոն է, ուր փողը մի ռեկվիզիտ է: