Անդրեն թեեւ մի փոքր հուզված էր, այնուամենայնիվ, կարողացավ իր բարդ պարային համարի տակից դուրս գալ ու անցնել եզրափակիչ: Հուսով ենք, հայաստանյան երգիչն այսօր ավելի վստահ հանդես կգա բեմում, քանզի վիճակահանությամբ նա երգելու է վերջինը: Դա էլ է հայի բախտ. կամ առաջինն ենք, կամ` վերջինը: Թուրքերից էլ «անպակաս» ենք. թուրք երգչուհի Սիբել Տուզունը երգելու է Անդրեից առաջ: Եզրափակիչում Հայաստանի շանսերը գնահատելը շատ դժվար է: Այստեղ առկա է մի քանի գործոն: Նախ, թեեւ երգի մեղեդին հայկական չէ, բայց կատարումը «Եվրատեսիլի» բեմում դիտվում է (չէ՞ որ Հանրային հեռուստաընկերությունը հսկայական գումարներ էր ծախսել այդ բեմականացման համար): Այնուամենայնիվ, երեկ համոզվեցինք, որ Անդրեն ունի ուժեղ մրցակիցներ` Դիմա Բիլանը Ռուսաստանից, Էլենա Ռիստեսկան Մակեդոնիայից, Հարի Մատա Հարին Բոսնիա եւ Հերցեգովինայից, Կարոլան Շվեդիայից, Թինա Կարոլն Ուկրաինայից, լիտվական «LT United» եւ ֆինլանդական «Lordi» խմբերը: Դեռ չենք նշում անցյալ տարվանից կիսաեզրափակիչում իրենց տեղն ապահոված մյուս 14 երկրներին: Սակայն Հայաստանն ունի մի հզոր «գործիք», որը նման պարագաներում հաստատ կարող է օգտակար լինել` Սփյուռքը: Արտասահմանում բնակվող հայերը, որոնց մեծ մասը «տառապում է» Արարատը տեսնելու երազանքով, հուսով ենք, չեն ալարի զանգել եւ քվեարկել իրենց հայրենակցի օգտին: Ակնկալում ենք գոնե Ռուսաստանից ամենաբարձր միավորները ստանալ: Իհարկե, այդ քվեարկությունն արտասահմանում հեշտությամբ հնարավոր է, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին: Երեկ մենք ականատես եղանք մեր երկրի հերթական խայտառակությանը: «Եվրատեսիլի» ուղիղ հեռարձակման ընթացքում հաղորդավարները պարբերաբար հիշեցնում էին, որ հեռուստադիտողը կարող է զանգել եւ քվեարկել միայն այն ժամանակ, երբ քվեարկությունը սկսվի: Նրանք չէին մոռանում նաեւ նշել, որ հեռարձակման հովանավորներից է «ԱրմենՏելը»: Քվեարկության մեկնարկից անմիջապես առաջ հաղորդավարը «հիշեցրեց», որ հեռախոսազանգի արժեքը 324 դրամ է՝ 1 րոպեի համար: SMS հաղորդագրության արժեքի մասին` ոչ մի խոսք: Մտածելով, որ սովորական հաղորդագրության համարժեք գումար է, որոշեցինք մի քանի մասնակցի օգտին քվեարկել: Չխախտելով քվեարկության համար նախատեսված ժամկետներն` ուղարկեցինք 6 հաղորդագրություն: Մի փոքր ավելի ուշ մեկ SMS հաղորդագրություն ստացանք հետեւյալ բովանդակությամբ. «Ողջույն, ձեր քվեն հաջողությամբ հաշվարկվել է: Շնորհակալություն «Եվրատեսիլ-2006» մրցույթին մասնակցելու համար»: Իսկ հաջորդ առավոտյան ստացանք եւս 5 հաղորդագրություն` այլ բովանդակությամբ. «Ողջույն, ցավոք քվեարկությունն ավարտվել է…»: Այսինքն, «ԱրմենՏելի» կապի պատճառով քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածում SMS-ները չէին հասել: Սակայն, ամենահետաքրքիրն այն էր, որ այդ 6 հաղորդագրությունը բաժանորդից «գողացել» էր 1700 դրամ: Ստացվեց, որ ոչ թե «ԱրմենՏելն» է հովանավորում «Եվրատեսիլը», այլ` հակառակը: Հունական «ախպերություն»: