Երրորդ ծիրանը հասունանում է

22/05/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրանը» հեղինակություն ու քաշ է սկսում ձեռք բերել աշխարհի կինոքարտեզի վրա: Ֆիլմերի անվանակարգերն անփոփոխ կմնան, նրանք մրցելու են խաղարկային (ժյուրիի նախագահ Մորից դե Հադելն), վավերագրական (ժյուրիի նախագահ Գոդֆրի Ռեջիո) եւ «Հայկական համայնապատկեր» (ժյուրիի նախագահ Արսինե Խանջյան) անվանակարգերում: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, վարպետության դասեր, կլինեն հետահայաց ցուցադրումներ եւ արտամրցութային ծրագրեր:

Փառատոնի կազմակերպիչների կազմն արդեն հասցրել է ընդլայնվել: Կինոգետներ Միքայել Ստամբոլցյանի, Սուսաննա Հարությունյանի, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ միասին փառատոնային խնդիրների լուծումը ստանձնել է նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Կազմկոմիտեն աշխատելու է հաշվի առնել նախորդ փառատոների բացթողումները եւ փառատոնի բացման տոնական արարողությունը որոշել է «Մոսկվա» կինոթատրոնում անել. այնտեղ մթնոլորտն ավելի ջերմ է:

«Ոսկե ծիրանն» արդեն մասնակցել ցանկացող 257 ֆիլմերի հայտ է ստացել, որոնցից ընտրել է 50-ը: Ինչպես եւ նախորդ տարիներին, բավականին սուր է բարձրացվում ազգային կինոյի հարցը: Հայկական գեղարվեստական ֆիլմեր գրեթե չեն նկարահանվում, այդ պատճառով էլ, Մ.Ստամբոլցյանի կարծիքով` իրենք չեն կարող շատ խիստ չափանիշներով մոտենալ հայկական ֆիլմերի ընտրությանը: «Մենք ուզում ենք խիստ մոտենալ, սակայն եթե դաժան չափանիշներով ընտրենք, հայկական ժամանակակից կինոյից բան չի մնա: Փորձում ենք քիչ թե շատ հետաքրքիր ֆիլմեր ընդգրկել»,- ասաց նա: Ավանդաբար շատ կլինեն արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների ֆիլմերը: Իսկ փառատոնի պատվավոր հյուրերը կլինեն Արտավազդ Փելեշյանը, Մարկո Բելոկիոն (Իտալիա) եւ Մոհսեն Մախմալբաֆն (Իրան):

Փառատոնի կայանալուն, ըստ փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի, առաջին հերթին նպաստում են հայկական հյուրընկալությունը, երկրի չճանաչված լինելը եւ սովորաբար ժյուրիի վրա տեղի ունեցող ճնշման բացակայությունը: «Մեզ մոտ ազատություն կա, մրցույթների արդյունքները չեն դասավորվում: Կինոաշխարհը շատ փոքր է, եւ եթե որեւէ մեկը մի տգեղ բանի մասին իմանա՝ բոլորին կպատմի: Մեզ մոտ կողմնապահությունը, միջամտությունը եւ գավառականությունը բացակայում են: Նույնիսկ Նիկիտա Միխալկովն էր անցյալ տարի զարմացել, կարծում էր, որ մենք մեր հյուրերին վճարում ենք»,- ասաց նա: Գումարների սղությունը կազմկոմիտեի համար ցավոտ խնդիր է: Փառատոնի նախագահն ասաց, որ իրենք մեծամտություն ունեցան ու փորձեցին խոշոր փառատոների հետ ոտք մեկնել եւ նույն բանն այս տարի անել չեն ուզում: Փառատոնի 300 հազար դոլարանոց բյուջեն այս տարի էլ անփոփոխ կմնա: