Խնդրո առարկան անվճար բուժսպասարկումն է` պետություն-բուժաշխատող-ժողովուրդ բուրգի անկյունաքարը, որը վերջին շրջանում դարձել է կռվախնձոր` տեղի տալով տարաբեւեռ կարծիքների։
Մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկի սոնոգրաֆիստ Ա. Պողոսյանը` զանգահարելով խմբագրություն` իր տեսակետն էր արտահայտում առաջին օղակում ներդրված համատարած անվճար ծառայությունների վերաբերյալ։ Բժիշկն այս ողջ գործընթացը որակում էր քաղաքական պատվեր, դաշնակների կողմից գործադրված պոպուլիստական նախընտրական արշավ, որը, նրա կարծիքով` դատապարտված է, քանի որ ծրագրի հեղինակները չեն հաշվարկել անգամ դրա սահմանային հնարավորությունները։ Սոնոգրաֆիստն իր վրդովմունքն էր արտահայտում լրագրողների (հատկապես` հեռուստաընկերությունների) բժիշկներին անընդհատ դատափետելու սովորության առթիվ, քանի որ նրանց քարոզների շնորհիվ ժողովուրդը դարձել է պահանջատեր։ «Չի կարելի ստրկացնել բժիշկներին, նրանց անդադար մեղադրյալի աթոռին նստեցնել։ Իսկ ո՞վ չգիտե, որ միշտ էլ ժողովուրդն է պահել բժիշկներին, այլ ոչ թե պետությունը։ Մենք այն խավը չենք, որին կարելի է քաշքշել, դարձնել փորձադաշտ։ Ներսում, իհարկե, բոլորն էլ դժգոհ են, ցավոք, չեն հանդգնում հրապարակավ բողոքներ ներկայացնել եւ համակերպված աշխատում են։ Իրեն հարգող բժիշկը ներկա պոլիկլինիկական պայմաններում չի կարող աշխատել. հարմար առիթի դեպքում կարող են լքել բուժհաստատությունը` այլ, սեփականաշնորհված կլինիկայում աշխատելու համար։ Եվ արդեն կա նման միտում։ Մենք հիմա ենք հերոսություն կատարում, այլ ոչ թե 90-ականների սկզբներին։ Մինչեւ ռուս բժիշկների նման մենք էլ դուրս չգանք փողոց` միտինգի, ոչինչ փոխել չենք կարող»,- ասում էր նա։ Սոնոգրաֆիստը նաեւ նշում էր, որ հանրության ուշադրությունը սեւեռված է միայն դեպի ամբուլատոր պոլիկլինիկաներին, եւ կարծես մոռացության է տրված այն փաստը, որ պետպատվերը գործում է (թեկուզ մասնակի) նաեւ այլ բժշկական հաստատություններում, եւ նկատում, որ «պետպատվերը տարիներ ի վեր իրեն չի արդարացրել ոչ հիվանդանոցներում, ոչ ծննդատներում»։ Բայց, չգիտես ինչու, ազգաբնակչությունը հակված է վճարել վիրահատության համար թեկուզ 2000 ԱՄՆ դոլար, իսկ տվյալ հիվանդության ախտորոշման համար պոլիկլինիկայի բժշկին` ոչ մի լումա։ «Անվճար բուժծառայությունը չի կարող որակյալ լինել։ Ժողովրդի վիճակն են ուզում թեթեւացնել, թող հանրային այլ ծառայությունների` գազի, ջրի սակագինը չբարձրացնեին։ Ամբուլատոր ծառայություններով կոմունիզմ չես կառուցի»,- եզրակացնում էր Ա. Պողոսյանը։ Նրա հիմնական բողոքը վերաբերում էր համակարգի անբավարար ֆինանսավորմանը, եւ նա այս համատեքստում նշում էր, որ փետրվար ամսին սպասարկելով (կես դրույքով) մոտ 90 բնակչի, ստացել էր սիմվոլիկ գումար՝ մոտ 15.000 դրամ։ Նա այն համոզմունքին էր, որ գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատելը վնասում է բժիշկների առողջությանը, եւ պետությունն այս դեպքում չի նախատեսում արտոնյալ կարգով բուժօգնություն։
Մեր հարցին ի պատասխան, թե՝ «շրջադարձային պետպատվերի» հիմքում ինչպիսի՞ ֆինանսական քաղաքականություն է մշակված, Պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանն ասաց. «Ամեն դեպքում` լինելով բժիշկների շահերի պաշտպանը, պիտի նշեմ, որ հերիք է այդքան լացեն. տարիներ շարունակ սովորել են անգործ մնալ եւ գամվել աթոռներին։ Նախկինում ո՞վ էր այցելում պոլիկլինիկա։ Խորհրդային տարիներին առանց տրտնջալու օրական 10-15 հիվանդ էինք ընդունում։ Հատկապես երեւի տնօրեններն են դժգոհ, քանի որ այլեւս ֆինանսական հոսքը կամովին ուղղորդելու եւ կառավարելու հնարավորությունները սահմանափակված են»։ Գործակալության պետը նշում էր, որ այս տարի առաջին օղակի ֆինանսավորումն ավելացել է 2,8 մլրդ դրամով, որից 1,8 մլրդ-ն` աշխատավարձերի մասով։ Յուրաքանչյուր նեղ մասնագետի տրված է սպասարկման տարածք` 55.000 բնակչությամբ, եւ նրանց աշխատավարձերն ավելացել են մոտ 100%-ով։ Ինչ վերաբերում է սոնոգրաֆիստներին, ապա նրանց վարձատրման մեխանիզմը մի փոքր այլ է` կատարված փաստացի աշխատանքի դիմաց վճարը սահմանում է բուժհաստատության տնօրենը. դա նրանց ներքին տնտեսվարման խնդիրն է։ «Իհարկե, ներկա դրությամբ համակարգի ֆինանսավորումը գոհացուցիչ չէ, սակայն որքան էլ ֆինանսական հոսքերն ավելանան, դրան զուգահեռ պետք է նաեւ օպտիմալ համակարգ ստեղծել։ Նրանց կողմից բերված հաճախականությունների թիվն ինձ համար զուտ վիճակագրական տվյալ է։ Գոյություն ունի սպասարկման տարածք, թող աշխատեն։ Իսկ ինչ վերաբերում է` թե ճիշտ էր առաջին բուժօղակում անվճար սպասարկման որոշումը, ապա պիտի նշեմ, որ` այո։ Մեր հիմնական նպատակն է` բեռնաթափել հիվանդանոցները` ազգաբնակչությանն ուղղելով պոլիկլինիկաներ, որը միտված է նաեւ հիվանդությունների կանխարգելմանը։ Յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա ծածկույթ, երբ պետպատվերը գործում է որոշակի խմբերում, սողանցքների հնարավորություն է ստեղծվում։ Մեր հիմնական խնդիրը կադրերի վերաբաշխման մեջ է։ Ներկայումս մարզերում 10.000 բնակչին բաժին է ընկնում 10-12 բժիշկ, իսկ Երեւանում` նույնքան բնակչին` 60 բժիշկ»,- հավելում է Արա Տեր-Գրիգորյանը։
Հ.Գ. Բժիշկ Ա. Պողոսյանի ազգանունը նրա խնդրանքով ներկայացնում ենք փոփոխված։