Կաղամբ

22/05/2006

Բջջանյութի մեծ քանակի շնորհիվ կաղամբը համարվում է հաստ աղիի գործունեությունը կարգավորող անփոխարինելի միջոց։ Իսկ նրա մեջ եղած սննդանյութերը կարգավորում են ճարպափոխանակությունը եւ կանխում աթերոսկլերոզի առաջացումը։

Թթու դրած կտրատած կաղամբի վերին շերտը մեծ մասամբ բորբոսնում է, ամեն անգամ այդ շերտը հանում են եւ օգտագործում հաջորդ թարմ շերտը, որի հետեւանքով տեղի է ունենում մթերքի զգալի կորուստ։ Դրանից խուսափելու համար թթվի երեսին պետք է գցել համապատասխան մեծության թաց շոր, որը հաճախակի պետք է լվանալ սառը ջրով։ Ավելի նպատակահարմար է արդեն թթված կաղամբը (տաք շենքում այն թթվում է 8-12 օրում) լցնել ապակյա բանկաների մեջ եւ պահել հերմետիկ վիճակում։

Խոցային հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում ուտելուց առաջ խմել 1-2 բաժակ կաղամբի հյութ։

Բշտիկների առկայության դեպքում օգտակար է լվացվել կաղամբի հյութով, անգինայի դեպքում` կոկորդը ողողել։ Այրվածքի դեպքում տուժած մասը ծածկել թթու դրած կաղամբով։

Կաղամբը շատ լավ է «շնչում» եւ հեշտությամբ է գոլորշիացնում խոնավությունը։ Այն պետք է պահել ցանցավոր տոպրակի մեջ, կախել պատշգամբի պահարանում։ Օդի ազդեցությունից կաղամբի վերին տերեւները դանդաղորեն չորանում են եւ չեն թողնում, որ խոնավությունը գոլորշիանա, եւ կաղամբը փչանա։

Հում կաղամբը պարունակում է տարտրոնաթթու, որը քայքայում է օրգանիզմում եղած ճարպը։ Տաքացնելիս այդ թթուն ոչնչանում է։ Ահա թե ինչու գեր մարդկանց ավելի շատ խորհուրդ է տրվում գործածել հում կաղամբով սալաթներ։ Սալաթին կարելի է ավելացնել գազար, խնձոր եւ բուսական յուղ։

Կաղամբի հյութով բուժումը փորձարկվել է նաեւ ստամոքսի եւ 12 մատնյա աղիի խոցով տառապող մարդկանց վրա։ Կաղամբի հյութն այս դեպքում եւս հանդես բերեց իր բուժիչ հատկությունները։

Կաղամբի թարմ հյութ պատրաստելը դժվար չէ, եթե չկա մամլիչ, կարելի է դրա համար օգտագործել մսաղաց։ Հյութը հարկավոր է քամել թանզիֆով։ Խորհուրդ չի տրվում այն պատրաստել ավելի քան երկու օրվա համար։ Հյութը հարկավոր է պահել սառը տեղում կամ սառնարանում։ Օրինակ, պետք է ընդունել 5-6 բաժակ հյութ, որը խմում են 3-4 անգամ, ուտելուց 40-50 րոպե առաջ։ Բուժման կուրսը մեկ ամիս է, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է շարունակվել։