ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ հայտարարել են, թե լավատես են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեռքբերման հնարավորության հարցում: «Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր պատերազմից հետո Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե «կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության ձեռքբերմանը»: Բրայզան նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է քաղաքական արիություն ցուցաբերեն՝ վերացնելու վերջին տարաձայնությունները: «Մենք դիտարկում ենք առաջիկա մի քանի ամիսը` որպես հնարավորությունների իրական պատուհան»,- ասել է դիվանագետը: Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի՝ Դեյվիդ Էփլթոնի կարծիքով` առաջընթացի արտահայտություններից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությանը` խնդրելով ծրագրեր մշակել խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու նպատակով: