Համոզում է վայր դնել մանդատները

20/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Եթե 2003 թվականի ընտրությունները կեղծված էին, բա դու ինչո՞ւ համաձայնեցիր դառնալ Ազգային ժողովի նախագահ: Եթե ընդդիմությունն է դա ասում, հասկանում եմ, Արամ Զ. Սարգսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու մինչեւ հիմա ոտք չի դնում Ազգային ժողով, բա քո պահվածքը ո՞նց հասկանամ»,- կոալիցիայի վերջին նիստի ժամանակ, դիմելով Արթուր Բաղդասարյանին, այսպես է արտահայտվել Ռոբերտ Քոչարյանը:

Եվ ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանին լավ ճանաչողների վկայությամբ, վերջինս լեգիտիմության վերաբերյալ ցանկացած նուրբ ակնարկն անգամ ընդունում է որպես անձնական վիրավորանք եւ ամեն ինչ անում է իր լեգիտիմությունը կասկածի տակ դնողին պատժելու համար, մանավանդ, եթե նա իշխանական ճամբարից է: Եվ «Օրինաց երկիր» կուսակցության եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպերի իրական պատճառը ոչ թե ներկոալիցիոն տարաձայնություններն էին ու ՀՀ արտաքին քաղաքականության ուղղվածության, դեպի ՆԱՏՕ ու Եվրոընտանիք գնալու մասին հայտարարությունները, այլ` որ ԱԺ նախագահն ակնարկել էր, թե 2003թ. ՀՀ-ում կեղծվել են համապետական ընտրությունները: «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կեղծել ընտրությունները, պետք է հասկանան՝ ՀՀ-ում այդ ժամանակներն անցել են, եւ եթե առաջիկա նախագահական ընտրությունները կեղծվեն այնպես, ինչպես 2003-ին, դա կարող է լուրջ փոփոխությունների բերել»,- «Frankfurter Allgemeine Zeitung»-ում ասել էր Ա. Բաղդասարյանը, ինչն էլ հանգեցրեց ՕԵԿ-ի ու Արթուր Բաղդասարյանի նկատմամբ հրապարակային պատժիչ գործողությունների:

Այսքանից հետո ընդդիմադիր ճամբարում տեղ փնտրող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականից հետո ամեն ինչ անել՝ խորհրդարանում քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար: Մասնավորապես, այս օրերին ՕԵԿ-ը լուրջ բանակցությունների մեջ է մտել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Արդարության» եւ «Ազգային Միաբանության» հետ՝ համոզելով, որ միասին վայր դնեն պատգամավորական մանդատները: Նրանց հիմնավորմամբ` եթե ընդդիմությունը բոյկոտի խորհրդարանի աշխատանքներն ու վայր դնի մանդատները, ապա իշխանությունները ստիպված կլինեն լուծարել ԱԺ-ն ու նոր ընտրություններ անցկացնել: Իհարկե, այս քայլն իրավական հետեւանք չի ունենա, քանի որ ԱԺ-ն համարվում է կազմավորված, եթե ընտրվել են պատգամավորների 2/3-ը, այսինքն՝ 86 հոգի: Իսկ տվյալ դեպքում շուրջ 30 պատգամավորի հրաժարականը չի կարող խորհրդարանը ցրելու անմիջական պատճառ հանդիսանալ: Բայց ահա քաղաքական առումով այն կարող է լուրջ էֆեկտ ունենալ, երբ երկրի ընդդիմությունը ոչ միայն բոյկոտում է ԱԺ աշխատանքները, այլեւ հրաժարվում է մանդատներից: Սակայն այս քաղաքական կոմբինացիայում Արթուր Բաղդասարյանն ունի իր սեփական հաշվարկները. նա այդկերպ միանգամից դառնում է ընդդիմության միասնական լիդեր: Ու փորձում է ապացուցել, որ 2003 թվականի ընտրությունները քննադատող ընդդիմությունը, չնայած բազում հայտարարություններին, իր մեջ համարձակություն չգտավ մանդատներից հրաժարվելու համար: Մինչդեռ, այն բանից հետո, երբ ինքը դարձավ ընդդիմություն, կարողացավ համախմբել նրանց: Սակայն հետաքրքիր է, որ եւ ՕԵԿ-ը, եւ ընդդիմությունն առայժմ կտրականապես հերքում են մանդատները վայր դնելու շուրջ իրար մեջ ընթացած բանակցությունները: «Ոչ, մանդատները վայր չենք դնելու, մենք աշխատելու ենք, այս դաշտում ավելի ակտիվ ենք աշխատելու»,- ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն ու կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, ովքեր միշտ կողմ են եղել մանդատը վայր դնելուն եւ ընտրվելու օրվանից ոչ մի անգամ չեն մտել ԱԺ-ի շենք, ասացին, թե իրենք այդ մասին առաջին անգամ են լսում: (Թեեւ, մեր տվյալներով, ՕԵԿ-ն իր մտադրության մասին առաջինը կիսվել է «Հանրապետության» ներկայացուցիչների հետ ու ստացել նրանց համաձայնությունն ու հավանությունը): «ՕԵԿ-ի հետ որեւէ բանակցային գործընթաց ներկա փուլում չկա»,- ասաց Արամ Սարգսյանը: Իսկ եթե այնուամենայնիվ իրենց նման բան առաջարկեն, ապա կհրաժարվե՞ն մանդատներից: «Եթե-ով հարցերին պատասխանելն անշնորհակալ գործ է: Երբ կդնենք, այն ժամանակ էլ կպատասխանենք»,- ասաց նա: Իսկ Սմբատ Այվազյանն էլ ավելացրեց. «Եթե ՕԵԿ-ն ու «Արդարությունը» վայր դնեն մանդատները, ապա դա բավարար է, որպեսզի քաղաքական ճգնաժամ առաջանա. չենք բացառում, որ ուրիշներն էլ այդ օրինակին հետեւեն»: ԱԺ «Արդարություն» եւ «Ազգային Միաբանություն» խմբակցությունների մյուս պատգամավորներն էլ ասում էին, որ ՕԵԿ-ից այդպիսի առաջարկ իրենց չեն արել: Իսկ մանդատները վայր դնելու մասին հարցին կպատասխանեն միայն այդպիսի առաջարկի դեպքում: «Դա լուրջ հարց է եւ պետք է քննարկվի: Որպես ակցիա ուժեղ ակցիա է: Բայց այն արժի իրականացնել, եթե հայտնի է, թե որն է հաջորդ քայլը: Նպատակահարմարության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ մշակված են բոլոր դետալներն ու բոլոր հաջորդական քայլերը»,- փոխանցեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Հրանտ Խաչատրյանը: