«Lragir. am»-ի փոխանցմամբ, «հավերժ իշխանությունների հետ» սկզբունքով տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ մոտ 10 տարի Արմավիրի մարզը ղեկավարող Ալբերտ Հերոյանի կադր` Կրթության վարչության պետ Գայանե Սարդարյանը մայիսի 16-ին իր մոտ է կանչել մարզի դպրոցների տնօրեններին եւ պահանջել երկու դիմում գրել` աշխատանքից ազատվելու եւ ՀՀԿ շարքերն ընդգրկվելու մասին: Առաջին դիմումը նրանց համար է, ովքեր չեն ուզում երկրորդ դիմումը գրել: Իսկ ով ընտրի երկրորդ տարբերակը եւ դառնա հանրապետական, պիտի պարտավորվի կուսակցության «բջիջներ» ստեղծել տեղերում: «Lragir. am»-ի տեղեկություններով, դպրոցների տնօրենների մեջ քիչ չեն այնպիսիները, ովքեր դժգոհ են մարզպետարանի սույն պահանջից: Մի տնօրեն նկատել է, «որ իմ ուսուցիչներին ասեմ` դարձեք հանրապետական, չե՞ն ասի` դու ծախվեցիր, մեզ էլ ե՞ս առաջարկում ծախվել»: Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի սկզբին Երեւանում արձանագրվեց միանգամից 120 ուսուցչի «հանրապետականացում» եւ, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է դպրոցի կուսակցականացումը: Իսկ մենք էլ հիշեցնենք, որ դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների կուսակցականացումն ՕԵԿ-ի սիրած «զբաղմունքներից» էր: