«Համով» զրույց

20/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Երկխոսություն» ասելով՝ մարդիկ հասկանում են մի պրոցես, որտեղ երկու կամ ավելի կողմեր ասում են իրենց կարծիքը, լսում դիմացինին, հետո առանց սպառնալիքների կամ վիճաբանության փորձում գալ ընդհանուր հայտարարի։ Եթե երկխոսությունը նվիրված է որեւէ կոնկրետ խնդրի, ապա փորձ է արվում գտնել փոխադարձ ընդունելի լուծում։ Եվ եթե անգամ կողմերը միմյանց տեսակետը չեն կիսում, ապա դա արտահայտում են քաղաքակիրթ ձեւով եւ առանց վիրավորանքների ու սպառնալիքների՝ բաժանվում, ապագայում առավել արդյունավետ երկխոսություն անցկացնելու հույսով։ Եթե այս կանոնները չեն պահպանվում, ապա երկխոսությունը վերածվում է «բազարի»։

«Բազար» հասկացությունը Հայաստանում գրեթե բոլորին էլ ծանոթ է, եւ երբեմն ինչ-ինչ խնդիրների լուծման միակ հնարավոր ուղին է։ Սակայն բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ այն տեղին չէ։ Չենք կարող ասել, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երեկ մեկնարկած միջազգային գիտաժողովը «բազար» էր, սակայն այն «երկխոսություն» էլ հնարավոր չէր անվանել։

«Կովկասն առանց հակամարտության եւ ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով կոնֆերանսի կազմակերպիչները Համաշխարհային հայկական կոնգրեսը (նախագահ՝ Արա Աբրահամյան) ու Հայաստանի «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոնն են։ Այս կազմակերպությունների ղեկավարները՝ գործարար Արա Աբրահամյանն ու ԱԺ պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը հայտնի են իրենց ռուսամետ դիրքորոշմամբ։

Երեւի հենց դա էլ ազդեց, որ գիտաժողովը կրում էր գրեթե միակողմանի բնույթ։

Ա. Աբրահամյանն իր ելույթում «lights» կերպով քննադատեց ԱՄՆ-ին՝ նշելով, որ ճիշտ չէ, երբ մի քաղաքակրթությունը ցանկանում է իր արժեքային համակարգը թելադրել մյուսներին։ «Չպետք է մոռանանք, որ մենք բոլորս գտնվում ենք մի նավակում եւ չարժե այն ճոճել, քանի որ շուռ գալու դեպքում հաղթողներ եւ պարտվողներ չեն լինի», – ասաց Ա. Աբրահամյանը։

Իսկ ահա մյուս ելույթ ունեցողը՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն իր արտահայտություններում ավելի անկեղծ էր եւ կոշտ քննադատության ենթարկեց ԱՄՆ-ի եւ Վրաստանի քաղաքականությունը։ «Ռուսաստանը Կովկասին շատ ավելի մոտ հեռավորության վրա է գտնվում, քան ԱՄՆ-ը, եւ ամենից շատ ՌԴ-ն է շահագրգռված խաղաղության պահպանման հարցում՝ անգամ չճանաչված պետությունների պարագայում»,- նշեց Կ. Զատուլինը եւ ավելացրեց՝ ՌԴ-ն շահագրգռված չէ, որ ինչ-որ մեկը մարզումներ անցկացնի Հարավային Կովկասում, ինչպես Իրաքում։ Ռուս պատգամավորի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում ամենից շատ շահագրգռված են Հայաստանն ու Ղարաբաղը։ Մինչդեռ Ադրբեջանի եւ Վրաստանի համար նույնը չի կարելի ասել, նրանց ձեռնտու չի ստեղծված ստատուս-քվոն, քանի որ ցանկանում են վերականգնել տարածքային ամբողջականությունը։ «Պետությունների էլիտաներն այսօր քննադատում են խորհրդային իշխանությանը, սակայն անցյալից վերցնում են այն, ինչ իրենց ձեռնտու է։ Մասնավորապես, Վրաստանին եւ Ադրբեջանին դուր են գալիս այն սահմանները, որոնք նրանք ունեին խորհրդային իշխանության օրոք»,- նշեց պրն Զատուլինը՝ համոզմունք հայտնելով, որ ռուսական իշխանությունները չեն զիջի որոշ ճնշումներին, եւ ռուսական խաղաղապահ ուժերը կմնան հակամարտության գոտում։ Հակառակ պարագայում ստատուս-քվոն կխախտվի եւ Վրաստանն Աբխազիայի ու Օսեթիայի խնդիրները կլուծի ռազմական ճանապարհով։ Կ. Զատուլինը դեմ էր նաեւ ռուսական զորքերը Ախալքալաքից դուրս բերելուն. «Մեծ Ռուսաստանը զիջեց փոքր Վրաստանին»։

Հաջորդ բանախոսի՝ Անդրանիկ Միհրանյանի հակավրացական ելույթը նույնպես անսպասելի չէր։ Նա նշեց, որ եթե մի երկրի կառավարության ծախսերը հոգում է մեկ այլ երկիր, ապա ինչ-որ բան այն չէ։ Հակաամերիկյան երանգներ էր պարունակում նաեւ Շիլլերի ինստիտուտի դոկտոր Կարլ-Մայք Վիտտի ելույթը։

Այս ամենն ամենեւին էլ երկխոսության նման չէր։ «Նոր Եվրասիա» հիմնադրամի նախագահ Անդրեյ Կորտունովի խոսքերով. «Մենք ավելի շատ սիրում ենք լսել ինքներս մեզ, քան մյուսների կարծիքը»։ Վերջինս կասկածի տակ դրեց մինչ այժմ տեղի ունեցած երկխոսության փորձերի արդյունավետությունը՝ համարելով դրանք հնացած մոդելներ։ Սակայն ինքը եւս զերծ չմնաց որոշակի ուղղությամբ «քար նետելուց»։ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Միհրանյանն արդեն խոսեց Վրաստանի մասին, սակայն խոսքը միայն այդ երկրին չի վերաբերում»,- ասաց պրն Կորտունովը։

Պարզ էր, որ Վրաստանը ներկայացնող պատգամավոր Վան Բայբուրթն այս ամենն անպատասխան չի թողնի։ «Դժբախտաբար Վրաստանից փորձագետներ չկարողացան գալ, եւ ես եմ ներկայացնում Վրաստանը։ Ու թեեւ ես փորձագետ չեմ, սակայն կարծում եմ` այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդիկ, այդ թվում` հայերն ու վրացիները, շատ ավելի լավ փորձագետներ են, քան նրանք, որոնք հազարից մեկ գալիս են տարածաշրջան եւ իրենց թույլ են տալիս փիլիսոփայել եւ դատողություններ անել։ Իսկ այդ դատողությունները, ցավոք սրտի, սխալ են»,- Ռուսաստանից եկած հյուրերին ակնարկեց Վրաստանի խորհրդարանի պատգամավորը։ Վան Բայբուրթին, ըստ երեւույթին, ամենից շատ վրդովեցրել էին Կ. Զատուլինի քննադատություններն ու թաքնված սպառնալիքները։ Իր տեսակետն ավելի հասկանալի ներկայացնելու համար պրն Բայբուրդը չզլացավ անեկդոտ պատմել այն կնոջ մասին, որը մի դեպքում` ուրախանում է իր աղջկա համար սուրճ եփող ու լվացք անող փեսայով, մյուս դեպքում` դժգոհում, որ իր որդին սուրճ է եփում իր հարսի համար։ «Մինչեւ այդ կնոջ դերից, այսինքն՝ երկակի ստանդարտների քաղաքականությունից չհրաժարվենք, ոչ մի արդյունքի չենք հասնի։ Կուզեի այս կոնֆերանսին ներկա լիներ Վլադիմիր Կազիմիրովը, որն այլ երկրների արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ չի անում… Իսկ այսպիսի հայտարարություններն այսպիսի կոնֆերանսի ժամանակ երկխոսության չեն բերի։ Հարկավոր է լուծման դեղատոմսեր առաջարկել, այլ ոչ թե լարել իրավիճակը»։ Գիտաժողովի այսպիսի սցենարը դուր չեկավ նաեւ նիստը վարող Արամ Գ. Սարգսյանին, որը կոչ արեց ավելի հանդուրժողական լինել։ Սակայն արդեն ամեն ինչ միմյանց մասին ասվել էր։

Խնդիրն այստեղ այն չէ՝ ով է ճիշտ՝ ռուսնե՞րը, թե՞ ամերիկացիները։ Այս մասին կան տարբեր մոտեցումներ։ Սակայն ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ գիտաժողովը ռուս եւ ռուսամետ բանախոսների կողմից օգտագործվեց միայն որպես ԱՄՆ-ին եւ վրացիներին քննադատության ենթարկելու լրացուցիչ ամբիոն։ Միամտություն կլինի ասել, թե ԱՄՆ-ը առաջնորդվում է զուտ ժողովրդավարական արժեքներով, եւ Վրաստանում էլ ծաղկում է ժողովրդավարությունը։ Սակայն պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը նույնպես առաջնորդվում է իր սեփական շահերից ելնելով։ «Ռազմավարական գործընկերության» մինչ այժմ տված օգուտներն ամենեւին էլ նկատելի չեն։ Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, ապա կարծես փորձ է արվում հավասարության նշան դնել այս երկրի եւ Ադրբեջանի միջեւ՝ մեջբերելով ջավախահայության խնդիրները։ Սակայն հայրենասիրական ելույթներից առաջ հարկավոր է հաշվի առնել, որ Վրաստանը միակ ճանապարհն է, որով մենք կապվում ենք մեր «ավագ եղբորը»։ Միգուցե ռուսներին ձեռնտու է հայ-վրացական հարաբերությունների վատթարացումը, եւ նրանք ավելի անկաշկանդ են իրենց հայտարարությունների մեջ, սակայն մենք ավելի զուսպ լինելու իրական պատճառներ ունենք։