Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե տարածաշրջանի 3 պետությունները շարժվում են տարբեր ուղղություններով: «Վրաստանը հստակ կողմնորոշվում է դեպի ԵՄ եւ ընդհանրապես Արեւմուտք: Հայաստանը տարբերվում է նրանով, որ դեռեւս գտնվում է իր շուրջ ստեղծված մեկուսացման մթնոլորտի ազդեցության տակ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ադրբեջանը վարում է բավական հավասարակշռված քաղաքականություն գործընկերների եւ հարեւանների հետ հարաբերություններում»,- ասել է Սեմնեբին: «Բացի այդ, Վրաստանը եւ Հայաստանը հատուկ խնդիրներ ունեն «մեծ հարեւանների», Վրաստանը՝ Ռուսաստանի, իսկ Հայաստանը՝ Թուրքիայի հետ»,- նշել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Պատասխանելով հակամարտության գոտիներում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին` Պիտեր Սեմնեբին ասել է, թե ՆԱՏՕ-ի մասին խոսել չի կարող, իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը, նման տարբերակը Պ. Սեմնեբին չի բացառել: