Կանխատեսում՝ բացատրության փոխարեն

20/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ճիշտ է՝ ժամանակ առ ժամանակ դոլարի գինը 5-6 դրամով բարձրանում կամ իջնում էր, բայց ավելի կտրուկ տատանում չէր ունենում: Եվ հետո մեզ համար 5-6 դրամի տատանումն արդեն նկատելի չէ, որովհետեւ 1,5 տարվա ընթացքում՝ 2004թ. սկզբից մինչեւ 2005թ. կեսերը, մենք 1 դոլարի մեջ «կորցրեցինք» 140 դրամ: Բայց դոլարի կուրսի վերջին անկումը 10 դրամի չափով էր: Երեկ տարադրամի փոխանակման կետերում 1 դոլարը գնվում էր 435 դրամով: Աշխատակիցներն ու հաճախորդները խոսում էին, որ փոխարժեքը նվազելու է մինչեւ 420 դրամ: Այսինքն՝ ճիշտ այնքան, որքան ԿԲ-ն հաշվարկել է պետբյուջեում:

Դոլարի նկատմամբ դրամի հերթական արժեւորումը Կենտրոնական բանկը բացատրեց «շուկայական բնույթի գործոնների ազդեցությամբ»: «Տվյալ ժամանակահատվածում տնտեսության կողմից բանկերին վաճառվող դոլարի ծավալները զգալիորեն գերազանցում էին դոլարի առքին,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: -Մեր գնահատականով վերջինս կարող է պայմանավորված լինել երկրորդ եռամսյակի ընթացքում արտահանման ծավալների աճով եւ արտահանումից ստացված համապատասխան արժութային մուտքերի ազգային դրամի փոխարկումով»:

Հիշեցնենք, որ 2006թ. առաջին եռամսյակում արտահանվել է 184,4 մլն դոլարի ապրանք, ինչը 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 5,6 տոկոսով: Բայց եթե 2006թ. երկրորդ եռամսյակի արտահանումն առաջին եռամսյակի նկատմամբ ավելացել է, ինչի հետեւանքով ավելացել է նաեւ դրամի պահանջարկը, որն էլ իր հերթին հանգեցրել է դրամի արժեւորմանը, ապա նույն տրամաբանությամբ ինչո՞ւ տարեսկզբին դրամը չարժեզրկվեց, չէ՞ որ արտահանումը նվազել էր, որի հետեւանքով շուկայում պետք է նվազեր նաեւ դրամի նկատմամբ պահանջարկը: Իհարկե, ոչ մեկի համար արդեն անսովոր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթները շուկայական ընդհանուր օրենքների տրամաբանությունից դուրս են: Մեր պաշտոնյաներն ամեն անգամ ինչ-որ անհեթեթ բացատրություն գտնում են, անկախ նրանից, թե այդ բացատրությունն ինչքանով է մոտ իրականությանը կամ տրամաբանությանը: Հիշենք, որ անցած տարի օգոստոսին դոլարի կուրսը կտրուկ բարձրացավ, հասավ 480-490 դրամի: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը դրա պատճառներից մեկը համարեց այն, որ այդ ժամանակ չինական յուանը 2 տոկոսով արժեզրկվել է: Հիմա չինական յուանը գնալով ամրապնդվում է, բայց դրան հակառակ` մեր դրամն արժեւորվում է: Ուրեմն դոլարի արժեզրկման պատճառները պետք է ներսում փնտրենք:

Ինչպես նշեցինք` ԿԲ-ն գտնում է, որ արտահանումը 2006թ. առաջին եռամսյակի նկատմամբ երկրորդ եռամսյակում ավելացել է: Տնտեսական նման գնահատականները կամ ցուցանիշները տալիս է Ազգային վիճակագրական ծառայությունը, որը երկրորդ եռամսյակի տվյալները դեռ չի հրապարակել: Դա անելու է միայն հուլիսին կամ օգոստոսին: Ավելին, Վիճվարչությունը դեռ չի վերջացրել նաեւ երկրորդ եռամսյակի առաջին ամսվա՝ ապրիլի ուսումնասիրությունը: Իսկ թե ԿԲ-ն որտեղի՞ց է իմացել, թե արտահանումն ավելացել է, կամ այդ ինչքանո՞վ է ավելացել, որ միանգամից ազդել է դոլարի կուրսի վրա, միայն ինքը կիմանա: Բացի այդ, մեր արտահանման հիմնական մասը կազմում է մոլիբդենը, պղինձը, ներմուծված ու մշակվելուց հետո արտահանվող ադամանդը եւ վերամշակվող սննդամթերքը: Առաջին դեպքում պղինձն ու մոլիբդենն ընդամենն արդյունահանվում եւ արտահանվում են: Այդ ձեռնարկություններն իրականում մեր բարձրագույն իշխանություններինն են, չնայած իրավաբանորեն ձեւակերպված են որպես արտասահմանյան ընկերություններ: Ճիշտ է, միջազգային շուկայում այս մետաղների գները բարձրացել են, բայց դա մեր տնտեսության համար զարգացում չի ապահովում, որովհետեւ գնում է սեփականատերերի գրպանը: Իսկ այդ ոլորտի վճարած հարկերը, մասնավորապես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերն, այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնիսկ նվազել են: Այնպես որ՝ դոլարի արժեզրկման համար այս ոլորտի ազդեցության գործոնը բացառվում է: Ադամանդագործությունը նույնպես բարձր ցուցանիշներ չի ապահովել: Ադամանդի վերամշակման առաջատար «Շողակն» գործարանը նույնպես անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում քիչ հարկ է վճարել: Ավելին, այս մեկ տարվա ընթացքում շրջանառություն չլինելու պատրվակով ադամանդի վերամշակման բոլոր գործարանները կրճատել են իրենց աշխատողների քանակն ու աշխատավարձերի չափը: Փաստորեն, արտահանման մեջ զգալի տեղ ունեցող այս ոլորտն էլ չէր կարող ազդել դոլարի արժեզրկման վրա: Իսկ պատրաստի սննդամթերքի արտահանումը էական նշանակություն չի կարող ունենալ, որովհետեւ այնքան էլ մեծ ծավալներ չունի: Տնտեսագետների կարծիքով, սա հերթական սպեկուլյացիան է, որի դեպքում արտահանումը չի ավելանում:

«Մենք վարում ենք բարձր ազգային դրամի կուրս, որը երբեք չի խթանում արտադրությանն ու արտահանմանը,- ասում է Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: – 2003թ. մեր արտաքին առեւտրի դիֆիցիտը 591 մլն դոլար էր, 2004թ. հասավ 636 մլն-ի, 2005թ. ունեցել ենք 818 մլ դոլարի դեֆիցիտ, այսինքն՝ 2004-ի նկատմամբ առեւտրի բացասական հաշվեկշիռը բարձրացել է 28 տոկոսով: Սա այն վառ ապացույցն է, որ ազգային դրամը չի խթանում արտահանումը, հակառակը՝ խթանում է ներմուծումը եւ առաջին հերթին խփում է մեր արտադրողին: Եվ իզուր չէ, որ առաջին եռամսյակում ունեցանք արդյունաբերական աճի 3 տոկոս անկում եւ արտահանման անկում՝ 5 տոկոսով: Իմ հաշվարկներով` այս քաղաքականությունը բերելու է նրան, որ 2006թ. մենք արտաքին առեւտրում առաջին անգամ ունենալու ենք 1 մլրդ դոլարի դեֆիցիտ»:

Հիշեցնենք, որ արտահանման բացասական հաշվեկշիռը սկսեց կտրուկ ավելանալ դոլարի արժեզրկման հետ միասին՝ 2004 թվականից:

«Կուրսային քաղաքականությունն ինքնանպատակ չի լինում, պետք է միշտ ունենա մի նպատակ. աջակցի ազգային տնտեսության զարգացմանը,- ավելացնում է Ա.Աղաջանովը: -Սա նշանակում է, որ մեր իշխանություններն աշխատում են ներմուծողի դաշտում: Ամբողջ աշխարհում է ապացուցված, որ ազգային արժույթի արժեւորումը ձեռնտու է միայն ներմուծողին»:

Իսկ մեր ներմուծողներին մենք լավ գիտենք: Գիտենք նաեւ, որ լայն սպառման՝ բենզին, գազ, շաքարավազ, մսամթերք, դեղորայք, շինանյութ եւ այլ ապրանքների ներմուծումը գտնվում է մենաշնորհային վիճակում, որը վերահսկվում է իշխանությունների կողմից: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ շատ պարզ ու հերթական սպեկուլյացիան է, կազմակերպված իշխանությունների եւ ներկրողների կողմից` մեծ գումարներ հավաքելու համար: Ի դեպ, կարծիք կա, որ հենց այս ժամանակ այնքան էլ պատահական չէ դոլարի արժեզրկումը: Հիշենք, որ երկու շաբաթ առաջ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը կորցրեց երկու A-320 ինքնաթիռ եւ արդեն պատրաստվում է գնել կամ վարձել երկու ինքնաթիռներ: Դրա համար գումար է պետք: Հիշենք, որ Մ.Բաղդասարովը լուրջ դիրք ունի բենզինի ներկրման շուկայում: Ուրեմն արդեն պարզ է դառնում, թե ինչո՞ւ հենց այս պահին պետք է իջներ դոլարի կուրսը, եւ ժողովրդից շորթած գումարները բաղդասարովների «բիզնեսի» միջոցով ո՞ւմ գրպաններն են հոսելու: Այս պատմության մեջ ամենաօրիգինալն իհարկե ԿԲ-ի բացատրությունն է: Նրանք երկրորդ եռամսյակում արտահանման ծավալների աճի մասին են խոսում այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակի կեսը դեռ առջեւում է: Օրացույց պահելը մեր ԿԲ-ում երեւի վատ տակտի նշան է: