Պաշտոնական մեկնաբանության հետ միասին դա հաստատեցին նաեւ բնակիչները: Նման վիճակ նրանց համար ապահովել էր ադամանդագործությունը: Այդ քաղաքում կան ադամանդ վերամշակող մոտ 1 տասնյակ մեծ ու փոքր գործարաններ ու արտադրամասեր, որտեղ աշխատում էին մոտ 3000 նորհաճընցիներ` 100-350 դոլար ամսական աշխատավարձով: Իսկ ավելի հմտացած վարպետները պայմանագրով մեկնում էին աֆրիկյան երկրներ` ադամանդի վերամշակման գործարաններում աշխատելու: Այնտեղ նրանք եռակի-քառակի անգամ ավելի շատ են վաստակում, ու այդ գումարները, բնականաբար, ուղարկում են Նոր Հաճըն: Անցած տարի անգործությունից դժգոհում էին հիմնականում ծերերը, որոնք օրն անցկացնելու համար հավաքվում էին քաղաքի կենտրոնում: Այս անգամ նոր Հաճըն այցելելիս մենք հակառակ պատկերին ականատես եղանք: Քաղաքի կենտրոնում մեզ մոտ միանգամից հավաքվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք բողոքեցին սոցիալական վատ պայմաններից, անգործությունից ու ադամանդի գործարանների ղեկավարներից:
Հիշո՞ւմ եք, որ անցած տարի ապրիլին Նոր Հաճընի ադամանդ մշակող ամենամեծ գործարանի՝ «Շողակնի» բանվորները գործադուլ էին արել: Նրանք դեմ էին դուրս եկել իրենց աշխատավարձերի կրճատման՝ գործարանի ղեկավարության որոշմանը: Այդ ժամանակ բանվորների գործադուլն ու բողոքները ոչ միայն դրական արդյունք չտվեցին՝ աշխատավարձերը նորից չբարձրացրին, այլ պատճառ դարձան, որ ակտիվիստներն աշխատանքից հեռացվեցին: Բացի այդ, վերամշակվող ադամանդի ծավալների կրճատման պատճառով բոլոր գործարաններն էլ իրենց աշատողների մի մասին կրճատեցին: Իսկ անցած տարեվերջին «Շողակնի» հետ միասին բանվորների աշխատավարձերը երկրորդ անգամ կրճատել են բոլոր գործարանները:
«Իմ աշխատավարձը դարձավ 35-40.000 դրամ,- ասում է «Շողակնի» նախկին բանվորներից մեկը, որը հազիվ 30 տարեկան կլիներ: -Էդքան գումարով առավոտից իրիկուն արժե՞ աչք քոռացնել ու քար տաշել: Ադամանդ տաշող բանվորը մյուսների համեմատ ավելի շուտ է կուրանում: Բացի այդ, տաշվող քարի փոշին սաղ շնչում ենք, գնում է, մեր թոքերին է նստում: Մեր տղերքի կեսը թոքերի պրոբլեմ ունի»: «Հետո, գիտե՞ք ինչ, էդ տնօրենները, որ ձեզ թվեր են ասում, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում,- ավելացրեց խմբվածներից մեկ ուրիշը: -Նրանք աշխատավարձերի երկու ցուցակ ունեն, մեկը ձեզ համար է, որ ցույց տան, թե իրենց աշխատողներն ինչքան բարձր աշխատավարձ են ստանում, մյուսն էլ իրական ցուցակն է, որի թվերը կրկնակի անգամ փոքր են առաջին ցուցակի թվերից: Այնպես որ՝ անցած տարի, որ «Շողակնի» ղեկավարությունն ասում էր, թե մեր միջին աշխատավարձը 400-500 դոլար է՝ ճիշտ չէր: Այդ ժամանակ 400 դոլար հատուկենտ մարդիկ էին ստանում: Հիմնականում 80-90 հազար դրամ էին ստանում: Հիմա կրճատել են, ավելի քիչ են ստանում: Է, որ այդքան էինք ստանում, էլ ինչի՞ էինք գործադուլ անում»:
«Քուր ջան, որպեսզի մեզ հավատաս, չասես, թե ստից բաներ ենք ասում, ամեն ամսի 8-ին արեք Նոր Հաճըն,- ասում է երրորդ երիտասարդը: -Այդ օրը «Շողակնի» բանվորները բանկոմատներից իրենց աշխատավարձներն են ստանում: Կանգնեք տեսեք, թե ինչքան են ստանում: Հիմնականում 40-50 հազար դրամ են ստանում: Բա դա փո՞ղ է՝ առողջությունը քայքայող աշխատանքի դիմաց: Դա էլ տուն չի հասնում, բանկոմատից մի քիչ էս կողմ ես գալիս, տալիս ես խանութների պարտքերը ու դատարկ ձեռքերով տուն ես գնում»:
Երբ մի փոքր ավելի խորացանք այդ փոքրիկ քաղաքում ու զրույցի բռնվեցինք մայթեզրերին նստած ու բանջարեղեն վաճառող կանանց հետ, համոզվեցինք, որ Նոր Հաճընում սոցիալական վիճակը կտրուկ վատացել է: Այդ կանայք դժգոհում էին, որ անցած տարի իրենց առեւտուրն ավելի լավ էր: Այս տարվա հաճախորդներն անցած տարվա 4-5 կիլոգրամի փոխարեն ինչ-որ բան 1-2 կիլոգրամով են գնում:
«Ժողովրդի ձեռին էլ փող չկա, որ առեւտուր անեն,- ասում է այդ վաճառողներից մեկը: -Շատերը գործարաններից դուրս են եկել: Իսկ աշխատողների էլ աշխատավարձն են կրճատել: Շարժ չկա: Մեր առեւտուրն ու ապրուստն էլ նրանցից է կախված. նրանք որ չունեն, մենք էլ չենք ունենա»:
Նույն դժգոհությունն ունեին նաեւ տաքսու վարորդները, որոնք արդեն քառասունին մոտ տղամարդիկ էին: Ի դեպ, Նոր Հաճընում այդ տարիքի տղամարդիկ համարվում են ծեր, որովհետեւ ադամանդի գործարաններում ընդունում են հիմնականում երիտասարդներին, որոնց աչքի լույսն ուժեղ է, եւ նրանք ավելի արագաշարժ են: Այդ վարորդները նախկինում ադամանդ են վերամշակել եւ հիմա իրենք իրենց վրա ծիծաղում են, թե երիտասարդ հասակում արդեն անաշխատունակ են համարվում: Դա ինչ-որ տեղ ճիշտ է, որովհետեւ ադամանդն ազդել է նրանց առողջության վրա:
Նոր Հաճընի սոցիալական վիճակի կտրուկ վատացումն ազդել է նաեւ անշարժ գույքի գների վրա: Այստեղ բնակարանների գների փոփոխությունը բնականոն ձեւով է լինում. հիմա Նոր Հաճընում բնակարան գնել ցանկացողները պակասել են, դրա պատճառով գները կտրուկ իջել են: Անցած տարի այս քաղաքի բնակարանների գները գրեթե մոտենում էին Երեւանի գներին: 1 սենյականոցը Նոր Հաճընում արժեր 12-15 հազար դոլար, իսկ 3 սենյականոցը՝ մինչեւ 25.000 դոլար: Այս տարի 1 սենյականոցը վաճառվում է 6-7 հազար դոլարով:
«Վաճառում են, որ գնան,- ասում է մեր զրուցակիցներից մեկը: -Փախնում են այստեղից, էլ հնարավոր չէ ապրել: Եթե բռլյանտի գործարանում չես աշխատում, ուրեմն՝ ուրիշ տեղ չկա: Այստեղ Երեւանի նման ռեստորաններ, կաֆեներ, խանութներ կամ օֆիսներ չկան: Հող էլ չկա, որ մշակես ապրես: Մնում է միայն գնալը: Տները ծախում են ու փախնում»: