Հայաստանում ընտանիք կազմելը մե՞ղք է

19/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նա այնքան նեղսրտած է, որ չի կարողանում բառերն արտահայտել այնպես, որ հասկանալի լինի, անգամ չի կարողանում կարգին լաց լինել, թեթեւանալ: Նրա գեղեցիկ, բաց կապույտ աչքերը կարմրում են, որովհետեւ արցունքները չեն հոսում, կուտակվում են ինչ-որ մի տեղ: Լաց է լինում, բայց ոչ այնպես, որ թոթափվի, դրա համար էլ թունավոր զոբ է առաջացել: Ասում է, որ պարբերաբար խեղդվում է, կարծես պարանոցից պարան կապեն ու ձգելով խեղդեն: Մեկ-մեկ շնչահեղձ է լինում, բայց դեռեւս կարողանում է հիվանդությանը դեմ կանգնել, որովհետեւ իրավունք չունի… պարտավոր է, այլ կերպ չի կարող. 4 փոքրիկ երեխաներ ունի: Կենցաղային պայմանները նման են նրա կոկորդի թունավոր զոբին, չարիքի պես մաշեցնում են թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին: Ամուսնացել է Ստեփանի հետ ու 11 տարի է, ինչ ապրում են փայտե վագոնի մեջ, որտեղ մի 10 րոպե մնալով ափսոսում ես, որ գեղեցիկ այս ընտանիքի անդամները ծայրահեղ վատ կենսակերպից դարձել են անկարող հաշմանդամներ: Ամուսիններն իրենց մասին արդեն չեն մտածում, իսկ երեխաներին խնամելու, պաշտպանելու հոգսը նրանց է՛լ ավելի նյարդային ու անկարող է դարձրել: Նրանց «տունը»` Գետափ գյուղից բերված փայտե վագոնը, գտնվում է Մասիսի Արբաթ գյուղում, որտեղ գտնվող շքեղ տների կողքին Թերեզայենց տունը նման է անասնագոմի: Վագոնում մեծացող 4 երեխաները մեկը մյուսից գեղեցիկ ու մեկը մյուսից դաստիարակված են: Յուրաքանչյուր շարժում անելիս նրանք պիտի ծնողների հրահանգը ստանան, ապա նոր շարժվեն: Ծնողները նրանց այդպես են դաստիարակել, բայց ոչ թե նրա համար, որ խիստ են, այլ, որ վախենում են երեխաների համար: Փոքրիկների ամեն մի շարժումը կարող է մահացու լինել: Վագոնից դեպի բակ իջնելու համար պետք է մագլցել ջեռուցման երկաթե մարտկոցների վրայով, որը Ստեփանը հարմարեցրել է` աստիճանների փոխարեն: Համենայն դեպս, նրանցից ամեն մեկը կենցաղային տարրական պայմանների բացակայությունից տուժել է:

«Ամենաշատը ձվածեղ եմ սիրում»

7-ամյա Հարությունը տեսողության խնդիր ունի, պիտի վիրահատվի: Աչքի մեջ սեւ կետ է հայտնվել, որը մեծանալով տարածվում է բիբի վրա: Բժիշկն ասել է, որ գնալով վտանգավոր է դառնում, պետք է վիրահատել, իսկ տղայի աչքը ցավում, ծակծկում է: 4 երեխաներից բոլորի վրա սպիներ կան, որոնք հերթով ցույց տալով` Թերեզան պատմում է, թե որն ինչից է եղել: Սպիներն այնքան շատ են, ու դրանց պատճառներն այնքան հրեշավոր են, որ թվում է` ավարտ չունեն, նաեւ թվում է` այս ընտանիքն ապրում է մեր թվարկությունից առաջվա ժամանակաշրջանում: Հարությունի մեջքի վրա քարտեզի պես սպիներ կան, որոնցից ամեն մեկն իր պատմությունն ունի ու այդ պատմությունը լսելուց հետո զարմանում ես, որ փոքրիկի մարմինը դեռեւս հաղթահարում է: Նրանց փայտե վագոնն այնքան փոքր ու անհարմար է, որ Թերեզայի եռացրած պահածոյին խաղի ժամանակ դիպչելով` Հարությունի մեջքին է թափվել եռացող ծիրանի հյութը: «Հույս չկար, որ կփրկվի, մեջքն ամբողջովին այրվել էր»: Դրանից հետո, սակայն, Հարությունն ավելի դաժան փորձության է ենթարկվել, այն էլ` ծննդյան օրը: Նրանց հարեւանությամբ ապրող մեծահարուստների մեծ շունը, կապը կտրելով, բակից դուրս է եկել այն պահին, երբ տան տիկինը դարպասը բացել է աղբը թափելու համար: Իրենց վագոնի առաջ խաղացող փոքրիկ տղային շունն այնպես է հոշոտել, որ բժիշկները հույս չեն տվել, թե կփրկվի, բայց, այնուամենայնիվ, փրկվել է: «Շունն ատամները խրել էր լեղապարկի մեջ ու լեղիի մի շերտը հանել էր ատամներով: Բժիշկը շշմել էր, ասեց, որ հրաշքով է փրկվել երեխաս»,- պատմում է Թերեզան` մատներով Հարությունի սպիները մեղմորեն շոշափելով, կարծես գլոբուսի վրա պետությունների պատմություններից է պատմում: Թեեւ Հարությունն 8 տարեկան է, բայց դպրոց չի հաճախում հաշմանդամության պատճառով, հատկապես, երբ անցյալ տարի բարձրությունից ընկնելով` կաթված է ստացել, ու արյունը գլխի մաշկի տակ է տարածվել: Այս ամենի հետ մեկտեղ` տղան չի աճում թերսնուցման պատճառով, իսկ նրա ախորժակն անընդհատ ձվածեղ է քաշում: Հարցնում եմ` ի՞նչ ես սիրում: Ամոթից կարմրելով` ասում է` «Ես ամենից շատ ձվածեղ եմ սիրում: Եթե լինի` ամեն օր ձվածեղ կուտեմ, իմ ամենասիրած բանն ա: Մեկ էլ մեր հարեւանների տներն եմ սիրում, քարից տները, մեծ են, կարաս վազվզես, խաղաս, ոչ մի բան չի լինի»: Մայրն ասում է, որ չեն կարողանում երեխաներին հիվանդանոց տանել ստուգման, բայց գիտեն, որ 4-ն էլ հիվանդություններից մարում են: Վագոնում ապրող երեխաները ճիճվակրություն ունեն, ինչը բնական է նման հակահիգիենիկ պայմաններում մեծացող երեխաների համար:

Անվճար ամեն ինչը քիթմռութով է արվում

Երեխաները 3-րդ մանկական հիվանդանոցում հաշվառված են:

Հիվանդանոցի բժիշկները նրանց մյուս երեխային` Սերյոժային հսկողության տակ են վերցրել, քանի որ նա ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի այտուցվածություն ունի: Բժշկուհին հիվանդությունը մեկնաբանել է որպես ոչ լիարժեք սնվելու հետեւանք: 3 ամիս է, ինչ դիետիկ սնունդ են նշանակել: «Չենք կարողանում, հասկանո՞ւմ եք, մեր երեխային չենք կարողանում օգնել: Աչքներիս առաջ… Պիտի գրեչկա, տավարի միս ուտի: Խառնաշփոթի մեջ ենք, չգիտենք` ինչ անենք, որ երեխաս կարողանա հիվանդությունը հաղթահարելով շարունակել ապրել: Դեղեր է խմում, բայց այդ անվճարի ամեն ինչն այնքան նեղվելով ու քիթմռութով են դուրս գրում, որ նվաստանում, կծկվում ես քո վիճակից: Չեմ կարողանում իրանց մի բանով նայեմ, ստորացնելով են դուրս գրում դեղորայքը»,- նորից կարմրում են Թերեզայի աչքերը, որովհետեւ հրեշավոր այդ զոբը վրա է տալիս կոկորդին: Իսկ Սերյոժան ասում է, որ փորի շրջանում փքվածությունն իրեն հանգիստ չի տալիս:

5 տարեկան Լիանան այնքան գեղեցիկ է, որ անգամ պատառոտված գիշերանոցը գեղեցկանում է նրա մարմնի վրա: Մոտենում է ու, որպեսզի ինքն էլ իր նախասիրությունների մասին տեղյակ պահի, ցածրաձայն ասում է. «Գիտե՞ս, ես էլ եմ ձվածեղ շատ սիրում: Բայց Հարութիկը ձուն խաշած ա սիրում, ինքը ճիշտ չի ասել, ձվածեղը ես եմ սիրում: Մեկ էլ գիտե՞ս ինչ եմ շատ սիրում, բայց դրանից չկա, մենակ մեր գյուղի խանութում կա` սասինսկի եմ շատ սիրում, ծախում են դրանից»: Լիանայի արտաքինից երբեք չես ասի, որ նա օրերով քաղցած է մնում ու ձվածեղը նրա համար երանելի ու դեֆիցիտ ուտելիք է: Այս երեխաներից ամեն մեկի մեջ աղքատ-հպարտը կա, որովհետեւ նրանք կարողանում են ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է: Փոքրիկ աղջկա դեմքին տեղ-տեղ բշտիկներ են առաջացել, մայրը դեղ է քսել` առանց իմանալու, թե ինչն է պատճառը: Նրա երկար մազերի արանքում մի փոքրիկ հատված ճաղատ է, մազ չի աճում, որովհետեւ գեմագիոմա ունի, այդպես է ծնվել` մոր հղիության ընթացքում վատ սնուցման հետեւանքով: Գլխի մի հատվածը թարախի պարունակությունից ուռած ու կարմրած է ծնվել, որը հետագայում պայթել է: Լիանան ամեն օր գլխի ցավից լաց է լինում, որովհետեւ թարախը չի չորացվում, ինչն անհրաժեշտություն է նրա հիվանդության պարագայում:

«Չնեղանա՛ք, նիսյա ապրանք չենք տալիս»

8 ամսական Լուսինեն դեռ փոքր է` հասկանալու համար, որ քնած ժամանակ իր բերանի վրա տանիքից կարիճ է ընկել: Թերեզայի կոկորդում հրեշի պես հայտնվել է թունավոր զոբը, քանի որ նա երեկվա պես հիշում է, որ եթե 1 րոպե ուշանար, ապա նորածնին կկորցներ: Հիշում է, թե ինչ մայրական բնազդով ու անվախ կարողացել է սեւ կարիճը սատկացնել: «Երեխեն գոռաց` մամա, մամա, Լուսինեի բերանին կարիճ ընկավ: Վազեմ, տեսնեմ` երկար պոչով սեւ կարիճը` քնած երեխուս բերանին: Ո՞նց պաշտպանեմ, ո՞նց… տանիքից ու վագոնի տակից կարիճները, օձերն ու կրետները զավթել են մեզ: Ի՞նչ անեմ…»: Վագոնի տնամերձ հողամասում գործ անելիս Թերեզան երեխաներին շարում է կողքին, որպեսզի հանգիստ լինի, որ ոչինչ չի պատահի: Ամուսինները լոլիկ են ցանում, որպեսզի վաճառեն եւ պարտքերը մարեն: Թերեզան պատմում է, որ այնքան են իրենց խանութից պարտքով ուտելու բան վերցրել, որ խանութի վրա պաստառ են փակցրել. «Չնեղանաք, նիսյա ապրանք չենք տալիս»: «Փարոսից» ստացած 29.000 դրամը տուն չի հասնում, որովհետեւ ստանալուց հետո ճանապարհին պարտքերը փակելով տուն են գալիս: Ձմռանը պարտքով ցախ են վերցնում, իսկ ամռանը լոլիկից ստացված բերքով վառելափայտի գումարն են մարում: Թերեզան անընդմեջ խոսում է, անընդհատ ծանր բաներ է պատմում, իսկ Ստեփանի լռության մեջ կաշկանդվածություն կա, որովհետեւ ամուսնանալուց նա երազում էր շատ երեխաներ ունենալ, նրանց կրթության տալ եւ օրինակելի ընտանիք կազմել: Ստեփանի քարացած լռության մեջ ավելի շատ ծանրություն կա, քան Թերեզայի կարմրած աչքերի ու դաժան պատմությունների: 4 երեխաների հայրը Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանից վարկով փող է խնդրել, որպեսզի երեխաների համար մի տանիք կառուցի, սական վերջինս ասել է, թե գյուղապետարանը բյուջե չունի: «Անելանելի վիճակ է: Տպավորություն կա, որ երեխա ունենալը մեր երկրում սխալ է»: 4 երեխաների ծնողներն իրենց մեղավոր են զգում երեխաների առաջ: Նրանց վերաբերմունքից այնպիսի տպավորություն կա, կարծես երեխաների հանդեպ դավադրություն են արել: Առավոտից իրիկուն լոլիկի ցանքով, հողագործությամբ են զբաղվում, որ դպրոցական Սերյոժային լոլիկի գումարով անհրաժեշտ գրենական պիտույքներ գնեն, լույսի փողը մարեն, վառելափայտի, խանութի պարտքերը փակեն: Աշխատում են, աշխատում, իսկ երեխաները ձվածեղի ու քարից տան մասին են երազում: