Մեր հարեւան Վրաստանը

19/05/2006 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

Այսօր Վրաստանը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է: Հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտային իրավիճակների սրման ժամանակաշրջանում: Սակայն ինքը` Վրաստանը նախկին խորհրդային տարածքի ամենաշատ խնդիրներ ունեցող պետություններից է: Վրաստանի ներսում միջէթնիկական հարաբերությունները, որի մասին այդքան շատ էին խոսում ԽՍՀՄ-ի ժամանակ, իրենց բացասական դերն ունեցան: Եվ հիմա աբխազներն ու օսերը միանշանակ հայտարարում են, որ ոչ մի կարգավիճակով չեն ցանկանում ապրել միացյալ Վրաստանի կազմում: Երկիրը գտնվում է եթե ոչ լիակատար քայքայման, ապա ամենաքիչը բարդագույն եւ հակասական խնդիրների ցանցում:

Ինչի՞ վրա է հենվում երկիրը, որպեսզի դուրս գա փոփոխությունների այդ դժվարին իրավիճակից: Ի՞նչ ռեսուրսներ ունի երկիրը դրա համար: Կուզենայինք իմանալ ժամանակի ռեսուրսը, պետական մեխանիզմի, ֆինանսական կամ տնտեսական ռեսուրսները, դաշնակիցների, ռազմական ուժի, դեմոգրաֆիական ռեսուրսները եւն: Թվում է՝ վերոնշյալ բաղադրիչներից եւ ոչ մեկի մասին չի կարելի միանշանակ դրական արտահայտվել:

Անկախության այս բոլոր տարիները ցույց տվեցին, որ Վրաստանը, ճզմված սեփական սխալներով ու պատմական անցյալով, հուսահատ փորձեր է անում իր տեղը գտնելու տարածաշրջանային հարցերում, մանեւրելու տարածաշրջանի երկրների մեջ՝ իբրեւ անաչառ կողմ իր թեկնածությունն առաջադրելով թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ Հյուսիսային Կովկասում առկա հակամարտությունների լուծման դաշտում: Սակայն դա այդպես չէ: Վրաստանը փորձում է օգտվել իր հարեւանների բացասական պատմական ժառանգությունից եւ փորձում դրանք իբրեւ կարեւոր հանցանշաններ օգտագործել իր միջնորդական ջանքերում: Եվ դա որոշակի փուլում նրան հաջողվում է, քանի որ շատ միջազգային կազմակերպություններ դեռ նոր են հայտնվել տարածաշրջանում եւ իրականում դեռ քիչ բան են հասկանում, նրանք տեսնում են միայն արտաքին կողմը: Չէ՞ որ դեռեւս գոյություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությունը, կա Թուրքիայի անհեռատես դիրքորոշումը Հայաստանի (ներառյալ շրջափակումը) եւ Ռուսաստանի (չեչենական հակամարտությանն աջակցելը) նկատմամբ: Այստեղից էլ ձեւավորվում է Հայաստանի համար դեպի Ռուսաստան, Եվրոպա կամ Թուրքիա Վրաստանի միջով անցնող տարանցիկ ճանապարհի գինը: Այստեղից էլ հետեւում է հենց իր՝ Վրաստանի կողմից ներկայացվող գինը Թուրքիայի կամ, ասենք, Ռուսաստանի համար, չէ՞ որ վերջինս դաշնային պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ… Միաժամանակ գին է սահմանվում եւ Հայաստանի համար: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ այդ եւ այլ, ոչ պակաս կարեւոր չափանիշների ներսում ծագում է այս կամ այն կողմի արժեքային բաղկացուցիչը: Հարց է ծագում՝ արդյո՞ք Վրաստանին ձեռնտու է, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունենա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եվ ի՞նչ պայմաններում կարող են այդ հարաբերությունները նրան ձեռնտու չլինել: Ակնհայտ է, որ Հայաստանը, որը մի կողմից տնտեսապես սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ դեպի ծով ելք չունի եւ օգտագործում է Վրաստանի նավահանգիստները, բավանակին կախված է Վրաստանի կապրիզներից: Մյուս կողմից՝ գոյություն ունի Բաքու-Ջեյհան նավթամուղը, որն արդեն սկսել է դիվիդենտներ բերել երկրին: Այս ամենը ձեռնտու է Վրաստանին եւ նրան մանեւրելու որոշակի հնարավորություններ է տալիս ինչպես` Թուրքիայի եւ Ադրբեջանի, այնպես էլ` Ռուսաստանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում: Սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչ մանեւր եւ ինչ նպատակով: Մենք այս հարցին այդպես էլ պարզորոշ պատասխան չենք գտնում: Վրաստանն իր խաղն է խաղում, սակայն ի՞նչ խաղ: Նա ցանկանում է մտնե՞լ ՆԱՏՕ: Բայց դրա մեջ ոչ մի անսովոր բան չկա: Ահա նրա կողքին է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Խոսքն այդ մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսին կլինեն Վրաստանի իրական հարաբերությունները Հայաստանի, նաեւ Վրաստանում հայ համայնքի հետ, այն դեպքում, երբ հենց Վրաստանում վրաց ժողովրդի դեմոգրաֆիական վիճակն «ուղղում են» հայերի բռնի միաձուլմամբ:

ՈՒնի՞ արդյոք Վրաստանը բավարար ժամանակային ռեսուրս այս հարցերում: Կարծում եմ՝ շատ քիչ: Թեեւ չի բացառվում, որ Վրաստանը, իր շահերից ելնելով, ամեն կերպ կփորձի խոչընդոտել այդ բարդ հարաբերությունների լուծումը: Մյուս կողմից՝ Եվրոպան, որը զբաղված է Կոսովոյի անկախության հարցերով, խփում է Վրաստանի անմիջական շահերին, քանի որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան փաստացի դուրս են եկել Վրաստանի կազմից:

Աջարիան՝ այդ անկախ մուսուլմանական երկիրը, որտեղից դեռ խորհրդային տարիներին Թբիլիսին աջարներին տարհանում էր երկրի՝ էթնիկական իմաստով պրոբլեմային շրջաններ՝ Մեցխեթ եւ Ջավախեթի, որտեղ փորձում էր միաձուլել նրանց: Աջարիան իր հերթին գրավիչ պատառ է Թուրքիայի համար, որ դեպքերի բարենպաստ ընթացքի պայմաններում կարող է հեշտ ավար դառնալ Թուրքիայի համար: Թուրքիան այդպիսի փորձ ունի ոչ միայն պատմական անցյալում, այլեւ մեր օրերում, օրինակ՝ Կիպրոսը:

Մի անգամ արեւմտյան մի լրագրող ինձ ասաց. «Եթե մի փոքր վերափոխենք Գերդերին, կարելի է ասել, որ այսօր Վրաստանն ավելի մեծ տեղ է գրավում քարտեզի վրա, քան պատմության մեջ»: Այս միտքն ինձ այնքան էլ արդարացի չի թվում. չէ՞ որ Գորիում ծնված Ստալինը վրացի էր: Ի դեպ, հենց նրան է պարտական Վրաստանն իր այժմյան տարածքի համար:

Ռուսաստանը

Ռուսաստանը մի երկիր է, որը ստեղծել է Վրաստանն այն սահմանադրական սահմաններում, որոնք այսօր ուզում են պահպանել Վրաստանի իշխանությունները: Ավելին, Ռուսաստանը Վրաստանին պատմական հնարավորություն է տվել, ինչպեսեւ` նրա հարեւան Հայաստանին՝ վերականգնելու սեփական անկախությունը: Ինչպես դիպուկ նկատել է Օսիպ Մանդելշտամը, Ռուսաստանը երբեք իր արժեքները չի պարտադրել Վրաստանին: Երկրի ռուսականացումը վարչական ոլորտից այն կողմ երբեք չի անցել: Այսինքն՝ Վրաստանի մշակութային ռուսականացման մասին խոսք անգամ չի եղել, ասում է բանաստեղծը: Սակայն տնտեսապես Վրաստանը չափազանց մեծ կախվածություն ունի ռուսաստանյան շուկայից՝ սկսած էներգետիկ ոլորտից եւ վերջացրած վրացական գինիների կամ խոհանոցի «բրենդներով»: Եվ այստեղ բավական մեծ է Ստալինի դերը, առանց որի ոչ գինիները, ոչ «Բորժոմը», ոչ էլ ազգային խոհանոցն ու ազգային պարերն ու «Սուլիկոն» այդքան տարածում չէին ունենա: ԽՍՀՄ-ի հսկայական տնտեսությունը փլուզված է նաեւ Վրաստանում, եւ մենք չենք էլ փորձի դա վերլուծել: Նույնիսկ այնպիսի ոլորտում, ինչպիսին զբոսաշրջության ինդուստրիան է, Վրաստանն առաջին հերթին կարող է զարգանալ շնորհիվ ռուսաստանցի զբոսաշրջիկների: Սակայն այժմ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե տուրիստական Թուրքիան թույլ տա: Չէ՞ որ նա կարող է կորցնել հարյուր հազարավոր դոլարներ…

Պետք է հիշել նաեւ, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած գերտերություն, իր հստակ հետաքրքրություններն ու շահերն ունի: ԽՍՀՄ-ի փլուզման ծանր ժամանակներում Վրաստանը, Շեւարդնաձեի ղեկավարման տարիներին, փորձում էր մի քանի ուղղություններով խաղալ, ինչը, բնականաբար, Ռուսաստանին դուր չէր գալիս: Սահակաշվիլու իշխանության գալով` այդ խաղը (հիշենք նրա այցը Մոսկվա՝ Պուտինի հետ ընկերանալու համար) չստացվեց, եւ պարզ դարձավ, որ գերակա ուղղությունները հստակ նշագծված են, եւ բախումն ակնհայտ է: Սակայն Վրաստանն այն երկիրը չէ, որ, ասենք, ԱՄՆ-ը կամ Եվրոպան, ի դեմս Գերմանիայի (հատկապես Ա.Մերկելի՝ վերջերս Օմսկ կատարած այցի լույսի ներքո), հանուն նրա հարաբերությունները վատացնի Ռուսաստանի հետ: Իսկ ո՞վ պետք է պաշտպանի Վրաստանի շահերը երկրից դուրս, վրացական սփյո՞ւռքը: Սակայն ամենամեծ վրացական սփյուռքը գտնվում է հենց Ռուսաստանում, եւ դժվար է ասել, թե ինչպես է նա պաշտպանելու Վրաստանի շահերը: Չէ՞ որ Վրաստանը հենց Ռուսաստանի վրացական համայնքից է ստանում ամենամեծ դրամական միջոցները:

Ռուսաստանը չունի հստակ ձեւավորված քաղաքականություն Հարավային Կովկասում: Սակայն դա չի խանգարում, որ, տեսնելով վրացական իշխանությունների թշնամական վերաբերմունքը, Ռուսաստանն իբրեւ ոչ բարեկամական քայլ գնահատի Վրաստանի հեռացումը դեպի Եվրոպա, եւ ԱՄՆ, եւ այդ երկրի վրա ազդելու համար բավականին միջոցներ ունենալով՝ համապատասխան քայլեր ձեռնարկի: Այսպիսին է իրականությունը:

Երկու խոսք տարածաշրջանի նոր խաղացողի մասին: Խաղադաշտ է դուրս եկել Իրանը, որն իր նկրտումների մասին է հայտարարում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս փաստն ընդլայնում է տարածաշրջանի սահմանները, միաժամանակ որոշակի ուղղումներ մտցնում Հարավային Կովկասի մյուս երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի, այլ պետությունների դիրքորոշումների մեջ: Թե ինչպիսին կլինեն Իրանի հարաբերությունները տարածաշրջանի այս կամ այն երկրի հետ նոր նախագահի օրոք, ցույց կտա ժամանակը: Սակայն Ռուսաստանն այս պայմաններում իր խաղն ունի, որը կարող է չափազանց հետաքրքիր եւ հեռատես լինել: