Նկարչուհի Կարինե Մացակյանն ինքն իրեն դեպրեսիկ մարդ է համարում, քանի որ աշխարհում տիրող անորոշությունը լավատեսության առիթներ քիչ է տալիս: Ավանգարդ արվեստը նրա համար սեփական մտորումներն ու ցասումն արտահայտելու միջոց է: Նրա կտավները մարդկանց եւ հատկապես` կանանց ուղղված բազմաշերտ ուղերձներ են: Կարինե Մացակյանը զգացել է, որ ինքնահաստատվել ցանկացող անհատը պետք է իզոլյացված լինելու դժվարին փուլ անցնի, քանի որ դա յուրահատուկ փորձություն է:
– Կարծում եմ, մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ իզոլյացված լինելու զգացումը կարող է յուրաքանչյուր մարդ ապրել: Նույնիսկ, եթե նա աշխատում ու շփվում է ուրիշների հետ, իրեն հասարակության լիարժեք անդամ չի կարողանում զգալ:
– Բայց սովետական կարգերի փլուզումը եւ գրաքննության վերացումը պետք է ավանգարդիստներին նոր լիցք տար:
– Ճիշտն ասած, ես նման իլյուզիաներ չեմ ունեցել. թեեւ մեր սերունդը տոտալիտար համակարգի վերջին սերունդն էր, եւ բոլորս էլ իդեալիստներ էինք, երազում էինք, որ կքանդվի այդ համակարգը եւ ամեն մի անարդարություն կվերանա: Չեմ կարող ասել, թե շատ հիացած եմ ներկայիս իրավիճակով, քանի որ այսօր տիրող ուժային ստրուկտուրաների մեջ ես ինձ չեմ տեսնում: Բայց տեսնելով, թե որքան ցուցահանդեսներ եւ երիտասարդ նկարիչներ են հայտնվում, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ արվեստի պահանջ կա: Դա է լիցք տալիս: Այսօրվա մեր խնդիրը նրանում է, որ մենք հասարակական խմբավորումներ չունենք, չենք կարող վստահ ասել, որ, ասենք, այս խումբը որոշակի ճյուղ կամ ճանապարհ է ներկայացնում, եւ այդ ճանապարհը տարբերվում է մյուսներից: Ամեն ինչ շատ խառն է, նոր շուկայական փոխհարաբերությունները դեռ չեն ամրապնդվել: Ես միշտ վախեցել եմ «շուկա» բառից, քանի որ շուկայում ժողովրդական ճաշակն է տիրում, իսկ մենք շատ լավ գիտենք` թե ովքեր են այդ ճաշակը ժողովրդին թելադրում:
– Իսկ անհատը հասարակության մեջ իրեն կարո՞ղ է հարմարավետ զգալ:
– Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպիսի շրջան եղավ. մարդիկ միմյանց հանդեպ հանդուրժող էին: Բայց հետո այդ հանդուրժողականությունը գլխիվայր շուռ եկավ, պարզվեց, որ ուրիշ ազգի ներկայացուցիչ լինելը շատ անամոթ ու վարկաբեկելի բան է: Եվ մարդիկ շփոթմունքի մեջ ընկան: Գուցե գլոբալիզմի սկզբունքները մեզ համար նոր են, մենք դրանց դեռ չենք սովորել, համարում ենք, որ եթե սա իմն է, ուրեմն սրա համար պետք է արմունկներով պայքարենք: Հիմա մեր հասարակությունը անորոշ, շփոթված վիճակում է: Բազմաթիվ սոցիալական խնդիրներ հաղթահարելու համար մարդկանցից դիմացկունություն եւ ուժերի գերլարում են պահանջում: Եվ եթե մի բան առավել է լինում, մարդը շփոթության մեջ է ընկնում: Ուժային տեխնոլոգիաներ են գործի դրված, որոնք ավելի ագրեսիվ ինտոնացիաներ ունեն:
– Ծեծված միտք է, բայց ողջ աշխարհում կին նկարիչները պակաս հայտնի են, քան տղամարդիկ: Ինչո՞վ են կանայք զիջում:
– Ո՞վ ասաց, որ զիջում են: Շատ հայտնի ու հրաշալի արվեստագետ-կանայք կան: Սովետական ժամանակներում էլ է այդ հարցը առաջ եկել, հարցնում էին` կնոջ եւ տղամարդու սահմանադրորեն ընդունված հավասարության դեպքում ինչո՞ւ կինն իր ինդիվիդուալ դեմքը ցույց չի տալիս: Կարծես այն ժամանակ ամեն ինչ կարգին էր, կուլտուրան վերեւից թելադրվում էր, հավասարություն կար: Պարզապես այդ կուլտուրան մեխանիկական էր եւ ինդիվիդուալիզմն ընդհանրապես ընդունված չէր: Մենք հիմա նոր պետք է օրգանապես աճենք ու տեսնենք` ինչպիսին է մեր դեմքը եւ ինչ խնդիրներ ունենք:
– Կանանց իրավունքների պաշտպանության մեծ ալիք է սկսվել Հայաստանում: Դա կարո՞ղ է դրական ազդել կանանց վրա:
– Դեռ սովետական կարգերում ակտիվ կանայք վարկաբեկվել էին: Պաշտոններ եւ աթոռներ էր զբաղեցնում Կոմսոմոլի կամ Կոմկուսի էլիտան: Հիմա նույն կերպ սպասում են, որ գրանտային սիստեմը կվերականգնի այդ մեխանիզմը: Մեզ մոտ այդ սուտ սովետական էլիտայի նման էլիտա է սկսում ձեւավորվել, որը ցանկանում է իր փայաբաժինն ունենալ: Գիտեմ, որ 60-ից ավելի կին ղեկավար ունեցող հասարակական կազմակերպություն կա: Եթե ես գոնե լսեի, որ դրանցից մեկն իսկապես զբաղվում է մարդու իրավունքներով, որեւէ պաշտոնյայի մեղադրել եւ դատի է տվել կանանց իրավունքները խախտելու համար, նոր կհավատայի, որ այդ կազմակերպությունները պետք են: Բայց, չգիտես ինչու, կանանց կազմակերպություններն ավելի ընդհանուր ազգային թելադրանքն են կատարում: Այդ պատճառով էլ չունենք այնպիսի հասարակություն, որտեղ կարող ենք կանանց խնդիրների մասին խոսել:
– Իսկ արվեստում խտրականություն զգացե՞լ եք:
– Այո, եւ դա ինձ համար շատ տարօրինակ էր: Չէ՞ որ եւ՛ տղաները, եւ՛ աղջիկները նույն դասարանում են սովորում, հետո հավասարապես բուհ ընդունվելու հնարավորություն են ունենում, բայց երբ գնահատական տալու կամ լավագույնի ընտրության պահն է գալիս, աղջիկները խնդիրներ են ունենում: Երեւի այդպիսին է մեր մենթալիտետը: Տղամարդկանց գլխի մեջ նստած է, որ եթե դու կին ես, ուրեմն անհատականություն չես եւ ինչ-որ մեկին ես պատկանում: Անհասկանալի պատրիարքալ, հետադեմ համակարգում ենք ապրում: Մենք` ավանգարդիստներս, կարող էինք ազատության, ազատ արվեստի մասին խոսել, բայց հենց որ արժեւորելու խնդիր էր առաջ գալիս, մեր տղամարդիկ հետնահանջ էին ապրում, քանի որ իրենց մեջ ոչ թե օրենքն էր խոսում, այլ` պատրիարքալ մենթալիտետը: Դա շոկ էր ինձ համար:
– Մեր ավանգարդը պատրիարքա՞լ է:
– Ստացվում է, որ այո: Տարիներ առաջ դա ինձ համար եւ՛ ցավ, եւ՛ խթան եղավ: Միգուցե եթե ես նման խտրականություն չզգայի, իմ նկարչությունն այլ` մաքուր արվեստի սկզբունքներով գնար: Սակայն այդ ցնցող, անսպասելի վերաբերմունքի պատճառով իմ արվեստի մեջ էմոցիա եւ հեգնանք մտավ: Ես ուզեցի իմ այդ բողոքն արտահայտել եւ ցույց տալ կնոջն ուղղված հասարակության հայացքը: Պարզվում է, որ հասարակությունը կնոջից պահանջում է, որ նա իր տանջանքները որպես հաճույք ընդունի. դա յուրահատուկ մազոխիզմ է: Կինը չի կարող իր ցասումը եւ բողոքն արտահայտել, որովհետեւ մամա է, որը պետք է փաղաքշի ու տղամարդկանց ցանկությունները, կապրիզները կատարի: Տղամարդը չի կարողանում կնոջը որպես հավասարի նայել, նա կնոջը կամ պատվանդանի վրա է դնում ու հիանում է (ինչպես իր սեփական խիստ ու պատժող մայրիկին է վերաբերվում), կամ էլ կնոջ մեջ ավելի ցածր էակ է տեսնում: Ընդ որում՝ այդ վերաբերմունքը ոչ միայն հայկական մենթալիտետին է հատուկ: Կնոջ եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերն ամբողջ աշխարհում դեռ չեն սպառվել: Լինելով Վիեննայում` ես նույն պրոբլեմին եմ հանդիպել, պարզապես, ի տարբերություն մեզ, նրանք պատրաստ են խոսել, վերլուծել կնոջ հանդեպ ծագող անարդարություններն ու բռնությունները: Իսկ մեր հասարակությունը շատ ինֆանտիլ է: Ես հասկացա, որ կինը պետք է ինքնուրույն քայլեր անի, նույնիսկ, եթե իր սրտում միայնակության վախ կա: Իսկ մենակ մնալու վախը պատմականորեն կա կնոջ մեջ: Սակայն միեւնույն է, կինը պետք է ըմբոստ լինի: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր կին իր աշխատավայրում զգացել է, որ պետք է երկու քայլ անի այն իրավիճակներում, որտեղ տղամարդը մեկ քայլ է անում: Եթե հանդուրժում ես, ուրեմն ստեղծված վիճակն օրինաչափություն ես համարում: Բայց կինը պետք է մի ռադիկալ քայլ անի, որպեսզի ցույց տա տղամարդուն, որ չի վախենում:
– Կնոջ վախը հաճախ ընտանիքի կորստի հետ է կապված:
– Ընտանիքը դարձել է միակ երաշխիքը, որը պաշտպանում է կնոջը: Եվ եթե դա միակ հասարակական երաշխիքն է, ուրեմն դրանից պետք է հրաժարվել, որովհետեւ տղամարդու ձեռքում դա կնոջ դեմ ուղղված զենք է: «Այ, դու կմնաս մենակ»,- դա եւ հասարակության, եւ տղամարդու սպառնալիքն է: Նույնիսկ երեխա ունենալու որոշումն է տղամարդուց կախված: Ես դրանից էլ եմ հրաժարվել: Բնականաբար, այսօրվա դրությամբ ես մենակ եմ, բայց ինչ էլ որ արել եմ, արել եմ իմ խղճի թելադրանքով եւ երբեք հեղափոխական դեմագոգիայի կողմնակից չեմ եղել: Կինը պետք է հասունացած լինի: Կնոջը շատ հրահրելուց պետք է նաեւ վախենալ, քանի որ ամեն մարդ չէ, որ կարող է մենակ լինել: Բայց վստահ եմ, որ կինը յուրաքանչյուր, նույնիսկ ամենահետադեմ ստրուկտուրայի մեջ էլ, պետք է իր բողոքի առաջին քայլն անի: Հիմա նրան թելադրում են, որ միակ երջանկությունը երեխա ունենալու մեջ է: Երեխան հրաշալի բան է, բայց ոչ` միակը: Իսկ մեզ մոտ ընտանիքն ու երեխաները շանտաժի միջոց են դարձել: