Քանդակներ` առանց պատվանդանի

19/05/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Մոսկվա» կինոթատրոնի առջեւ կանգնած ձիերը, ցուլը, ռնգեղջյուրը ծանոթ ու սիրելի են դարձել երեւանցիների համար: Արա Ալեքյանի արձանները պատվանդանի վրա դրված թեմատիկ հուշարձաններ չեն, նրանք քաղաքի փողոցները, պուրակները եւ զբոսայգիները զարդարող էակներ են, որոնք միաժամանակ ուրախ ու գեղեցիկ տրամադրություն են ստեղծում եւ լրացնում են հրապարակներն ու շինությունները: «Արձանները մարդկանց հետ անմիջական շփման մեջ են հայտնվում: Ես միայն ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ երեխաները մոտենում են, ձեռք են տալիս արձանին, ուզում են, օրինակ, ցուլի կամ ձիու վրա բարձրանալ»,- ասում է հեղինակը: Թեեւ նա նաեւ մարդկային ֆիգուրներ է ստեղծել («Թագավորն ու թագուհին», օրինակ, որը Մոսկվայում է գտնվում), սակայն ավելի հայտնի է իր կենդանիներով ու միջատներով. «Այնպես է ստացվել, որ ես հիմնականում չորքոտանիներ եմ պատկերում»,- ասում է նա: Ա.Ալեքյանի ձուկը, կարիճը, խխունջն ու ճանճը մեր քաղաքի միջավայրում դեռ իրենց տեղը չեն գտել եւ միայն թանգարաններում են ցուցադրվում: Ընդ որում՝ նրա մետաղյա կենդանիներից մի քանիսը շուտով մեկնելու են Երեւանից: «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղադրված քանդակների թիվը կամաց-կամաց պակասում է: Ռնգեղջյուրն արդեն գնվել է եւ Բելգիա է տեղափոխվելու: Գնվել է նաեւ ցուլը: Գնորդները հիմնականում արտասահմանցիներ են:

Վերջերս քանդակագործը «Գեւորգյան» ցուցասրահում ներկայացրեց իր նոր աշխատանքը` Սերգեյ Փարաջովի կիսանդրին, որը, ինչպես եւ նախորդ աշխատանքները, մետաղից է պատրաստված: Ընդհանրապես Ալեքյանի բոլոր քանդակները մետաղական թափոններից են ծնվում, որոնք նա անպետք իրերի կույտերից է հայթայթում, համադրում, եռակցում ու ձուլում: «Ես աշխատում եմ միայն այն նյութի հետ, որը Հայաստանում անպետք է համարվել եւ որի հետագա ճակատագիրն Իրանում հայտնվելն է»,- ասում է նա:

Փարաջանովի արձանի ոճը շատ հարազատ է հենց Փարաջանովին, ով հայտնի է նաեւ սիմվոլիկ տարրերով հագեցած, տարբեր նյութերի թափոններից ստեղծված իր կոլաժներով: «Ես փորձել եմ Փարաջանովին սիմվոլների միջոցով ստանալ: Գլուխը կարելի է որպես ֆիլմադարան ընկալել, իսկ արձանի պատվանդանը պատկերել եմ եռոտանու տեսքով»,- ասում է հեղինակը: Արձանի ստորին մասում ժամացույցն է, իսկ մետաղական Փարաջանովի քունքից դուրս է ցցվում տեսախցիկի բռնակը, որը կարող է պտտվել եւ կինոդիտման պատրանք ստեղծել: Իր Փարաջանովին Ա.Ալեքյանը ներսում է տեսնում. «Համենայնդեպս, արձանը բացօթյա ցուցադրման համար չէ, քանի որ այն ավելի կամերային աշխատանք է»: Եթե արձանը «Գեւորգյան» ցուցասրահում գնորդ չգտնի, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան կտեղափոխվի: Արա Ալեքյանը գնորդների հայտնվելուն է սպասում, քանի որ իր աշխատանքը դեռ լիակատար ավարտված չի համարում` նյութի խնդիրներ կան, Փարաջանովի դեմքի որոշ կտորները, որոնք այժմ գիպսից են պատրաստված, նախատեսվում է բրոնզի վերածել:

Բացի Փարաջանովի արձանը վերջնական տեսքի բերելուց, Արա Ալեքյանն այլ բազմաթիվ ու հետաքրքիր մտահղացումներ ունի: Ուզում է մեքենա քանդակել: Ուզում է մետաղաձույլ մոծակ կամ սարդոստայն հյուսող հսկա սարդ տեղադրել որեւէ շենքի պատին. «Պատկերացնո՞ւմ եք, սարդը տանիքից իջնում է, իր ութ ոտքերից մեկն արդեն հասցրել է պատշգամբներից մեկի վրա դնել, մյուսը հենել է պատուհանին, սարդոստայնի հատվածներ էլ կլինեն: Բայց դրանք դեռ միայն գաղափարներ են»: Քաղաքը Արա Ալեքյանի քանդակները ձեռք բերելու առաջարկություն դեռ չի արել: Թեեւ մի հայ գործարար ցանկություն է հայտնել եւ քանդակը գնել, եւ քանդակի համար հարմար տեղի խնդիրը լուծել: «Շատ հաճելի ու անսպասելի առաջարկ ստացա, եւ շուտով երկրորդ ռնգեղջյուր եմ պատրաստելու, որն արդեն իր հաստատուն տեղը կունենա Երեւանում»,- ասում է Ա.Ալեքյանը, ում կիսաիրական-կիսաֆանտաստիկ մետաղյա արձանները` ճիշտ տեղում հայտնվելով, կարող են որոշակի շինարարական միօրինակությանը վառ երանգ հաղորդել: Համենայնդեպս, զբոսնող մարդիկ, հսկա ճանճերն ու սարդերը հաճելի կդիտվեն, օրինակ, Երեւանի նորակառույց Հյուսիսային պողոտայի ապակեպատ, բետոնե շենքերի վրա կամ դրանց մոտակայքում: Բետոնե բարձրահարկերը` հանդիպելով մետաղյա կենդանիներին, կարող են հանկարծ գեղեցիկ դառնալ: