Արդյոք վրացական գինիների եւ հանքային ջրերի ներմուծման արգելքի վերաբերյալ ՌԴ որոշումից կօգտվի՞ հայ արտադրողը: Մեր այս հարցին ի պատասխան, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ այդ արգելքը մեր տնտեսության համար ոչ մի էական նշանակություն չի ունենա: Հակառակ շահարկումները նա համարում է «հոգու համար հաճելի կամ տհաճ սեղանի կամ խոհանոցի խոսակցություններ»: Նա գտնում է, որ շուկայական տնտեսությունը չի կարող հիմնվել մրցակցի պրոբլեմների վրա, այն պետք է հիմնվի սեփական արտադրանքն ու ծառայությունը համապատասխան երկրի շուկա մտցնելու ունակության, փորձի եւ ներդրումների վրա: «Մեր ապրանքը մրցունակ է այն սպեկտրում, որ կոչվում է «Հայկական արտադրության ապրանքներ»: Օրինակ, եթե համեմատենք ջրերի շուկան, ապա վրացիները պատմականորեն ավելի մեծ հեղինակություն են ունեցել այդ շուկայում: Ու ասել` եթե «Բորժոմի» չկա, ուրեմն «Ջերմուկ» կլինի, դա միամիտ երեխայական խաղ կլինի: Որպեսզի մեր համանման ապրանքները ռուսական, եվրոպական կամ ամերիկյան շուկաներում ավելի մեծ սպառում գտնեն, ապա մենք պետք է ավելի շատ աշխատանքներ տանենք թե՛ այդ ապրանքների գովազդի ոլորտում, թե՛ խոշոր դիստրիբյուցիոն համակարգերի հետ համագործակցելու գործում»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Ղազարյանը: Նրա կարծիքով, միակ չափանիշը, որով հայ գործարարը պետք է առաջնորդվի, շուկայի պահանջարկին համապատասխան ապրանք մատուցելն է: «Սա է այն ելքը, որ ապացուցում է համաշխարհային տնտեսության փորձը»,- ասաց նա:
Կ. Թ.