Կոալիցիայի միջեւ հակասություններ միշտ կային

18/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Օրինաց երկիր» կուսակցության հետ վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները նաեւ ապացուցեցին, որ այսօր ՀՀ քաղաքական համակարգը որպես այդպիսին գոյություն չունի, եւ հատկապես իշխանամետ կուսակցությունները զրկված են առանց նախագահական նստավայրի հետ համաձայնեցնելու ինքնուրույն որեւէ տեսակետ արտահայտելու իրավունքից:

Գործող իշխանություններին «Օրինաց երկրից» բավական խիստ քննադատության է ենթարկել նաեւ ՀՅԴ-ն` ակնարկելով, որ եթե իշխանական բուրգում իրենք լինեին մեծամասնություն, ապա ՀՀ-ում կոռուպցիան, անպատժելիությունն ու սոցիալական անարդարություններն այդքան մեծ չափերի չէին հասնի: Բայց իշխանություններն առայժմ կարծես թե խնայում են ՀՅԴ-ին ու ձեռք չեն բարձրացնում նրա վրա: «Դաշնակցականները մտավախություն չունե՞ն, որ մի օր էլ իրենք զոհ կդառնան»,- երեկ հետաքրքրվեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանից: «Մեր կուսակցության ճակատագիրը որոշում է մեր կուսակցությունն ինքը, եւ ոչ թե կուսակցությունից դուրս գտնվող ինչ-որ անձինք: Շատ են ներդրել ականներ, բայց այն չի բերել կուսակցության տրոհմանը եւ հենց դրանով է մեր կուսակցությունն ամուր»,- որեւէ մեկի կողմից ՀՅԴ-ն պառակտելու հնարավորությունը բացառեց Արմեն Ռուստամյանը: Իսկ եթե ՀՀԿ-ն որոշակի հարցերում համաձայն չլինի իշխանությունների հետ ու քննադատի Ռոբերտ Քոչարյանին, ապա մտավախություն չունի՞, որ նրա հետ եւս նույնկերպ կվարվեն: «Միշտ չէ, որ կոալիցիոն կուսակցությունների եւ նախագահի դիրքորոշումները հարյուր տոկոսով համընկել են: Սակայն այդ խնդիրները քաղաքակիրթ ճանապարհով հարթվել են: Կոալիցիայի ցանկացած կողմ ունեցել է հնարավորություն եւ քաղաքական կամք` իր համար սկզբունքային հարցերի շուրջ արտահայտելու սեփական կարծիքը: Կարծում եմ, որ երկրի քաղաքական համակարգում պետք է ավելի քիչ դեր խաղա անձնականը եւ ավելի գերակշռող լինի գաղափարականը: Ես վստահ եմ, որ գոնե կոալիցիա-նախագահ հարաբերություններում խնդիրն անձնավորված չէ»,- վստահեցրեց Արմեն Աշոտյանը:

Իսկ մինչ այդ, կոալիցիայի կազմից «Օրինաց երկիր» կուսակցության դուրս գալն ու ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականը քաղաքական դաշտի վրա որեւէ լուրջ հետեւանք չի ունենա եւ չի հանգեցնի քաղաքական ճգնաժամի: Համենայնդեպս, այդպես են կարծում կոալիցիայի կազմում մնացած մյուս երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները: «Այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա»,- վստահեցրեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, կոալիցիոն մյուս երկու ուժերը շարունակում են աշխատել կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը քաղաքական դաշտում ճգնաժամի մասին խոսելն ավելորդ է համարում, քանի որ, նրա մատնանշմամբ, երկրում քաղաքական համակարգն ամենեւին էլ չի հայտնվել ցայտնոտային իրավիճակում: «Քաղաքական դաշտում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն որոշակի փոփոխություն է ենթադրում նաեւ խաղի կանոններում: Բայց այստեղ որեւէ արտառոց բան չկա, եւ եղավ այն, ինչ պետք է լիներ, ինչ սպասվում էր»,- գտնում է Արմեն Աշոտյանը:

Հետաքրքիր է, որ մայիսի 2-ին` ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե կոալիցիոն գործընկերների հետ հակասությունների դեպքում իրենք պատրաստ են դուրս գալ կոալիցիայի կազմից: «Եթե «Օրինաց երկրի» եւ կոալիցիայի մեր մյուս գործընկերների միջեւ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական լուրջ հակասություններ լինեն, խնդիր չկա, մենք դուրս կգանք կոալիցիայից։ Մենք մեր գործընկերներին վատ վիճակի մեջ չենք դնի, եթե խոսքը գնա լուրջ տարաձայնությունների մասին։ Այսօր, կարծում եմ, այն սկզբունքային մոտեցումները, որ արտահայտվել են, համահունչ են այն արտաքին քաղաքականությանը, որն իրականացվել է»,- այն ժամանակ հայտարարել էր պրն Բաղդասարյանը: Դրանից մեկ շաբաթ անց արդեն նա հայտարարեց կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալու եւ ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ մեկնաբանելով, որ իրենց եւ կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունների մեջ լուրջ տարաձայնություններ կային: Մի քանի օրվա մեջ ի՞նչ տեղի ունեցավ կոալիցիայի անդամ կուսակցությունների մեջ, որ արդյունքում նրանց մի մասը որոշեց հեռանալ: Արմեն Աշոտյանը խոստովանում է, որ կոալիցիոն գործընկերների միջեւ հակասությունները եղել են ի սկզբանե` կոալիցիայի կազմավորման առաջին իսկ օրվանից, քանի որ նրանք գաղափարապես տարբեր ուղղվածության կուսակցություններ են եղել: «Ես կարծում եմ, որ որեւէ արտառոց իրավիճակ չկա, եւ որեւէ արտառոց երեւույթ տեղի չի ունեցել: Տարաձայնությունները եղել են ի սկզբանե: Տարաձայնությունները սրընթաց չեն զարգացել: Այն, ինչ հիմա հրապարակային է, ինչ բոլորը տեսնում են, դրա հիմքերը դրված են եղել վաղուց: Կոալիցիան կազմվել էր գաղափարապես տարբեր ուղղություններ որդեգրած կուսակցություններից, որոնց համագործակցությունը զուտ տակտիկական բնույթ էր կրում: Եվ նրանց մեջ հակասություններն արտահայտված էին նախ եւ առաջ այդ կուսակցությունների ծրագրերում»,- կոալիցիայի պառակտումն այսպես է մեկնաբանում Ա. Աշոտյանը: Բացի այդ, նրա խոսքերով, «ՕԵԿ-ը մտել էր կոալիցիայի մեջ, արտակուսակցական հարաբերություններ էր հաստատում` չունենալով ներկուսակցական կուռ համակարգ: Եվ արդյունքում պատահական չէ, որ ֆրակցիայի պատգամավորների կեսը լքեց իրենց: Մինչդեռ այդ կուսակցությունը, որ հավակնում էր լինել ամենամեծը, ամենակայացածը, իրականում միաբանության կարիք ուներ նախ եւ առաջ ինքն իր մեջ»,- ասում է Ա. Աշոտյանը: Ինչ վերաբերում է Ա. Բաղդասարյանի հնչեցրած հայտարարություններին, թե տարաձայնություններից մեկն էլ վերաբերել է ՀՀ արտաքին քաղաքականությանը, ապա Ա. Աշոտյանի կարծիքով` դա այդպես չէ: «Արտաքին հարաբերությունների գերակայություններին վերաբերող հրապարակային քննարկումներ չեն եղել: Եվ դժվար է ասել, թե կոալիցիոն որ կողմն է ավելի եվրոպամետ, որ կողմն ավելի ժողովրդավար: Այնպես չէ, որ առաջինն իրեն եվրոպամետ հռչակողն է լինում այդպիսին»,- ասում է Աշոտյանը: Իսկ միգուցե ավելի հիմնավոր են այն տեսակետները, թե «Օրինաց երկրին» պատժեցին իր կիսաընդդիմադիր պահվածքի համար: Իրականում, պարոն Աշոտյանի խոսքերով, ՕԵԿ-ը թեեւ քննադատել է աղմուկ հանած այս կամ այն օրինագիծը, սակայն իր քվեարկությամբ օգնել է դրա ընդունվելուն: «Եթե մատնացույց են անում մասնավորեցման ծրագիրը, ապա իրենց քվեարկությամբ, իրենց քաղաքական տեսակետների շրջանակներում աջակցեցին, որ հաշվետվությունն ընդունվի: Ու սա ակնհայտ էր բոլորի համար»,- վերլուծում է պատգամավորը: Իսկ այդքանից հետո ընդդիմության շարքերում «Օրինաց երկրի» հայտնվելը, Ա. Աշոտյանի կարծիքով, մեխանիկական փոխատեղում է: Եթե իշխանության մեջ չես, ապա, բնականաբար, ընդդիմություն ես: Հարցն այն է՝ Ա. Բաղդասարյանը կառուցողակա՞ն, թե՞ կոշտ ընդդիմություն է դառնալու: