«Չեմ կարող դուրս մնալ ընտրություններից»

18/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Այն, որ ես շատ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, թող ոչ ոք չկասկածի, ուժեր եմ հավաքում,- դեռեւս 2005թ. մարտին ասել էր Ա. Աբրահամյանը: -Բոլորի հետ ես հանդիպում եմ, տեսնեմ՝ ով ինչ կառաջարկի»:

Իր մտադրությունը նա մեկ անգամ եւս հաստատեց երեկ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բայց մինչեւ հիմա պարոն Աբրահամյանը դեռ չի կողմնորոշվել, թե քաղաքական ո՞ր ուժին է սատարելու: «Իհարկե, ես չեմ կարող ընտրություններից դուրս մնալ, որովհետեւ մոտ 500 հազար հայաստանցի ընտրող է ապրում Ռուսաստանում,- այս անգամ ասաց պրն Աբրահամյանը: -Իհարկե, ես իմ խոսքը կասեմ: Որպեսզի ասեմ, թե որ կուսակցություններին, որ ուժերին եմ պաշտպանում, ես պետք է իմանամ այդ կուսակցությունների ծրագրերը, իրենց անելիքները: Մենք պետք է իմանանք, թե ինչո՞ւ ենք պաշտպանում այդ կուսակցությանը, թե այդ կուսակցությունն իր վրա ի՞նչ անելիքներ ու պարտականություններ է վերցրել: Այդ ծրագրերը, որ նրանք ունեն, կատարելո՞ւ են, թե՞ ոչ: Ես ռամկավարներին օգնել եմ: Ես այդպես օգնել եմ բոլոր նրանց, ովքեր ինձ դիմել են»:

Հիշեցնենք, որ Ա. Աբրահամյանը օգնում էր նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ չէր բացառել, որ կշարունակի օգնել, եթե վերջինս որպես նախագահի թեկնածու առաջադրվի 2008թ. ընտրություններին: «Ես գտնում եմ, որ Արթուր Բաղդասարյանը շատ տաղանդավոր, լավ տղա է, ճիշտ, համապատասխան իր տեղում է գտնվում, մեծ ապագա ունի, եւ ուրախությամբ օգնում եմ նրան,- մեկ տարի առաջ ասել էր Ա. Աբրահամյանը: -Նրա առաջարկած մի ծրագրով 400 համակարգիչ ենք հատկացրել: Նա ինձ չի ասել, որ ուզում է նախագահ դառնալ: Ես չգիտեմ` հետագայում ինքն ի՞նչ է ուզում դառնալ: Եթե լինի մեկը, որը ծրագիր կունենա եւ համապատասխան թիմ՝ ով ուզում է լինի՝ կաջակցեմ, որ նախագահ դառնա»:

Մոսկվայում բնակվող հայերի աչքից, այնուամենայնիվ, չեն վրիպում Ա. Բաղդասարյանի եւ Ա. Աբրահամյանի հանդիպումները: Մանավանդ պատմում են, թե ինչպես էր ԱԺ արդեն նախկին նախագահը քծնում Ռուսաստանի հայերի միության նախագահին: Իհարկե, Ա. Բաղդասարյանն այսօր իրեն պատկերացնում է Սահակաշվիլու կամ Յուշչենկոյի սցենարի մեջ՝ Հայաստանի 2008թ. եվրոնախագահի դերում: Եվ, թերեւս, այդ հարցում արդեն այնքան այլ ֆինանսավորողներ կգտնվեն, որ Ա. Աբրահամյանի եւ նրա նվիրաբերած 400 համակարգիչների կարիքը չի ունենա:

Արա Աբրահամյանը, սակայն, երեկ իր դժգոհությունն արտահայտեց Արթուր Բաղդասարյանի՝ դեպի ՆԱՏՕ կողմնորոշման եւ Ռուսաստանից հեռու մնալու հայտարարությունների համար: Պարոն Աբրահամյանն, ընդհանուր առմամբ, բացասաբար վերաբերվեց նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունից գործարար պատգամավորների դուրս գալուն: Բայց՝ «Բայց ամեն մարդ իրավունք ունի իր որոշումը կատարել,- ասաց Ա. Աբրահամյանը: -Միգուցե այդ որոշումը հարցի լուծումն էր եւ միակ ճիշտ լուծումը: Մարդիկ որոշում են կայացրել, ժամանակը ցույց կտա, թե ով ինչքանով է ճիշտ: Ժամանակից շուտ ես հայտարարություն չանեմ, որեւիցե մեկին էլ չմեղադրեմ»:

«Մարդ չկա, որ զանգեմ»

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում Ա. Աբրահամյանը հանդիպեց երիտասարդական մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ սփյուռքահայ ուսանողների հետ: Նպատակը Հայերի համաշխարհային կոնգրեսին կից երիտասարդական թեւ ստեղծելն էր, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր հայրենակիցները կարողանան միմյանց մասին տեղեկություններ ստանալ, օգնել իրար եւ ստեղծել մի ուժեղ ու ամուր կառույց: Ռուսաստանի հայերի միության նախագահի կարծիքով` Հայաստանի Հանրապետություն-սփյուռք կապերը հաստատված չեն:

«Աննորմալ երեւույթ է, երբ 6 տարի է, ինչ կազմակերպություն կա (նկատի ունի Ռուսաստանի հայերի միությունը.-Ա.Ա.), սակայն ոչ մի պետական ղեկավար այդ մասին չի ասում,- դժգոհեց Ա. Աբրահամյանը: – Լռությունը հարցի լուծում չէ. եթե մենք բաներ ունենք ասելու, պետք է ասենք: Հույս ունեմ, որ մոտակա հանդիպումը ՀՀ նախագահի հետ լավ կվերջանա: Ինձ հետաքրքրում է մեր հարաբերությունները, ազգային գաղափարախոսությունը, ցեղասպանության եւ ղարաբաղյան հարցերը, այստեղի տնտեսական հարցերը»:

Նա հույս հայտնեց, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ ունենալիք հանդիպման ժամանակ կպարզի իրեն հուզող այս հարցերի պատասխանները: Նա նաեւ դժգոհություն հայտնեց Հայաստանում գործող ուժերի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի հայկական կազմակերպությունների՝ միմյանց չսատարելու համար: «Ապրիլի 23-ին Մոսկվայում Վիգեն Աբրահամյանցին սպանեցին,- հիշում է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: -Ես այդ օրն անմիջապես եկա դեպքի վայր, արեցի՝ ինչ հնարավոր էր: Հետո մտածեցի, թե ո՞ւմ զանգահարեմ, աղմուկ հանեմ: Զանգահարեցի լրագրողներին: Հետո մի պահ հուսախաբություն ապրեցի, որ մարդ չկա, որ զանգեմ: Պարտնյոր չունեմ, չկա, որ Ամերիկայում մեկին զանգեմ, ասեմ` ա՛յ ընկերություն կամ դաշնակցական կուսակցություն, վերցրեք մի հարյուր հազար մարդ եւ բողոքի ցույց արեք: Ես ուզում եմ, որ մենք իրար հետ կապեր ունենանք: Եթե այսպիսի դժբախտություն է լինում, մենք պետք է կարողանանք բոլորս միասին արձագանքել: Օրինակ, Ռուսաստանի դեսպանության դիմաց ցույց անել: Զանգում եմ կազմակերպություններին, ես չեմ ուզում անունները տալ, ասում են՝ մենք դրանով չենք զբաղվում: Ես խոսեցի ձեր իմացած բոլոր կազմակերպությունների հետ, բայց ոչ մեկը ոչ մի ձեւով չուզեց մասնակցել»: