Բանկային օրենսդրության համաձայն, նորմատիվները խախտող առեւտրային բանկերը պարբերաբար հրապարակում են իրենց խախտումների վերաբերյալ: Սակայն ԿԲ-ն դրանով չի բավարարվում: Վերահսկող մարմինը վաղուց ցանկություն ունի հրապարակել բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: «Եթե մենք սկսենք դրանք հրապարակել, ապա ԿԲ-ն կդառնա հասարակության եւ առեւտրային բանկերի կողմից ավելի վերահսկելի, ինչը, ըստ էության, կբացառի պատժամիջոցների նշանակման տեսանկյունից ԿԲ-ի կողմից սուբյեկտիվիզմի կիրառումը, քանի որ բանկերը հնարավորություն կստանան համեմատելու, թե որ խախտման համար՝ ինչ պատժամիջոց է կիրառվում: Եվ ես կարծում եմ, որ առեւտրային բանկերն ավելի շահագրգռված պետք է լինեն, քան ԿԲ-ն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Այն հարցին, թե ներկայումս ի՞նչ փուլում է գտնվում ԿԲ-ի այս նախաձեռնությունը, ԿԲ նախագահը պատասխանեց, որ այժմ դրա վերաբերյալ դեռ կարծիքներ են հավաքում, որովհետեւ «ԿԲ-ն երբեք առանց շահագրգիռ մասնակիցների կարծիքները հաշվի առնելու` որոշումներ չի ընդունում»: «Այս պարագայում շահագրգիռ կողմերն են առեւտրային բանկերը, Բանկերի միությունը եւ Կառավարությունը»,- նշեց Տ. Սարգսյանը: Ինչ վերաբերում է այդ կարծիքներին, ապա ԿԲ նախագահը նախկինում նշել էր, որ այս նախաձեռնությունը որոշ բանկերի կողմից չի ընդունվում: Իսկ ինչպիսի՞ն է այժմ բանկերի տրամադրվածությունն այս խնդրին: «Քննարկումները ցույց կտան, թե նրանք ինչ էնտուզիազմով կմոտենան այս հարցին»,- ասաց Տ. Սարգսյանը:
Իսկ որոշ բանկիրներ մտավախություն ունեն, որ անկարգապահ բանկերի հեղինակության անկումը կարող է վտանգի ենթարկել ողջ բանկային համակարգի հեղինակությունը: Այս տեսակետի շուրջ հանրապետության գլխավոր բանկիրն ունի իր կարծիքը: «Ինչպես ասում են մեր ամերիկացի գործընկերները, համակարգի հեղինակությունն ընկնում է այն ժամանակ, երբ բանկեր չեն փակվում: Երբ դա տեղի է ունենում, նշանակում է` կա լուրջ մրցակցություն, կա վերահսկողություն, կան մշտապես առողջ համակարգ ունենալու արդյունավետ մեխանիզմներ»,- ասաց Տ. Սարգսյանը: