Նորից փողոցային առեւտրի մասին

18/05/2006

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, եւ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության, թաղային համայնքների նույն վարչության աշխատակիցները, Երեւանի քաղաքային վարչության, ինչպես նաեւ` համայնքային Ոստիկանության բաժինների աշխատակիցները: Երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ կենտրոնական փողոցներում, պողոտաներում եւ խոշոր առեւտրի կետերի բանուկ մասերում կատարվել են շրջայցեր: Կազմակերպված անակնկալ ստուգայցերի արդյունքում առգրավվել են պաղպաղակների, հյութերի ժամանակավոր պատրաստման տեխնիկական միջոցները եւ խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ: Մայիսի 1-ի դրությամբ` ստուգման է ենթարկվել 217 օբյեկտ. 165-ում հայտնաբերվել են տարբեր խախտումներ եւ կազմվել են արձանագրություններ: Տույժերի տեսքով գանձվել է 4մլն 501.000 դրամ, որի գերակշիռ մասը գանձվել է Կենտրոն եւ Արաբկիր համայնքների կողմից: «Քաղաքապետարանի եւ թաղային համայնքների կողմից համատեղ մայրաքաղաքի փողոցներում եւ պողոտաներում գտնվող բազմաթիվ կրպակների եւ տաղավարների արդիականացման եւ ապամոնտաժման ծրագիր է իրականացվում, որը կիրագործվի 2006-2008թթ. ընթացքում»,- նշեց փոխքաղաքապետը: Մայրաքաղաքի թվով 109 փողոցներ եւ պողոտաներ կկանոնակարգվեն 2006թ. ընթացքում. Արաբկիրում՝ 10, Դավիթաշենում՝ 3, Աջափնյակում, Կենտրոնում, Ավանում եւ Շենգավիթում 12, Նոր Նորքում՝ 7, Նորք Մարաշում՝ 2, Քանաքեռ-Զեյթունում՝ 4, Մալաթիա-Սեբաստիայում՝ 8, Էրեբունիում՝ 25, Նուբարաշենում՝ 2: