Վրաստանի հարաբերությունները հարեւանների հետ փչանում են: Եվ` ոչ միայն հարեւանների: Ինչպես ընդգծում են դիտորդները, դա հաճախ պատահում է տեղի առաջնորդների չմտածված, հապճեպ հայտարարությունների պատճառով: Առհասարակ դա վատ բան է, այն էլ այնպիսի նուրբ ոլորտում, ինչպիսին արտաքին քաղաքականությունն է:
Ամենաթարմ օրինակն Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելի բոլորովին վերջերս Թբիլիսի կատարած այցն է: Հանդիպումները շատ էին, տարբեր թեմաների շուրջ ելույթներն՝ ավելի շատ: Եվ դրանցից մեկի ժամանակ նախագահ Սահակաշվիլին, որ մինչ այդ հաճոյախոսություններ էր շռայլում հյուրի եւ նրա երկրի հասցեին ու ստացավ Էստոնիայի աջակցությունն ամենատարբեր հարցերում, հանկարծ խոսեց կրթության մասին: Ընդհանրապես, վերջին ժամանակներս երբ նա խոսում է, սկսում ես անհանգստանալ: Երկրի ղեկավարը խոսում էր դպրոցները համակարգիչներով ապահովելու, կրթության ոլորտի բարեփոխումների մասին եւ հասավ նրան, որ Վրաստանը շատ ու շատ երկրներից առաջ է անցել բարեփոխումների ինտենսիվությամբ ու որակով, այն աստիճան, որ…. Էստոնիան այդ մասին կարող է միայն երազել: Պետք էր այդ պահին տեսնել Ռյույտելի դեմքը: Թեեւ նա անմիջապես ինքն իրեն հավաքեց, սակայն տհաճ զգացողություն, այնուամենայնիվ, մնաց: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ իմաստ ուներ նման համեմատությունը:
Ռուսաստանի մասին խոսելն ավելորդ է: Վրաստանն իրենը ստանում է եւ, պետք է ենթադրել ոչ միայն իր անկախության համար (ի վերջո, անկախություն ունեն նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները, սակայն այդպիսի վատ հարաբերություններ Մոսկվայի հետ նրանցից ոչ մեկը չունի), այլեւ երկրի իշխանությունների ներկայացուցիչների բազմաթիվ անպատասխանատու, վիրավորական հայտարարությունների պատճառով: Ինչպես նկատել է մի վրացի հայտնի քաղաքագետ, ռուսաստանյան թեմայով Սահակաշվիլու ելույթները շատ են հիշեցնում Ֆիդել Կաստրոյին, որն ինչի մասին էլ խոսելիս լիներ, արդյունքում ամեն ինչի մեղավոր էր համարում Ամերիկային: Այս դեպքում տարբերությունն այն է, որ Ամերիկայի փոխարեն Ռուսաստանն է: Եվ դրա արդյունքը բացարձակ ճգնաժամն է:
Այժմ նկատելի սառել են ավելի քան բարեկամական հարաբերությունները, որը մուսուլմանական երկրների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարողացել էր հաստատել նախկին նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն: Անկարային խիստ գրգռում են վրացական առաջնորդների բարձրագոչ հայտարարությունները ժողովրդավարության, ազատության եւ այլ արժեքների մասին, որոնց կայացման եւ զարգացման գործում Թբիլիսին իբրեւ թե առաջ է անցել տարածաշրջանի երկրներից: Ավելի շատ գրգռում է այն, որ Վրաստանը տարածաշրջանի գլխավոր երկիրը դառնալու հավակնություններ ունի: Իսկ Թբիլիսիի պարբերաբար արվող փորձերը` խաղալ Անկարայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ժամանակ առ ժամանակ ծագող հակասությունների վրա, ուղղակի կատաղեցնում են Թուրքիային: «Տարածաշրջանում գլխավոր դեր ունենալու մասին խոսելուց առաջ հարկ է հիշել թուրքական հզոր, դինամիկ զարգացող տնտեսության մասին, այն մասին, որ Թուրքիայի բնակչությունը շուտով կհասնի 100 մլն-ի եւ, վերջապես, Թուրքիայի տարածքի մասին»,- մոտ մեկ տարի առաջ ինձ ասաց թուրքական հայտնի «Հյուրիեթ» թերթի խմբագիրը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, օրերս մի դեպք տեղի ունեցավ: Ադրբեջանի կառավարությունը Վրաստանի դեսպանատնից հետ է վերցրել նրա համար նախատեսված շենքը: Պատճառը վրացական կողմի` իր պարտավորությունները չկատարելն էր, այն է` Ադրբեջանին Թբիլիսիում դեսպանատան համար շենք տրամադրելը: «Մեր ունեցած տեղեկություններով` այս տարվա սկզբին Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբերիձեն հրավիրվել է Ադրբեջանի ՆԳՆ եւ զգուշացվել այդ մասին, որից հետո նրանից վերցրել են շենքի բանալիները»,- գրում է Բաքվի «525-րդ թերթ»-ը: Դեռ 2000 թվ. երկու երկրների միջեւ փոխադարձաբար դեսպանատների համար շենքեր տրամադրելու պայմանագիր էր կնքվել: Սակայն եթե ադրբեջանական կողմը կատարել է իր պարտավորությունները եւ կարճ ժամկետում Վրաստանի դեսպանատանը շենք տրամադրել, ապա Վրաստանի կառավարությունը անցած 6 տարիների ընթացքում պատասխան գործողություններ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: «525-րդ թերթը» գրում է, որ արդյունքում Ադրբեջանի կառավարությունը ստիպված է եղել միակողմանիորեն դադարեցնել պայմանագրի կատարումը եւ անել վերոնշյալ քայլը: Բացի այդ, թերթը նշում է, որ վրացական կողմն արհեստականորեն բարդացնում է իրավիճակը նաեւ այն հողատարածքի շուրջ, որտեղ նախատեսված է կանգնեցնել Հեյդար Ալիեւի արձանը:
Իսկ Հայաստանի հետ շարունակվում են անվերջանալի վեճերը եկեղեցիների, պատմական հուշարձանների, մշակութային ժառանգության եւն մասին: Եվրոպային գրգռում է վրացական իշխանությունների չափազանց ամերիկամետ դիրքորոշումը: Իսկ Ամերիկան գնալով ավելի ու ավելի է զարմանում վրացական «հեղափոխական իշխանությունների» գործողություններից: Եվ արդեն սենատոր Ֆրիդը խոսում է Թբիլիսիում հաստատված ավտորիտար ռեժիմի մասին:
Ո՞ւմ հետ է այսպիսով Թբիլիսիի հարաբերությունները OK: Առաջին հայացքից`Կիեւի: Ուկրաինայի հետ ամեն ինչ լավ կլինի, քանի դեռ վերջինս ընդհանուր լեզու չի գտնում Ռուսաստանի հետ, կարծում են որոշ քաղաքագետներ: Թեեւ այստեղ եւս որոշակի անհանգստացնող բաներ կան: Օրերս Խարկովից արտաքսել էին մի խումբ վրացիների, որոնք ոչ օրինական էին այնտեղ գտնվում: Իսկ այդ երկրի Գինեգործների ասոցիացիան դիմել է կառավարությանը` ոչ մի դեպքում չավելացնել Վրաստանից գինու ներմուծումը, որպեսզի պաշտպանվեն տեղի արտադրողի շահերը: Կառավարությունը կարծես թե համաձայն է…
Դճվար է: Ներքին ճգնաժամին ավելանում է … բոլոր կողմերից ճգնաժամը: