Մոսկվայում ապրող բեմադրիչ Բորիս Հայրապետյանն ու դիրիժոր Էդվարդ Թոփչյանը նախաձեռնել են Ջուզեպպե Վերդիի «Դոն Կառլոս» օպերայի բեմադրությունը։ «Էդվարդ Թոփչյանը շատ է գնահատում օպերային արվեստը եւ հետաքրքրված է Օպերայի ազգային թատրոնի խաղացանկի ընդլայնմամբ, ընդհանրապես օպերայի մասին մեծ կարոտով է խոսում, իսկ մեր Սիմֆոնիկ նվագախումբը հաճախ օպերաների համերգային տարբերակներ է նվագում։ Դա շատ եզակի դեպք է Հայաստանում»,- ասում է Բ. Հայրապետյանը: Օպերայի կարոտը թերեւս զգում են ոչ միայն երաժշտական ոլորտի մարդիկ, այլեւ՝ հանդիսատեսը: Նոր օպերա ունենալու գաղափարը խմորումների եւ կատարողական դժվար փուլեր է անցնում: Ընդհանրապես օպերան ամենաթանկ եւ դժվար մատուցվող արվեստի ճյուղերից է, որը շատ ծախս, լավ կատարողներ ու լարված աշխատանք է պահանջում: Մեր Օպերային թատրոնն արդեն հայտնել է հայ հանդիսատեսին երկու նոր օպերաների` «Կախարդական սրինգի» եւ «Սիմոն Բոկանեգրայի» բեմադրությունների մասին, որոնք հնչել են համերգային կատարումների տեսքով, սակայն գործը դեռ լիարժեք բեմականացմանը չի հասել։ Իսկ օրերս հայ-ռուսական համագործակցության «Ռոսար» կենտրոնի պրոդյուսեր Արման Մարտիրոսյանի առաջարկով Բ. Հայրապետյանն ու Սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը որոշել էին բեմադրել նաեւ Ջուզեպպե Վերդիի «Դոն Կառլոս» օպերան։ Այս ընտրությունը պայմանավորված էր նախեւառաջ համապատասխան ձայների առկայությամբ։ «Դոն Կառլոսում» նախատեսվում էին եղբայրներ Հայկ եւ Տիգրան Մարտիրոսյանների կատարումները։ Բ. Հայրապետյանն օպերայի այս բեմադրությունն ավանդական է տեսնում՝ ցանկանալով հարուստ զգեստներով եւ դեկորացիաներով ներկայացում անել: «Կոնցեպտուալ ներկայացումները լավ են այն ժամանակ, երբ թատրոնում արդեն իսկ բավական շատ ավանդական մատուցումներ կան»,- այսպես է կարծում Բ. Հայրապետյանը, ով իր նախորդ՝ «Նորմայի» բեմադրությունը մինիմալիստական ոճով է արել: «Դոն Կառլոսի» համար կհրավիրվեն ոչ միայն մեներգիչները, այլեւ` բեմական էֆեկտների եւ բեմական սարքավորումների մասնագետները, որոնք ծանոթ կլինեն բեմի «մաշիներիային»` բեմահարթակների եւ լուսարձակների կառավարմանը: Իսկ «Դոն Կառլոսի» մեծ երգչախմբային կտորները, ըստ մտահղացման հեղինակների, կկատարի Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը: Սակայն այս բոլոր մտահղացումները դեռ նախագծային փուլում են, պետք է բազմաթիվ կազմակերպչական եւ ֆինանսական հարցեր լուծել, որոնցից առաջնահերթը, թերեւս, որքան էլ տարօրինակ է, սակայն բեմ գտնելու խնդիրն է:
Հայաստանի Օպերայի ազգային թատրոնն այժմ շքեղ վերանորոգված դահլիճ, բավականին մեծ աշխատակազմ ունեցող կառույց է, որի խաղացանկը բառիս բուն իմաստով երկու ներկայացումից է կազմված։ Կա նաեւ երրորդ բեմադրությունը, բազմաչարչար «Նորման», որն այնքան է հեռացել իր սկզբնական տեսքից, որ օպերայի բեմականացման հեղինակ Բ. Հայրապետյանն ուղղակի խնդրում է այն այլեւս չցուցադրել։ Նրա կարծիքով՝ ներկայիս դեկորացիաների բեկորները խեղաթյուրում են բեմադրության իմաստը։
Օգուտի մասին
Կտեսնե՞նք մենք «Դոն Կառլոսը», թե՞ ոչ՝ դեռ պարզ չէ։ Ամենայն հավանականությամբ` այս նախագիծը միայն որպես նախագիծ էլ կմնա։ Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի կարծիքն այսպիսին է. «Դոն Կառլոսը» երեւի թե չբեմադրվի։ Այդ օպերան օպերային արվեստից հեռու, ծուռ մարդիկ են ուզում բեմադրել։ Նրանք ուզում են տարբեր տեղերից երգչախումբ, նվագախումբ, տարբեր մասնագետների հրավիրել։ Ես համոզված եմ, որ այս ներկայացումը մեր թատրոնին օգուտ չի տա։ Երգիչների զգալի մասն ամիսը միայն մի քանի օր կկարողանա գալ երգելու: Իսկ մնացած օրերին ի՞նչ պետք է անենք»։ Ամիսը մի քանի անգամ ներկայացում խաղալն օրինաչափություն է շատ օպերային թատրոնների համար, բոլոր քիչ թե շատ հայտնի մեներգիչները բավականին խիտ հյուրախաղային գրաֆիկ ունեն եւ երկար ժամանակ մի թատրոնում ելույթ ունենալ չեն կարող: Սակայն վստահ կարելի է ասել, որ շատ հայազգի երգիչներ մեծ պատրաստակամությամբ եւ նույնիսկ սիրով կգան Երեւան` երգելու, եւ չեն պահանջի այն հոնորարները, որոնց արժանի են եւ որոնց սովոր են: Համենայնդեպս, Մարտիրոսյան եղբայրներն արդեն իսկ նման ցանկություն հայտնել են: Իսկ բեմադրության դեկորացիաների եւ լուսային էֆեկտների հեղինակային տարբերակը պահպանելն այդքան էլ բարդ գործ չէ: Պարզապես նման գլխացավանքի մեջ ընկնելը թատրոնի ղեկավարներին ձեռնտու չէ: Ավելի լավ է նոր բեմադրություն չունենալ, քան ուրիշի աշխատանքն ըստ ուրիշի նախագծի պահպանել. թերեւս սա է մեր թատրոնի մոտեցումը:
«Նորման» բեմադրելիս մենք էնտուզիազմով էինք ամեն ինչ անում, ես դա պարտիզանական գործ էի անվանում, բայց արդեն միայն էնտուզիազմով աշխատել չենք կարող, ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է հարկավոր: Օպերան իր ոճն ունի, ես Երեւանի Օպերային թատրոնի աշխատանքային ոճն այդպես էլ չհասկացա: Գուցե ես եմ սխալ, գուցե իրենք են ճիշտ, չգիտեմ: Բայց գիտեմ, որ հենց թեկուզ Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր պատրաստ են պատասխանատվությունն իրենց վրա վերցնել եւ բեմադրություն անել: Միայն ուզում ենք, որ այս բեմադրությունը Օպերային թատրոնի խաղացանկում լինի»,- ասում է Բ. Հայրապետյանը: Իսկ Կ. Հովհաննիսյանի մտավախությունը նրանում է, որ «բեմադրելուց եւ մի քանի օր խաղալուց հետո ամեն մեկն իր գործերին կգնա, եւ մնացած օրերին այդ ներկայացումը կատարել չի ստացվի»: Հայաստանի Օպերայի ազգային թատրոնի ղեկավարությունն այս հարցի միայն մեկ լուծում է տեսնում` վարձակալիր եւ արա` ինչ ուզում ես, ուզում ես` բարդ ու դժվար, մեծ եկամուտ չբերող օպերա բեմադրի կամ էլ պահանջարկ ունեցող փոփ-երգերի համերգ կազմակերպիր: Վարձակալության դեպքում թատրոնը ներկայացումը չի ընդգրկի իր խաղացանկում եւ նրա հետագա ճակատագրի համար պատասխանատվություն չի կրի:
Կարծես թե ակնհայտ է, որ մեր Օպերային թատրոնն ուղղակի իներցիայով է գոյատեւում՝ վարձակալությամբ տալով իր դահլիճը։ Իսկ վարձակալողների թիվն օրեցօր ավելանում է, բարձրանում է նաեւ վարձակալության գինը, ինչը թատրոնի բարեկեցության պատրանք է ստեղծում։ Թատրոնն ամուր խաղացանկ ստեղծելու համար ոչ մի լուրջ ջանք չի գործադրում։ Ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող օպերային բեմադրությունները հենց այնպես երկնքից չեն ընկնի, առավել եւս՝ լավ մասնագետներն ու ձայները։ Մենք այնքան էլ հարուստ չենք, որպեսզի նոր օպերա բեմադրելու առաջարկներին մատների արանքով նայենք եւ ամեն ինչ չափենք վարձակալության սկզբունքով։ Թատրոնի տնօրենը պատրաստ է դահլիճը վարձակալության տալ այս նախագծի հեղինակներին, սակայն համագործակցությունն անտեղի է համարում. «Նրանք ուզում են մեկ ամիս շարունակ մեր դահլիճում փորձեր անել՝ հաշվի չառնելով, որ մենք մեր ներկայացումներն ունենք»։ Եվ օպերային, եւ բալետային ներկայացումներն այնքան էլ շատ չեն, սակայն շատ են արենդա անողները, իսկ դա նշանակում է, որ եթե «Դոն Կառլոսը» խաղացանկ մտնի, ապա թատրոնը ստիպված պետք է նախապատվությունն օպերային տա, այլ ոչ թե` տարաբնույթ այլ համերգների ու մրցույթների:
Օպերային թատրոնն ու օպերային դահլիճը մեզանում տարբեր կշիռ ու գին ունեն։ Վերջիվերջո, կարելի է պահել դահլիճը եւ հրաժարվել կայուն թատերախումբ եւ աշխատակազմ ունեցող թատրոնից, քանի որ այն լիարժեք ստեղծագործել չի կարողանում։ Նման կարծիքը Բ. Հայրապետյանի համար անընդունելի է. «Ինչպե՞ս կարող ենք հրաժարվել մի բանից, որն արդեն կա: Ողջ աշխարհում օպերան քաղաքակրթության չափման միավոր է դարձել: Եթե ունես օպերա, օպերային թատրոն, ուրեմն` մշակույթ ունես»։