Լոլիկը թարմ ու ավելի երկար կպահպանվի, եթե շարեք մի շարքով` պտղակոթերը դեպի վեր։ Լոլիկներն ավելի թարմ կմնան, եթե դրանք տեղադրեք բաց էմալապատ ամանի մեջ, պահեք սառնարանի ներքեւի մասում։
Որպեսզի ջարդված լոլիկը չբորբոսնի, ճեղքերի վրա առատորեն աղ ցանեք։
Բաց բանկայի մեջ լոլիկի մածուկը չի բորբոսնի, եթե դրա վրա աղ ցանեք եւ վրան լցնեք մի բարակ շերտ բուսական յուղ։ Լոլիկի մածուկը մետաղե ամանի մեջ մի պահեք։ Որպեսզի լույսի ազդեցությունից վիտամինները չքայքայվեն, լոլիկի հյութը լցրեք շշերի մեջ, փաթաթեք թղթով եւ դրեք մութ տեղ։
Լոլիկի կեղեւն առհասարակ դժվարությամբ է դուրս գալիս։ Ոմանք այն կեղեւահանելուց առաջ գցում են տաք ջրի մեջ, ոմանք էլ մաքրում են կարտոֆիլի նման, սակայն այդ ընթացքում տեղի է ունենում լոլիկի զգալի կորուստ, որովհետեւ հյութալի մասը կեղեւի հետ դուրս է գալիս։
Լոլիկի, ինչպես եւ վարունգի կալորիականությունը շատ ցածր է։ Այն հարուստ է օրգանական թթուներով, հանքային աղերով, ինչպես նաեւ` պղնձով, մագնեզիումով եւ ֆոսֆորով։
Լոլիկի մեջ շատ է կարոտինը, ռուտինը։ Լոլիկը խորհուրդ է տրվում օգտագործել նյութափոխանակության խանգարման, հոդացավերի, երիկամների, ճարպակալման եւ սրտանոթային հիվանդությունների ժամանակ։
Կաղամբ
Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր, հատկապես կալցիում եւ ֆոսֆոր, որոնք շատ անհրաժեշտ են ոսկրային հյուսվածքների ամրապնդման համար, C վիտամին, որը կարեւոր նշանակություն ունի օրգանիզմի համար։
Թարմ կաղամբը պարունակում է այնքան C վիտամին, որքան նարինջը եւ կիտրոնը, իսկ ծաղկակաղամբը` 1,5-2 անգամ ավելի։ Սպիտակ կաղամբը կարելի է ամբողջ ձմեռ թարմ պահել իրարից հեռու զով, չոր տեղում։