Հաշվեհարդարից վախենում են

18/05/2006

Ադլերի օդանավակայանի դիսպետչերները, որոնց աչքի առաջ տեղի էր ունեցել հայկական A-320 ինքնաթիռի վթարը, դիմել են Անվտանգության դաշնային ծառայությանն` իրենց ընտանիքների անվտանգությունն ապահովելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Ժիզն» թերթը, նրանք իրենց անմեղ են համարում, սակայն վախենում են, որ իրենց հետ կարող են հաշվեհարդար տեսնել օդանավի վթարի հետեւանքով զոհվածների հարազատները: Իրավասու մարմինների աշխատակիցները վթարի հետաքննման հանձնաժողովի ներկայացուցիչների ներկայությամբ հանդիպել են համապատասխան հայտարարություն ներկայացրած դիսպետչերների հետ: Զրույցի նպատակն իրական սպառնալիքն օբյեկտիվ գնահատելու անհրաժեշտությունն էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Ադլերի օդանավակայանի մայիսի լույս 3-ի գիշերը հերթապահած աշխատակիցների հայտարարությունը, որի համաձայն` ողբերգական այդ օրն աշխատող դիսպետչերներին ոչ ոք չի սպառնում, եւ նրանք հանգիստ կերպով շարունակում են իրենց աշխատանքը: