Վիեննայում յուրօրինակ ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ ԵՄ ֆուտբոլի հավաքականը մրցել է ԵՄանդամության թեկնածու երկրների հավաքականի հետ: Պայքարն ավարտվել է 11 մետրանոց հարվածներով: Եվ ընդհանուր` 10:7 հաշվով հաղթել է ԵՄ անդամ դառնալու հավակնություններ ունեցող պետությունների ընտրանին: 2 գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա 1 անգամ հաջողության է հասել խաղի հիմնական ժամանակում, եւս 1 գնդակ խփել է խաղի ավարտից հետո նշանակված 11 մետրանոցներն իրացնելիս: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը կատարել է կենտրոնական հարձակվողի պարտականությունները՝ հանդես գալով 9 համարի մարզաշապիկով: Խաղից հետո Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել է, որ թե՛ ֆուտբոլում, թե՛ քաղաքականությունում հաջողության հասնելու համար լուրջ ջանքեր են պահանջվում, սակայն քաղաքական գործիչների կյանքը ֆուտբոլիստների կյանքից ավելի երկար է: