ՕԵԿ-ից ելքը՝ միայն զույգերով

18/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Այսպիսով, ՕԵԿ-ի եւ նրա ղեկավար Բաղդասարյանի շուրջ սկիզբ առած ներքաղաքական սկանդալի առաջին փուլը երեկ հասավ իր տրամաբանական ավարտին: Շատերի գնահատմամբ, նախագահական նստավայրից սանձազերծված այս սկանդալի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը փորձում է 1 գնդակով 2 նապաստակ խփել: Նախ` Քոչարյանն իր կողմից հաստատված եւ կոալիցիայի կողմից դեռ 3 տարի առաջ վավերացված խաղի կանոնները խախտելու համար այսօր պատժում է Ա. Բաղդասարյանին: Իսկ մյուս կողմից` ներքաղաքական կյանքում ստեղծված անկայուն իրավիճակը նրա համար ձեռնտու է, որպեսզի այն դրոշակ դարձնի արտաքին աշխարհի համար՝ այդկերպ փորձելով հերթական անգամ խուսանավել ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակից: Մանավանդ, որ վերջին շրջանում Արեւմուտքը բավական վճռական է արտահայտվում 2006թ. ընթացքում ԼՂ հիմնախնդիրը լուծելու հարցում: Բայց քանի որ Բաղդասարյանը երեկ հրաժարական է ներկայացրել եւ ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն է առաջացել, ուստի Ռ. Քոչարյանն այս հանգամանքը կարող է պատրվակ դարձնել ու հերթական անգամ խուսափել Արեւմուտքի, ինչպես նաեւ` Ալիեւի հետ դեմ առ դեմ հանդիպումներից ու հստակ պայմանավորվածություններից:

Իսկ առայժմ Ա. Բաղդասարյանն իր հրաժարականը խորհրդարանին ներկայացնելու է մայիսի 22-ին` ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստի ժամանակ: Դրանից հետո, ինչպես սահմանված է ԱԺ կանոնակարգ օրենքում, հնգօրյա ժամկետում նա պնդելու է հրաժարականը, որից հետո այն համարվում է ընդունված: Եվ մայիսի 26-ից արդեն Ա. Բաղդասարյանը վայր կդնի ԱԺ ղեկավարի իր լիազորությունները: Կա նաեւ 2-րդ տարբերակը` ԱԺ նախագահն ուղղակի կարող է քվեարկության դնել իր վստահության հարցը: Ի դեպ, երեկ Ա. Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ որոշ ընդդիմադիր պատգամավորներ նրան խորհուրդ են տվել այդկերպ վարվել: Սակայն Ա. Բաղդասարյանը հրաժարվել է ընդդիմության առաջարկից: «Ես բարոյական եմ համարում, որ հրաժարական տամ ու մեր քաղաքական թիմը դուրս գա կոալիցիայից: Բոլոր այն պաշտոնները, որ զբաղեցնում են ՕԵԿ-ականները, նրանք պետք է լքեն: Սա քաղաքական խորհրդի միաձայն որոշումն է: Կանոնակարգով կա մեկ այլ տարբերակ` վստահության հարց դնելը, բայց ես չեմ ուզում դնել իմ վստահության հարցը, ես ուղղակի ուզում եմ հեռանալ: Ուզում եմ հեռանալ, գնալ իմ ճանապարհով, իմ քաղաքական ուժի հետ միասին: Իսկ եթե մեկն ուզի մնալ իր պաշտոնում, ապա կամ մենք նրան կհեռացնենք, կամ նա մեզանից կհեռանա»,- մեկնաբանեց նա: Իհարկե, տվյալ պարագայում Ա. Բաղդասարյանը կարծես ճիշտ է վարվում եւ լրիվ տեղավորվում է այսօրվա իշխանությունների տրամաբանության մեջ: Ա. Բաղդասարյանն այսօր դիմում է ներկայացնում եւ իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվում ինչպես սովորական չինովնիկ` այդկերպ անուղղակիորեն ապացուցելով, որ իրականում նա այդ պաշտոնում ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել է Ռ. Քոչարյանի կողմից: Իսկ եթե նա իրոք լիներ ԱԺ ընտրված նախագահ, ապա քվեարկության կդներ իր վստահության հարցը՝ հնարավորություն տալով բացահայտելու այն ստվերային գործընթացները, որ նախորդեցին իր հրաժարականին:

Իսկ մինչ այդ, կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալն ու իր հրաժարականը Բաղդասարյանը մեկնաբանեց կոալիցիայի մյուս կողմերի հետ ունեցած տարաձայնություններով, որոնք նա բնութագրեց որպես սկանդալային: Բայց հետաքրքիր է, որ կոալիցիայի մեջ եղած տարաձայնություններն Ա. Բաղդասարյանը նկատել է միայն վերջերս: «Նման քաղաքական որոշումը պայմանավորված էր մի շարք լուրջ տարաձայնություններով, որ կային կոալիցիայի ներսում: Եվ արդյունքում, այո, մենք հանգել ենք այն եզրակացության, որ կոալիցիայի ներսում մեր քաղաքական կազմակերպության մնալն աննպատակահարմար է: Սա մի օրվա պատմություն չէ: Անընդհատ սկանդալների մեջ ենք եղել»,- դժգոհում էր ԱԺ նախագահը եւ այդ տարաձայնությունները բաժանեց 3 խմբի` ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների շուրջ ծագած տարաձայնություններ:

Ա. Բաղդասարյանը հերքեց այն տեղեկությունները, որ իր հրաժարականի միտքը հղացել է Քոչարյանի մոտ. «Ոչ, նախագահի կողմից նման առաջարկ չի եղել»: Նրա խոսքերով, նախագահական նստավայրում կոալիցիոն ուժերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրարից բաժանվելու են քաղաքակիրթ եղանակով: Եվ այսուհետ իրար հասցեի այլեւս որեւէ թթու խոսք չեն ասելու: Բայց երեկվանից, մեկ օրում ընդդիմադիր դաշտ անցած Բաղդասարյանը սկսեց բավական լուրջ մեղադրանքներ ներկայացնել գործող իշխանություններին: «Շատ ենք խոսում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Կոռուպցիայի ծավալները մեր երկրում շատ ավելի մեծ են, քան դրա դեմ մղվող պայքարները: Մենք հռչակում ենք քաղաքական առաջնահերթություն` ոչ թե խոսքով, այլ գործով պայքարել կոռուպցիայի դեմ: Ցուցաբերել կոնկրետ, ավելի հետեւողական դիրքորոշում կոռուպցիոն դրսեւորումների հետ կապված: Անարդարությունները ճագարի նման չպետք է բազմանան, որ վազենք հետեւներից ու չկարողանանք բռնել»,- հոխորտաց նա: Տպավորություն կար, թե նա դա լսեցնում է ինչ-որ կառույցների: Մանավանդ, որ ասուլիսին ներկա էին նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումների շուրջ ունեցած տարաձայնություններին, ապա, նրա խոսքերով, պետք է երկրում ժողովրդավարություն հաստատել ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործողություններով: «ՀՀ-ն սպառել է գծագրված սցենարով ընտրություններ անելու բոլոր հնարավորությունները: Եթե ուզում ենք դառնալ նորմալ, զարգացող պետություն, ունենալ մեր արժանի դեմքը, տեղը, մեր զավակները կարողանան նորմալ հայրենիքում ապրել, մենք պետք է կարողանանք առաջիկա 2 ընտրություններն էլ անցկացնել միջազգային ստանդարտներին համապատասխան: Ոմանց համար սա կարող է թվալ որպես լոկ երազ, ոմանց համար ռոմանտիկ խաբկանք, ուրիշների համար՝ պայքարի ուղի: Մենք գտնում ենք, որ պետք է պայքարենք այդպիսի ընտրությունների համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է կոալիցիոն իր նախկին գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների 3-րդ խմբին, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը, ապա Բաղդասարյանը վերստին կրկնեց, որ ՀՀ ապագան ինքը տեսնում է եվրոպական ընտանիքում եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման մեջ. «Մեզ համար եվրոպական ինտեգրացումն այլընտրանք չունեցող հեռանկար է: Մենք այս ճանապարհին կարեւորում ենք մեր երկրի կողմից ստանձնած պարտավորությունների հետեւողական կատարումն ու եվրոատլանտյան համագործակցության խորացումը: Այս ճանապարհին կարեւոր ենք համարում ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Եվ մենք չէ, որ պետք է հակադրենք արեւմտյան ու ռուսական արժեքները»:

Ընդամենը մի քանի օրում ԱԺ ՕԵԿ խմբակցությունն ու ընդհանրապես «Օրինաց երկիր» կուսակցությունը միանգամից մի քանի պատգամավոր լքեց: Բաղդասարյանի մեկնաբանմամբ, գործարար պատգամավորներն ՕԵԿ-ը լքեցին վախից: «Գործարարներն այսօր վախեցած են: Բայց ես չեմ մեղադրում գործարարներին, ես մեղադրում եմ վախի հասարակությանը: Եթե մի թեթեւ նրանք լսել են, որ տարաձայնություն կա Ա. Բաղդասարյանի եւ Ռ. Քոչարյանի միջեւ, ապա դա արդեն ինչ-որ մի փաստարկ է, որպեսզի մտածեն, թե որտեղ պետք է հայտնվեն»,- ասաց նա: Բայց ըստ Բաղդասարյանի, այդ անձնավորությունների դուրս գալն ՕԵԿ-ի վրա բացասաբար չի անդրադարձել: «Կայացած կուսակցությունները նման են երկաթյա շղթաների, որոնք իրար հետ կապված են ամուր հանգույցներով: Այն մարդիկ, ովքեր հեռացան, այդ հանգույցները չեն: Հանգույցները տասնյակ հազարավոր մարդիկ են, տասնյակ հազարավոր համախոհներն են, որոնք մեզ հետ ճանապարհ են գնում»,- կորստի ցավը փորձեց մեղմել նա: Ու քանի որ ՕԵԿ-ը պատրաստվում է այլեւս հանդես գալ որպես ընդդիմություն, լրագրողներն Ա. Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ իսկ ընդդիմությունը նրանց կընդունի՞, թե՞ ոչ: Մանավանդ, ոչ ոք դեռ չի մոռացել, որ 2004թ. ապրիլի լույս 13-ի գիշերն ԱԺ-ն վերածվել էր զորանոցի եւ այնտեղ էին տեղակայվել այդ գիշեր մարդկանց դաժան ծեծի ենթարկած զինվորները: «Մեզ գրկաբաց ոչ մի տեղ չեն ընդունել: Իշխանության մեջ էլ գրկաբաց չեն ընդունել` մտել ենք իշխանություն, առաջին օրվանից հարվածել են, ընդդիմությունն էլ է հարվածել: Եվ հիմա ընդդիմության դաշտում էլ մեզ կհարվածեն, բայց մեզ համար կարեւորը ժողովրդի գնահատականն է»,- իրենց վիճակն այսպես սրտաճմլիկ կերպով ներկայացրեց Բաղդասարյանը, բայցեւ փաստեց, որ իրենք, այնուամենայնիվ, դառնալու են ընդդիմություն, ու դա միանշանակ է: «Քաղաքական դաշնակիցներ միշտ կան, բայց այսօր չեմ ուզում խոսել վաղվա զարգացումների ու այդ դաշնակիցների մասին: Տարբեր զարգացումներ կլինեն»,- վստահեցրեց նա:

Իսկ մինչ այդ, այլեւս փլուզված կոալիցիայի մաս կազմող մյուս երկու ուժերը` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակելու են աշխատել ստորագրված քաղաքական հուշագրի շրջանակներում` համագործակցելով ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ: Ի դեպ, կարծես թե արդեն որոշվել է, թե ով է ԱԺ նախագահի պաշտոնում փոխարինելու Ա. Բաղդասարյանին: Որպես ԱԺ նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներ, այսօր շրջանառվում է ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի եւ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի անունները: Սակայն կարծես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԺ նախագահ է ընտրվելու Տ. Թորոսյանը, իսկ Կ. Կարապետյանին ԱԺ-ն ընտրելու է ԱԺ փոխխոսնակ:

Հ.Գ. Երեկ կեսօրից հետո նախագահական նստավայրում տեղի ունեցավ իշխող քաղաքական կոալիցիայի ՀՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ ձեւաչափով վերջին նիստը: Նիստից հետո, ինչպես պատմում էին ԱԺ նախագահին հանդիպած պատգամավորները, Ա. Բաղդասարյանը եղել է խիստ անտրամադիր եւ շփոթված վիճակում: Եվ այնպիսի տպավորություն է եղել, որ նույնիսկ Բաղդասարյանն է խնդրել Ռ. Քոչարյանին` թույլ տալ իրեն հրաժարական ներկայացնել: Իսկ մինչ այդ, քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը դուրս է եկել ՕԵԿ-ից: Մշակույթի նախարարի պորտֆելը չի ցանկանում լքել նաեւ Գեւորգ Գեւորգյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ՕԵԿ անդամ չէ: «Ինձ այդ պաշտոնում մշակույթի մարդիկ են առաջադրել, եւ նրանք կարող են ինձ ետ կանչել: Կամ էլ ինձ կարող է աշխատանքից ազատել այն մարդը, ով ինձ նշանակել է այդ պաշտոնում»,- ասաց Գ. Գեւորգյանը: